Որն է գաղտնիքը

Որն է գաղտնիքը
Գրեթե ամեն օր զարմանում եմ ու չեմ կարողանում հասկանալ ԲՀԿ-ի ֆենոմենը: Ինչպե՞ս է հաջողվում այս կուսակցությանը, լինելով իշխանության մեջ, ընդդիմադիրի իմիջ ձեւավորել, իր շուրջ համախմբել հասարակության դժգոհ խավերի ներկայացուցիչներին: Անգամ, երբ ԲՀԿ առաջնորդը կոալիցիոն հուշագիր է ստորագրում եւ հայտարարում, որ իրենց եւ ՀՀԿ-ի միջեւ տարաձայնություններ չկան, այդ բոլորն այս «խառնակիչ» լրատվամիջոցների հորինածն է: Անգամ, երբ նա մասնակցում է իշխանական միջոցառումներին, եւ ԲՀԿ պատգամավորները կողմ են քվեարկում իշխանական օրինագծերին: Անգամ, երբ հրապարակավ ու բոլոր առիթներով ցույց են տալիս իրենց նվիրվածությունն իշխանական պայմանավորվածություններին, միեւնույն է՝ հասարակ մարդիկ շարունակում են հույսեր կապել Գագիկ Ծառուկյանի հետ եւ պատրաստ են նրան տալ իրենց ձայները: Ո՞րն է գաղտնիքը: Ի՞նչ մեխանիզմների է տիրապետում կրթված ու գրագետ մարդու համարում չունեցող Գագիկ Ծառուկյանը, որին մեր քաղաքական գործիչներից շատերը թերագնահատում են, բայց որոնք նրա ունեցած ձայների ու հեղինակության անգամ մեկ տոկոսը չունեն: Թերեւս պատճառն այն է, որ նրանք բոլորը մի կարեւոր թերություն ունեն՝ մեծամիտ են եւ ժողովրդի հետ շփվել, նրա ձայնը լսել, նրա կարիքներն ու հոգսերը կիսել չեն ուզում: Եվ բանն այն չէ, որ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն կիսում են, հասկանում են, շփվում են: Բանն այն է, որ նրանք կարողացել են այդպիսի տպավորություն ստեղծել եւ այդպիսի իմիջ ձեւավորել: Այն ուժերը, որոնք ամբիոններից ու հրապարակներում ժողովրդի գլխին դասախոսություն են կարդում, արհամարհում նրա կարծիքն ու ամեն կերպ ցույց տալիս, որ նրանից շատ են հասկանում, դատապարտված են պարտության եւ դառը հիասթափության: