Պետական սուտը կարելի է ներել, մասնավորը՝ ո՞չ

Պետական սուտը կարելի է ներել, մասնավորը՝ ո՞չ
Ինչ էլ ասենք՝ մեր կյանքը շատ «ուրախ» է անցնում. այսքան դատ ու դատաստան, այսքան վեճ ու կռիվ, այսքան իրարանցում շարքային մարդու կյանքում պատահում են հազարից մեկ, իսկ մեր կյանքում՝ ամեն օր եւ մի քանիսը: Վերջերս մեր մամուլը բուռն արձագանքեց ու տեւական ժամանակ քննության առարկա դարձրեց սերիալներից մեկի հերոսուհուն: Միտումնավոր անունը չեմ գրում, որ հերթական մեղադրանքները չստանամ, թե՝ զբաղված եք նրա PR-ով: Այս թեման օրեր շարունակ տվող-առնող լրագրողներին սկսեցին մեղադրել մանր-մունր, կենցաղային խնդիրների մեջ մտնելու, սրա-նրա անկողինը քրքրելու մեջ: Այդպես մտածողները թերեւս լավ չեն պատկերացնում թերթի ու մամուլի աշխատանքը, դերը: Չի կարող լինել մի թեմա, որ հուզում եւ հետաքրքրում է հասարակությանը, սակայն տեղ չի գտնում թերթի էջերում: Ուզում եմ մի օրինակ բերել վերջին օրերին մեր գլխով անցած իրավիճակներից:



Օրեր առաջ մենք մի աղջկա նամակ էինք տպագրել, որտեղ նա բողոքել էր, որ մի մեքենայի վարորդ իրեն առաջարկել է «քնել» հետը: Անպարկեշտ առաջարկից աղջիկը զայրացել էր ու գրել մեզ՝ նշելով ավտոմեքենայի համարը, եւ խորհուրդ էր տվել՝ «նման առաջարկ արեք ձեր շեֆերի կանանց ու աղջիկներին, ձեր քույրերին»: Անշուշտ, մեկ ուրիշը նման առաջարկին հումորով կվերաբերվեր կամ ուղղակի տեղում կուղարկեր գրողի ծոցն ու կհանգստանար, բայց աղջիկը վիրավորվել էր եւ միակ ճանապարհը տեսել էր մեզ դիմելու մեջ: Այս նամակի տպագրության օրն իսկ խմբագրություն եկավ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի վարորդը եւ ասաց, որ նամակում նշված համարն իր ավտոմեքենայի համարն է, եւ այն այնպիսի աղմուկ է բարձրացրել, որ իրեն աշխատանքից ազատում են: Այո, այո, մի զարմացեք՝ մենք կարող ենք օրեր շարունակ գրել միլիոնների յուրացումների, խայտառակ չարաշահումների մասին եւ մնալ անարձագանք, իսկ այս դեպքում ԱԺ նախագահն ու հանձնաժողովի նախագահը որոշել են մամուլի հրապարակմանն «ընթացք տալ»: Ի՞նչ արեցինք մենք: Քանի որ մենք դատարան չենք, քննչական գործառույթներ չենք իրականացնում եւ չենք էլ կարծում, որ կատարվածի համար պետք է մարդուն ազատել աշխատանքից, ուստի որոշեցինք տպագրել մարդու ասածը: Այսպես ու այսպես՝ խմբագրություն եկավ այսինչը, ասաց՝ ես նման առաջարկ չեմ արել, աղջիկը երեւի շփոթել է մեքենայի համարը: Մանավանդ՝ նոր դատական հայց ստանալու ցանկություն էլ բոլորովին չունեինք, եւ հասկանալի է, որ աղջկա ասածն այս պարագայում անապացուցելի է:



Բայց ամենահետաքրքիրն առջեւում է. բացում եմ «Ֆեյսբուքը», ու աչքիս է զարնում մեր վերը նշված տեղեկատվությունն ու դրա տակ ծավալված քննարկումը: Տարբեր կարծիքների մեջ մի կին կամ աղջիկ գրում է. «Ի՞նչ հիմք ունեք, որ աղջիկը չի ստում: Եթե այդքա՜ն վիրավորված է, թող դիմի ոստիկանություն, թե չէ սա սովորական շանտաժ է: Ոչ մի ապացույց չի ներկայացնում, գոնե հեռախոսով նկարեր: …Ախր ոչ թե թույլ, այլ ընդհանրապես սա լրագրություն չի: Օրը եթե մի հարյուր նման հեռախոսազանգ գա, ձեր թերթը բավական յուրօրինակ կդառնա ու մեծ ընթերցողների քանակ կունենա…»:



Փորձեցի բացատրել, թե ինչու է «Հրապարակը» տպագրում նման նամակները, սակայն մարդկանց շատ քիչ մասն է ընդունակ հընթացս կարծիք փոխելու, ուրիշի տեսակետը լսելու: Գրում եմ՝ հարգելիս, թերթը մագաղաթ չի, ոչ էլ քրեական գործի հատորյակ, ոչ էլ դասագիրք, որ միայն հաստատված ճշմարտություններ տպի: Թերթը մարդու համար է, այդ թվում՝ նամակագիր աղջկա համար, որն իրավունք ունի իր կարծիքն արտահայտել, ինչ-որ բան պատմել, ինչ-որ հարց բարձրացնել: Գուցե ինքս էլ այդ իրավիճակում չդիմեի թերթին, բայց ես հարգում եմ մեզ դիմած ցանկացած մարդու իրավունք: Իսկ ի՞նչ է՝ միայն պետք է պաշտոնական հաղորդագրություննե՞ր տպենք: Ինչո՞ւ չեք վիրավորվում, երբ պետական պաշտոնյան, պատգամավորը, օլիգարխն ու կուսակցական գործիչը հրապարակայնորեն ստում են, եւ մենք՝ բոլոր լրատվամիջոցներս, համերաշխ տիրաժավորում ենք այդ սուտը, կեղծիքը, երեսպաշտությունը: Դա նորմալ է՝ դա պետական սուտ է, իսկ եթե մի կոնկրետ մարդ ինչ-որ բան է ասում՝ կասկածում եք եւ կոչ անում չտպագրել, մինչեւ իրեղեն ապացույցներ չներկայացնի, ասենք՝ տեսագրություն: Ես, անկեղծ ասած, պատրաստ եմ տպագրել շարքային մարդու ցանկացած կարծիք, սակայն Տիգրան Սարգսյանի, Գալուստ Սահակյանի, Սերգո Կարապետյանի, Հովիկ Աբրահամյանի, մյուսների կարծիքները տպելուց, կարդալուց, լսելուց հոգնել եմ: Ի վերջո, սրանք մեր հասարակության ամենապաշտպանված, ամենից շատ ամբիոն ունեցող մարդիկ են, եթե մի ասուլիս ու հարցազրույց էլ պակաս տպագրվի, ոչ մի ողբերգություն տեղի չի ունենա: Իսկ այս աղջիկը, որ վստահել է մեզ, խնդրում է գրենք կատարվածի մասին, հույս ունի, որ մեր գրելուց հետո մարդը գոնե բարոյական պատասխանատվության կենթարկվի, ինձ համար շատ թանկ ու հարգելի անձ է: Նրա խնդրանքը՝ եթե շատ անընդունելի չէ, ամենից առաջ ու ամենայն պատասխանատվությամբ կատարելու ենթակա է: Կարող է ստո՞ւմ է: Այո՝ ոչ ոք երաշխիք չունի, որ մարդը չի ստում: Բայց ես հասարակ մարդուն ավելի շատ եմ հավատում, քան պետական, կուսակցական, տնտեսական, հասարակական ու չգիտեմ էլ ինչ գործիչներին: Եվ «Հրապարակն» էլ, կարծում եմ, պետք է իր անվանը հավատարիմ լինի եւ լսի, արտացոլի, օգնի հենց շարքային քաղաքացիներին: