Կալեյդոսկոպ

Կալեյդոսկոպ
Ի՞նչ է կատարվում մեր երկրում: Օրվա լրահոսի միայն թվարկումը տարակուսանքի, հուսահատության, զայրույթի, ծիծաղի անզուսպ զգացում է առաջացնում: Համեցեք՝ թվարկեմ ուշադրությունս գրաված իրադարձություններն առանց մեկնաբանությունների: Ֆրանսիայի մասոնների ղեկավարն է այցելել Հայաստան, ասուլիս է տվել, որը լուսաբանել է անգամ «Հայլուրը»: Ասել է, որ Հայաստանում պետք է մասոնական օթյակ ձեւավորվի: Սփյուռքահայ Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունն է սկսվել, որին մեղադրում են անհայր տղաներին սեռական շահագործման ենթարկելու մեջ: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն է ասուլիս տվել եւ հայտարարել է, որ վաղաժամ ընտրությունների դեպքում ՀՀ նախագահ կընտրվի Գագիկ Ծառուկյանը: Գանձասարում «եվրոռեմոնտ» են անում՝ մարմարով ու այլ ժամանակակից շինանյութով սալիկապատում են պատմական հուշարձանը, եւ նոր շարժում է սկսվել՝ «Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Գանձասարի պարսպի սալիկապատումը» կոչով: Սյունիքի մարզպետը որոշել է մեկ առանձին վերցրած մարզում լուծել օտարալեզու դպրոցների խնդիրը՝ պայմանագիր է կնքել Ռուսաստանի դեսպանի հետ եւ «կրակը» վերցրել է իր վրա. հիմա լեզվի անաղարտության դեմ պայքարողների զանգվածը հանդես է գալիս Կապանում բացվելիք ռուսական գիմնազիայի դեմ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ռազմահայրենասիրական եւ բանակային թեմաներով երգերի մրցույթ՝ նվիրված ՀՀ զինված ուժերի 20-ամյակին: Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Հայաստանի մանկավարժական բուհերի կոնսորցիումի անունից Ամենայն հայոց կաթողիկոսին է նվիրել «Բարոյախոսություն ըստ Անուշի» գոբելենը, որի վրա հեղինակը` մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշ Եղիազարյանը, աշխատել է ավելի քան 10 տարի: