Մարզպետը ստիպում է բուժաշխատողներին

Մարզպետը ստիպում է բուժաշխատողներին
Երեկ Արարատի մարզի բուժհաստատության աշխատակիցներից մեկից տեղեկություն ստացանք, որ մարզպետ Էդիկ Բարսեղյանը, նույն ինքը՝ Լոնդիկը,  կուսակտիվի հետ պարբերաբար ժողովներ անցկացնելուց բացի այլեւս կազմակերպում է մարզային այլ հիմնարկների կոլեկտիվների մասնակցությամբ հավաքներ եւ անձամբ խիստ հրահանգ իջեցնում ձայն տալ Սերժ Սարգսյանին:



 



Երեկ հերթը Արտաշատի հիվանդանոցների եւ բուժհաստատությունների աշխատակիցներինն է եղել: Ինքը՝ մարզպետը, մեզ հետ զրույցում հաստատեց կայացած հանդիպման փաստը, սակայն ասաց, որ բոլորովին այլ նպատակով է եղել: Մեր զրույցը Լոնդիկի հետ:



 



- Բացարձակ ընտրությունների մասին խոսակցություն չի եղել, Բժշկական ինստիտուտի ռեկտորն է եկել, Նարիմանովը: Ընտրությունների մասին ոչ մի խոսակցություն չի եղել բացարձակապես, քննարկվել են համակարգին հուզող հարցեր: Հարց է բարձրացվել, թե ինչու մեր մարզում չկա հանգուցային սոնոգրաֆ, ինչի ինստիտուտը չունի անվճար վերապատրաստման կուրսեր, նաեւ ինչի մարզում չկան համապատասխան սարքավորումներ, որ մարզի բնակիչները Երեւանի կլինիկաներում են հետազոտություններ անցնում: Այսպիսի հարցեր են շոշափվել: Ինքը խոսել է միայն առողջապահության թեմայով, եւ ընտրությունների մասով բացարձակ խոսակցություն չի եղել, ով որ ձեզ ասել է, զապիս արեք ինձ, որ պատասխան տաք: Ասեմ ավելին՝ ինքը ընտրություններից հետո գնալու է բոլոր մարզերը, մենք մարզպետներով ենք էդ խնդիրը բարձրացրել:



 



- Պարոն Բարսեղյան, իսկ ինչո՞ւ Ձեր մարզում ընտրություններից առաջ եղավ այդ հանդիպումը: Ձեր ղեկավարած մարզից պարբերաբար լուրեր են հասնում, որ Դուք շուտ-շուտ հավաքներ եք կազմակերպում եւ կտրուկ հարցը դնում…



 



- Ես հիմա ձեզ վստահեցնում եմ եւ ամենայն պատասխանատվությամբ, որ եղել է ընդամենը մասնագիտական հավաք:



 



- Ուզում եք ասել, որ Դուք շահագրգռված չեք Սերժ Սարգսյանի օգտին բարձր ցուցանիշ ապահովելու մեջ եւ ոչ մի բան չե՞ք նախաձեռնում ընտրությունների հետ կապված:



 



- Դե հիմա բոլորն են շահագրգռված, դու չե՞ս ուզում լավ հոդվածներ գրես, որ թերթն իրացվի:



 



- Նույնիսկ վարչական լծակների եւ այլնի… (հարցն անավարտ է մնում):



 



- Բոլոր պայմանները ես կստեղծեմ, որ ձեր բոլոր թղթակիցները ընտրատեղամասերում հետեւեն ընտրական գործընթացին, եւ բոլորիդ վստահված անձանց փաստաթուղթ կտամ դրա համար, որպեսզի ընթացքը նայեն:



 



- Պարոն Բարսեղյան, բայց ասում են, որ Դուք հիմիկվանից եք սկսել սպառնալիքների լեզվով խոսել, որպեսզի հետոն լավ լինի:



 



- Դե հիմա շատ բան են ասում, ասում են՝ թող ասեն, ասելն ի՞նչ է նշանակում, կոնկրետ պետք է փաստով խոսես: Ցավալին նա է, որ այդ սպառնալիքների մասին խոսակցությունները մենակ ձեզնից եմ լսում:



 



- Ձեր մարզում առանցքային դեմքերը, այսինքն դերակատարները շատ են՝ Հովիկ Աբրահամյան, Ալիկ Սարգսյան, հիմա ո՞ւմ վրա է խնդիր դրված….



 



- Ոչ մեկի վրա էլ խնդիր դրված չէ, օրենքին համապատասխան քարոզարշավ ենք իրականացնում, ես ՀՀԿ մարզային խորհրդի նախագահն եմ, գտնվում եմ հերթական արձակուրդում, դաժե պետական մեքենան էլ ես չեմ օգտագործում նախընտրական քարոզարշավին:



 



- Եթե արձակուրդում եք, այսօրվա հավաքին ինչո՞ւ էիք մասնակցում:



 



- Հավաքին մասնակցում եմ… նա Բժշկական ինստիտուտի ռեկտորն էր, եւ ես ընդամենը… 40 րոպե ելույթներ ունեցողներ չեն եղել, ինքը ներկայացրել է բժշկական բաներից, եւ քանի որ առողջապահության եւ մարզի պատասխանատուն եմ, ես հարցեր եմ տվել, ինքն էլ պատասխանել է:



 



- Պարոն Բարսեղյան, իսկ ըստ Ձեզ՝ Դուք Ձեր ղեկավարած մարզում, Սերժ Սարգսյանի բառերով ասած, ի՞նչ թիվ կխփեք:



 



- Մեր մարզում նման խոսակցություն չի եղել, ես չեմ էլ լսել, որ ինքն էդպիսի բան է ասել, ես չգիտեմ դա որտեղից են ասում, ցտեսություն…



 



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ