Մաքսիմում եւ մինիմում ծրագրերը

Մաքսիմում եւ մինիմում ծրագրերը
ԲՀԿ-ում կոալիցիա մտնելու մաքսիմում-մինիմում ծրագիր է գործում: Մաքսիմումն անիրագործելի է, որովհետեւ վարչապետի փոփոխության եւ նրա փոխարեն Ռոբերտ Քոչարյանի խնդիր է դրված: Մաքսիմում ծրագիրը պատճառաբանվում է նրանով, որ եթե 2007-ին ԲՀԿ-ն ստացել էր երկու հարյուր հազար ձայն, այս ընտրություններում՝ հինգ հարյուր հազար, դե ֆակտո-դե յուրե երկրում դառնալով երկրորդ հզոր ուժը, ուստի լիարժեքորեն կարող է հավակնել վարչապետի մանդատին:  Առավել հավանականը մինիմում ծրագրի իրականացումն է: Չնայած Ծառուկյանի ու նրա թիմակիցների պնդմանը, թե իրենք պորտֆելների համար չէ, որ պայքարում են, իրականում ԲՀԿ-ն ցանկանում է իր տնտեսական-բիզնես ստատուսի պահպանում, եւս երկու նախարարական պորտֆել, ինչպես նաեւ ԱԺ նախագահություն Հովիկ Աբրահամյանի համար, եւ ձգտում է, որ Գագիկ Խաչատրյանը պահպանի իր պորտֆելը:



Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը, բացի ՀՀԿ շտաբից, նաեւ Արարատի մարզի պատասխանատուն էր, իսկ Գագիկ Խաչատրյանը` Շիրակի մարզի. ԲՀԿ-ն այս մարզերում լուրջ ձայներ է հավաքել: Ըստ հավաստի աղբյուրների` Սերժ Սարգսյանը ԲՀԿ մինիմում ծրագրի որոշ կետերում անդրդվելի է ու ասել է` սա՛ է. ուզում են-չեն ուզում, իրենք գիտեն:



Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 25-26-ին` կոալիցիոն վերջնական առաջարկ-պայմանավորվածություններով հանդերձ: Չնայած փորձագետների մեծ մասը պնդում է, որ նրանք էն գլխից էլ իրար հետ պայմանավորված են խաղացել, պարզապես ժամանակ էր պետք ԲՀԿ-ն «մաքրելու», անհարկի բալաստից ազատվելու համար: