Բացահայտվել են Հիտլերի գաղտնի ծրագրերը ԽՍՀՄ-ի դեմ

Բացահայտվել են Հիտլերի գաղտնի ծրագրերը ԽՍՀՄ-ի դեմ
Գերմանացի պատմաբան Ռոլֆ-Դիտեր Մյուլերը համոզված է, որ Հիտլերը նախատեսել էր ԽՍՀՄ-ի վրա հարձակվել դեռեւս 1939 թվականին։ Բունդեսվերի ռազմա-պատմական հետազոտական վարչության գիտական տնօրեն Մյուլերի գիրքը հիմնված է վերմախտի արխիվից նոր գտնված կամ «մոռացված» փաստաթղթերի վրա, գրում է Независимая газета-ն։ Հղում կատարելով այդ փաստաթղթերին, պատմաբանը համոզիչ փաստարկներ է բերում, որ ֆյուրերը պատրաստվում էր Եվրոպայի ռազմական նվաճումը սկսել հենց ԽՍՀՄ-ի վրա հարձակումից։



Մասնավորապես, գիտնականը հայտնաբերել է Հիտլերի եւ ցամաքային զորքերի հրամանատար Վալտեր ֆոն Բրաուխիչի, վերմախտի գերագույն հրամանատար Վիլհելմ Կեյտելի եւ գլխավոր շտաբի ղեկավար Լյուդվիգ Բեկի՝ մինչեւ օրս անհայտ ձայնագրությունը, որի մեջ Հիտլերը գեներալներին ասել է. «Նախ մենք կավարտենք գործերն Արեւելքում, իսկ հետո ես ձեզ երեք-չորս տարի կտամ՝ Արեւմուտքում մեծ գործեր ծավալելու համար»։ Գիտնականի կարծիքով, «Արեւելքի գործեր» ասելով նացիստական ղեկավարությունը նկատի է ունեցել ոչ թե Չեխոսլովակիայի մասնատումն ու Լեհաստանի նվաճումը, այլ հարձակումը ԽՍՀՄ-ի վրա։



Ինչպես գրում է գերմանական Welt թերթը, Մյուլերի հետազոտությունը «նորովի է բացատրում» Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը։ Գիրքը բացատրում է ռեյխի ռազմական պատրաստությունների՝ մինչեւ օրս անբացատրելի հակասություններն ու թռիչքները։





top-news.am