Սրանց հախից մենակ Հիսուս Քրիստոսը կգա

Սրանց հախից մենակ Հիսուս Քրիստոսը կգա
Ազգային ժողովի տարածքում հայտնված՝ դանակով զինված եւ Հիսուս Քրիստոս ներկայացած 25-ամյա Վրեժ Գալստյանը, ինչպես նաեւ նրա ընտանիքի որոշ անդամներ տառապում են հոգեկան հիվանդությամբ: Ամիսներ առաջ էլ, ըստ նրանց հարեւանների, Վրեժը, որը բնակվում է Մասիս քաղաքում, ցանկացել է կացնահարել հարազատ մորը, ապա բակ է դուրս եկել եւ սպառնացել բակում խաղացող երեխաներին: Երեկ հայտնի միջադեպից հետո այցելեցինք  «փրկչի» բնակավայր Մասիս քաղաք:



 



Նշենք, որ երեկ, 14:30-ի սահմաններում մեր լրագրողն ԱԺ ճաղավանդակի դրսի կողմից կրակոցի ձայն է լսել, ապա ականատես է եղել, թե ինչպես է հրազենային վնասվածք ստացած երիտասարդը թավալվում ԱԺ նախաշեմին: Նրան ԱԺ ընդունարանում կցկտուր պարզաբանումներ էին տվել, թե երիտասարդն առանց անցագրի ցանկացել է ներս մտնել ԱԺ տարածք եւ բազմաթիվ մերժումներից հետո ճողոպրել, որից հետո անվտանգության աշխատակիցները վազել են նրա հետեւից՝ նախ օդ կրակել, ապա կրակել երիտասարդի ոտքին: Որոշ ժամանակ անց տեղեկություններ տարածվեցին, թե երիտասարդը ճաղավանդակների վրայով է մագլցել, նույնիսկ գրվեց այն տարբերակի մասին, թե նա անցաթուղթ է ունեցել ինչ-որ մեկի կողմից: Դեպքից մի քանի ժամ անց տարածվեց Գլխավոր դատախազության հաղորդագրությունը.



 



«Քաղաքացի Վ. Գալստյանը, չենթարկվելով անվտանգության ծառայության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել եւ ապօրինի մուտք  գործել ՀՀ Ազգային ժողովի տարածք, ապա դանակ գործադրելու սպառնալիքով փորձել է մուտք գործել նաեւ ԱԺ վարչական շենք»։ Ըստ դատախազության, նա չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների օրինական պահանջներին եւ իր ապօրինի գործողությունները չի դադարեցրել նաեւ նախազգուշական կրակոցից հետո։ Ուստիեւ քաղաքացու տեղաշարժը կանխելու եւ նրան վնասազերծելու նպատակով անվտանգության աշխատակիցը հրազենից կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ գոտկատեղից ներքեւ, ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում պատճառելով միջանցիկ հրազենային մարմնական վնասվածք։ Ակնհայտ է, որ փորձել են այնպես ներկայացնել, որ այլ ելք չի եղել, քան ԱԺ տարածք մտած անձի վրա կրակելը: Դանակն առգրավվել է, քաղաքացին՝ տեղափոխվել հիվանդանոց: Վնասվածքը, ըստ թիվ 1 կլինիկայի բժիշկների, միջանցիկ է, վիրահատական միջամտություն չեն կատարել, առողջական վիճակը երեկ երեկոյան գնահատվում էր կայուն, բավարար:



 



ՄՈՒԹ ԴՐՎԱԳՆԵՐ



 



Այս պատմության անհասկանալի դրվագներից առաջինն այն է, որ իրականում անցակետից մոտ 300-400 մետր հեռավորության վրա գտնվող դեպքի վայրում հայտնվելու համար կամ պետք է աննկատ անցնել՝  խույս տալով հսկողություն իրականացնողների ուշադրությունից, ինչը պրակտիկորեն անհնարին է, կամ՝ անցագրով, այլապես, ըստ պաշտոնական վարկածի, նրան կարելի էր վնասազերծել հենց ԱԺ մուտքի մոտ: Ինչեւէ, դեպքից հետո որոշեցինք այցելել Մասիս քաղաք: Քաղաքապետ Սաշիկ Հակոբյանից տեղեկացանք, որ Գալստյանների ընտանիքը մոտ 4-5 տարի առաջ է Վայոց Ձորի մարզից տեղափոխվել Մասիս քաղաք: Քաղաքապետը նույնպես տեղյակ էր այս երիտասարդի հիվանդության մասին: Միջադեպի հերոսի բնակարան մտնել չհաջողվեց: Ժամը 16-17-ի սահմաններում ոչ ոք չարձագանքեց մեր թակոցներին: Հարեւաններն էլ շատ բան չգիտեին այս ընտանիքի մասին: Ոմանք նույնիսկ նրանց չէին ճանաչում: «Ինքնամփոփ մարդիկ են, չշփվող»,- ասաց նրանցից մեկը՝ չցանկանալով ներկայանալ:



 



Նա պատմեց, որ Վրեժի մայրը եւ հայրը նույնպես հոգեկան խնդիրներ ունեն, նրանց երկու որդիներն էլ բնակվում են արտերկրում եւ, հավանաբար, հոգում այս ընտանիքի ծախսերը: «Անցած տարի էլ մորն ու բակի երեխաներին էր ուզեցել կացնահարել: Հետո լսեցինք, որ եղբայրները հորն ու էդ տղային տարել են իրենց մոտ: Ամիսներ հետո նորից տեսանք Վրեժին, ասացին՝ դզվել է, առողջացել: Բայց դե էդ առո՞ղջ մարդու արած ա»,-  զարմացավ նա: Կինը պատմեց, որ Վրեժի մոր հետ շենքի բոլոր հարեւանները ոչ միայն խուսափում են շփվել, այլեւ նույնիսկ չեն բարեւում. «Բարեւում ես, հարցնում է՝ խի՞ ըտենց բարեւեցիր, էդ տոնով: Մի խոսքով, ամիսը մի անգամ էլ չենք տեսնում էս մարդկանց: Իրանց տանը փակված ապրում են»: