Անտոնյանն ասել է, որ ձեզ դպրոց չթողնեմ

Անտոնյանն ասել է, որ ձեզ դպրոց չթողնեմ
Աիդա Մնացականյանը շուրջ 30 տարի տնօրեն է աշխատել նախ Երեւանի թիվ 116, ապա 115 դպրոցներում: «Տարիքս լրացավ, 65 տարեկան դարձա, եւ 20.09.2011թ. ինձ տնօրենի պաշտոնից ազատեցին, բայց կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանի միջնորդությամբ թիվ 115 դպրոցի նոր տնօրեն Գոհար Անտոնյանն ինձ նշանակեց փոխտնօրեն: Իսկ 01.12.2011թ. ազատեց աշխատանքից»,- ասում է Աիդա Մնացականյանը եւ տեղեկացնում, որ տնօրենի գործողությունները բողոքարկել է ՀՀ աշխատանքի պետական տեսչությունում. «Որն իր 21.12.2011թ. որոշմամբ արձանագրել է, որ տիկին Գոհար Անտոնյանն ինձ հետ աշխատանքային փոխհարաբերություններում թույլ է տվել ՀՀ աշխատանքային օրենսդրության խախտումներ, եւ պարտավորեցրել է վերջինիս վերացնել դրանք»:Փորձելով ուղղել կատարված սխալը՝ տիկին Անտոնյանը տիկին Մնացականյանին կրկին ընդունել է աշխատանքի, որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ՝ 2012թ. հունվարի 23-ից մինչեւ մայիսի 25-ը ժամանակահատվածով: «Սակայն 24.01.2012թ. Անտոնյանն արձակել է մեկ այլ հրաման, որով անվավեր է ճանաչվել ինձ լեզվի եւ գրականության ուսուցիչ նշանակելու հրամանը: Իսկ առաջին օրը, որ մտել եմ դասարան, դեռ միջանցքում, աշակերտների ներկայությամբ, ինձ վիրավորեց՝ ասելով, թե 65 տարեկան ես, գնա-վեր ընկիր տանդ, հերիք է… չեմ ուզում այդ մասին խոսել: Ես ահավոր վիրավորվեցի, վատացա, նույնիսկ հիվանդանոց պառկեցի»,- հուզված պատմում է Աիդա Մնացականյանը:



Նաեւ պատմում է, որ դպրոցի պահակը դուռը բանալիով ներսից փակել եւ չի բացել իր առջեւ. «Հարցնում եմ՝ Սիլվա, ի՞նչ է պատահել, լաց լինելով ասում է. տիկին Մնացականյան, Անտոնյանն ասել է, որ Ձեզ դպրոց չթողնեմ: Մտնում եմ իր մոտ, հարցնելով՝ Դուք այդպիսի բա՞ն եք ասել, պատասխանում է՝ այո, զարմացած հարցնում եմ՝ ինչո՞ւ եք այդպիսի բան ասել: Նա էլ, թե՝ դուրս եկեք, հիմա ոստիկանություն կզանգահարեմ, եւ ձեռքը տարավ հեռախոսին, ասում եմ՝ զանգահարիր, հետաքրքիր է, թե ինձ ինչ պետք է անի ոստիկանությունը: Վեր կացավ, թեւիցս բռնեց եւ դուրս շպրտեց»:



Այդ ամենին իբրեւ հավելում՝ տիկին Մնացականյանը նաեւ նշեց. «Անտոնյանն անընդհատ պարծենում է, որ ինքն անձեռնմխելի է, որ իրեն հնարավոր չէ որեւէ բան անել»: Աիդա Մնացականյանը փորձել է դատական ատյանների միջոցով լուծել հարցը՝ այդպես հասնելով արդարության, սակայն. «Առաջին ատյանի դատարանը հօգուտ ինձ վճիռ կայացրեց, իսկ վերաքննիչ դատարանը կայացրեց հակառակ վճիռը»:



Մենք փորձեցինք նաեւ լսել Երեւանի թիվ 115 դպրոցի ներկա տնօրեն Գոհար Անտոնյանին, վերջինս հակիրճ պատասխանեց. «Խնդրի վերաբերյալ վերաքննիչ դատարանը, վճռաբեկ դատարանը իրենց որոշումները կայացրել են, որ ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում, եւ որեւէ մեկնաբանություն տալ, ըստ իս, ճիշտ չէ»:



Սակայն մենք կփորձենք մեկնաբանել. այս պատմությունն այն օրինակն է, որ ցույց է տալիս, թե ինչպես են մեր երկրում վարձահատույց լինում 30 տարի դպրոցի տնօրեն աշխատելու դիմաց: Ինչ վերաբերում է երիտասարդ տնօրինուհուն, ապա նրան հավանաբար թվում է, թե ինքը թոշակի տարիքի չի հասնելու եւ մի օր չի կանգնելու պարապ մնալու վտանգի առաջ:



 



Ֆելիքս  ԵՂԻԱԶԱՐՅԱՆ