Գիզիրյանը սեւ ցուցակո՞ւմ

Գիզիրյանը սեւ ցուցակո՞ւմ
Որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան ուժգնանում  է բարձրաստիճան պաշտոնյաների ու առանցքային դերակատարում ունեցողների տագնապը, քանի որ սպասվում են լուրջ վերադասավորումներ: Մասնավորապես ավելի տագնապած են նրանք, որոնք Սերժ Սարգսյանի սեւ ցուցակում են հայտնվել դեռեւս պատգամավորական ընտրությունների ժամանակ:



 



Օրինակ, մարզպետներից նման վիճակում է Շիրակի մարզպետը՝ Աշոտ Գիզիրյանը, ումից ՀՀԿ-ն դժգոհ է մնացել: Դեռեւս պատգամավորական ընտրությունների ժամանակ խոսվում էր, որ Գիզիրյանը ծպտյալ ԲՀԿ-ական է, եւ Շիրակի մարզում ԲՀԿ-ի տարած մեծաքանակ  քվեների մեջ իր լուման ունի նաեւ նա, ուստի հայտնվել է սեւ ցուցակում, սակայն Սերժ Սարգսյանը կոշտ քայլերի չգնաց: Բայց դա չի նշանակում, որ դժգոհությունը վերափոխվել է գոհունակության: Դա հատկապես ընդգծվել է քարոզարշավի շրջանակում վերջերս Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ: Ըստ տարածված լուրերի, Սերժ Սարգսյանը կոշտ զրույց է ունեցել Գիզիրյանի հետ՝ մասնավորապես Արթիկ այցելելուց հետո: Ժողովրդի դժգոհությանը հանդիպելով՝ նախատել է Գիզիրյանին, թե ամենից շատ ֆինանսավորվում է այս մարզի բյուջեն, սակայն ամենից շատ դժգոհություն այստեղի բնակիչներն են ներկայացնում: Ասում են՝ Ազատիչը չի մոռացել նաեւ Արթիկում ԲՀԿ-ական թեկնածուների հաղթանակը:  Խորհրդարանական  ընտրությունների ժամանակ  այստեղ ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանին, Արթիկի քաղաքապետի եղբորը հաղթեց ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը, իսկ Արման Սահակյանին՝ Սամվել Բալասանյանը:



 



Այդ ժամանակ Գիզիրյանն արդարացել էր, թե Վարագյաններն աշխատող չեն, ժողովուրդն իրենց  չի սիրում, այդ պատճառով ընտրեցին Պետոյանին: Այսինքն, դա իր՝ մարզպետի մեղքով չէր: Բայց բոլորի համար էլ պարզ է, որ նման հաղթանակներն ու պարտություններն անմիջապես պայմանավորվում են մարզպետի տրամադրվածությամբ ու տարած աշխատանքով: Ինչեւէ, պատգամավորի փոփոխությունից հետո էլ այստեղ դժգոհության մթնոլորտը չի փոխվել, եւ դա արտահայտվել է նաեւ Սերժ Սարգսյանի հանդեպ: Եվ դա Ազատիչը վերագրել է Գիզիրյանի անտարբերությանը: Այս լուրերի շարունակությունն էլ այն է, որ մարզպետների փոփոխության շարքում Գիզիրյանը ծիծեռնակն է լինելու: Սերժ Սարգսյանի վերաբերմունքի մասին փորձեցինք լսել անձամբ Աշոտ Գիզիրյանին, սակայն նա ասաց, թե հոգեհանգստի է մասնակցում, եւ հարմար չէ խոսելը: Որոշ ժամանակ անց մեր հեռախոսազանգին պատասխանեց ինչ-որ մեկը՝ ասելով, թե Գիզիրյանին հարմար չէ խոսելն ընդհանրապես: