Դեռ չի ծանոթացել Բագրատյանի ծրագրին

Դեռ չի ծանոթացել Բագրատյանի ծրագրին
Այս տարվա նախագահական ընտրությունների ինտրիգը կարծես Հայ ազգային կոնգրեսի պառակտումն ու դրանից անջատված ուժերի միջեւ առճակատումն է: Ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան թեժանում է միմյանց սեւացնելու գործընթացը  Կոնգրեսից անջատված ու չանջատված ուժերի միջեւ: Արդեն բանը հասել է  միմյանց բացահայտորեն եւ անխնա  վարկաբեկելուն:



 



Ճիշտ այնպիսի տոնով ու բնութագրումներով, ինչպես ժամանակին ընդդիմադիրները պատերազմում էին հանցավոր ռեժիմի դեմ:  Սակայն այս մարտահրավերների մեջ հայտնված որոշ գործիչներ իրենց զգում են, այսպես ասած, երկու քարի արանքում: Նրանք չգիտեն ինչպես պահեն իրենց՝ կապված Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու, ընդդիմության նահանջի, ԲՀԿ-ի նկատմամբ վերաբերմունքի,  Հրանտ Բագրատյանի առաջադրվելու հետ: Այս իրավիճակում հայտնվածների թվում է նաեւ ազատամարտիկ, նախկին պատգամավոր եւ քաղբանտարկյալ  Սասուն Միքայելյանը, ով դեռ հայտարարությամբ հանդես չի եկել իր դիրքորոշման մասին, թեեւ խոստացել էր դա անել տարեվերջին:  Թե ինչն է խանգարում Սասուն Միքայելյանին  ՀԱԿ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ  հայտարարությամբ հանդես գալ, երեկ հետաքրքրվեցինք իրենից:



 



Սակայն  նա վերստին հայտարարեց, որ ամեն ինչ պարզ կլինի առաջիկայում:  «Ամեն ինչ իր ժամանակին, ոչ շտապում եմ, ոչ էլ»,- ասաց Միքայելյանը՝ չմատնանշելով հապաղելու պատճառը: Իսկ ընդհանրապես ի՞նչ դիրքորոշում է ունենալու իրենց դաշտի միակ ընդդիմադիր թեկնածուի, ՀԱԿ անդամ Բագրատյանի  առաջադրման հետ կապված, կսատարի՞ արդյոք նրան: «Ես հլը ոչ մեկի ծրագրերին ծանոթ չեմ, կնայեմ, կորոշեմ,  տեղյակ կպահեմ՝ պաշտպանելու եմ, թե ոչ»,-հերթապահ ֆրազն ասաց Միքայելյանը՝ կրկին հավելելով, թե առաջիկա օրերին հանդես կգա քաղաքական հայտարարությամբ: