Ազնավուրը եկավ-գնաց՝ խաբար չեղանք

Ազնավուրը եկավ-գնաց՝ խաբար չեղանք
Հայաստանում Ֆրանսիայի նախագահի պետական այցի շրջանակներում նախագահներ Սարկոզիի եւ Սարգսյանի ներկայությամբ եւ անձամբ Շառլ Ազնավուրի մասնակցությամբ ուրբաթ օրը Երեւանում Կասկադի տարածքում բացվեց Ազնավուրի տուն-թանգարանը: Բայց դրա մասին մեզ «բախտ» վիճակվեց իմանալ ոչ թե անձամբ շանսոնիեի թանգարանի բացմանը մասնակցելով, այլ օրվա վերջում հեռուստացույց դիտելով: Իսկ խնդիրն այն էր, որ նախօրեին մենք փորձում էինք ընդգրկվել այդ իրադարձությունը լուսաբանող լրագրողների շարքում, սակայն ոչ ՀՀ նախագահականից, ոչ Ֆրանսիայի դեսպանատնից չկարողացանք տեղեկություն ստանալ եւ մտնել «արտոնյալների» ցուցակը:



Իսկ օրվա վերջում դեսպանատնից դժկամորեն պատասխանեցին, որ բոլորը գնացել են Սարկոզիին դիմավորելու ու տեղյակ չեն, թե Ազնավուրը վաղը երբ կժամանի: Նույնը՝ նախագահականի դեպքում, որտեղ պատրաստ էին Սարկոզիի օրակարգից մանրամասներ ասել, բայց Ազնավուրի հետ կապված՝ ոչ, պարզվեց՝ Ազնավուրի գրաֆիկին նախագահականում «տեղյակ» չէին:



Հավանաբար Ազնավուրի՝ «Nouvelles d’Armenie»-ին տված վերջին հարցազրույցից հետո, որտեղ նա քննադատել էր այսօրվա իշխանություններին, նրա գործոնը ԼՂՀ հակամարտության մակարդակի էր բարձրացվել, եւ հույժ գաղտնի էին պահում նրա այցի մանրամասները՝ ամեն ինչ անելով, որ լրագրողները նրան ուղիղ չհանդիպեն եւ չկարողանան հարցեր ուղղել ու պարզել, թե ամսագրում արտահայտված մտքերն ինչով են պայմանավորված:



Եվ մասնավորապես, իշխանությունների նկատմամբ միշտ չեզոք վերաբերմունք ունեցող Ազնավուրին ինչն է դրդել, որ նա նման խիստ խոսքեր է ասել ու քննադատել մաֆիային ու արտագաղթը:



Այսքանից հետո պարզ մի հարցադրում է առաջանում՝ ո՞ւմ համար էր եկել Ազնավուրը, ինչո՞ւ մեր քաղաքում տեղի ունեցող նմանօրինակ մշակութային օջախի բացման մասին լրատվամիջոցներին տեղյակ չեն պահում, ավելին՝ սահմանափակում են լրագրողի տեղեկություն ստանալու եւ փոխանցելու իրավունքը:



Ի վերջո ովքե՞ր էին այն ընտրյալները, մասնավորապես TV-ները, որոնք արժանացան Ազնավուրի եւ Ազնավուրի տուն-թանգարանի բացման արարողությանը ներկա գտնվելուն: Թերեւս սրանք հռետորական հարցադրումներ են: