Ի՞նչ է ԵՄ ընդհանուր անվտանգության եվ պաշտպանության քաղաքականությունը

Ի՞նչ է ԵՄ ընդհանուր անվտանգության եվ պաշտպանության քաղաքականությունը

ԵՄ Ասոցացման համաձայնագրի 2-րդ Հիմունքները վերաբերում են քաղաքական երկխոսությանը, բարեփոխմանը եւ ասոցիացիային ԵՄ եւ համաձայնագիրը կնքող երկրի միջեւ: Սա ճիշտ այն հատվածն է, որը ՀՀ նախագահին հաջողվում է տարբերել համաձայնագրի մյուս հատվածներից (հավանաբար, վերնագրում առկա «քաղաքական երկխոսություն» բառակապակցության պատճառով) եւ անվերջ կրկնել, թե Հայաստանը դա ստորագրելու է:



 



Ճիշտն ասած, եթե Հայաստանն այս հատվածն ստորագրելու է, մնացյալի մասին կարելի է չանհանգստանալ: Հենց այս հատվածում է խոսվում արտաքին եւ անվտանգության ոլորտներում համատեղ քաղաքականություն ծրագրելու եւ վարելու, ԵՄ քաղաքացիական եւ ռազմական գործողություններում ընդգրկվելու, վերջապես CSDP Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության մասին:



Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք ԵՄ-Ուկրաինա համաձայնագրի 2-րդ Հիմունքների որոշ հոդվածներ:



 



ՀԻՄՈՒՆՔՆԵՐ 2



Քաղաքական երկխոսություն եւ բարեփոխում, քաղաքական ասոցիացիան, համագործակցությունը եւ միակցումն արտաքին եւ անվտանգության ոլորտում



 



Հոդված 4



Քաղաքական երկխոսության նպատակները



1. Փոխադարձ հետաքրքրության բոլոր ոլորտներում առավել ընդլայնվելու եւ ամրապնդվելու է քաղաքական երկխոսությունը Կողմերի միջեւ: Սա նպաստելու է արտաքին եւ անվտանգության խնդիրների շուրջ աստիճանական միակցման` նպատակ ունենալով  Ուկրաինան ավելի խորն ընդգրկել եվրոպական անվտանգության գոտում:



2. Քաղաքական երկխոսության նպատակները պետք է լինեն.



ա) խորացնել քաղաքական ասոցիացիան, մեծացնել քաղաքական եւ անվտանգության քաղաքականության միակցումը եւ արդյունավետությունը



բ) սատարել միջազգային կայունությունը եւ անվտանգությունը, որը հենվում է արդյունավետ բազմակողմ մասնակցության վրա 



գ) Կողմերի միջեւ ավելի ամրացնել համագործակցությունը եւ երկխոսությունը միջազգային անվտանգության եւ ճգնաժամերի կարգավորման հարցերում, հատկապես դիմագրավելու  գլոբալ եւ տարածաշրջանային մարտահրավերները եւ հիմնական սպառնալիքները



դ) Կողմերի միջեւ խթանել արդյունքներին միտված եւ գործնական համագործակցությունը եվրոպական մայրցամաքում խաղաղության, անվտանգության եւ կայունության հասնելու համար



ե) ամրապնդել հարգանքը ժողովրդավարության սկզբունքների, օրենքի գերակայության եւ արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, ներառյալ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների հանդեպ,  փոքրամասնություն կազմող անձանց հանդեպ ցուցաբերել ոչ խտրական վերաբերմունք, հարգել բազմազանությունը եւ նպաստել ներքին բարեփոխումների ամբողջականացմանը



զ) Կողմերի միջեւ զարգացնել երկխոսությունը եւ խորացնել համագործակցությունն անվտանգության եւ պաշտպանական ոլորտներում



է) ամրապնդել անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքները:



 



Հոդված  5



Քաղաքական երկխոսության ձեւաչափերը



 



Հոդված 6



Երկխոսությունը եւ համագործակցությունը ներքին բարեփոխումներում



 



Հոդված 7



Արտաքին եւ անվտանգության քաղաքականություն



1. Կողմերը պետք է խորացնեն երկխոսությունն ու համագործակցությունը եւ իրականացնեն աստիճանական միակցում արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտում, ներառյալ Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականությունը (Common Security and Defence Policy - CSDP), եւ, մասնավորապես, հետամուտ լինեն  հակամարտությունների կանխարգելման եւ ճգնաժամերի կարգավորման, ռեգիոնալ կայունության, զինաթափման, սպառազինության չտարածման եւ վերահսկողության, զենքերի արտահանման հսկողության խնդիրներին, ինչպես նաեւ երկուստեք շահավետ երկխոսություն ծավալեն տիեզերքին վերաբերող հարցերում: Համագործակցությունը պետք է հենված լինի ընդհանուր արժեքների եւ փոխադարձ հետաքրքրությունների վրա եւ նպատակ ունենա մեծացնել քաղաքականությունների միակցումը, արդյունավետությունը եւ համատեղ պլանավորումը: Այս նպատակով Կողմերը պետք է օգտվեն երկկողմ, միջազգային եւ ռեգիոնալ հարթակներից:



2. Ուկրաինան, Եվրոպական Միությունը եւ անդամ երկրները հաստատում են իրենց հանձնառությունը՝ հարգելու անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքները, ինչպես դա ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությամբ եւ 1975-ի ԵԱՀԿ Հելսինյան եզրափակիչ ակտով, եւ այս սկզբունքներն իրացնել երկկողմ ու բազմակողմ փոխհարաբերություններում:



3. Կողմերն այս սկզբունքներին սպառնացող որեւէ մարտահրավերի պետք է արձագանքեն առանց ուշացման եւ համաձայնեցված կերպով քաղաքական երկխոսության բոլոր անհրաժեշտ մակարդակներում, ներառյալ նախարարական մակարդակը:



 



Հոդված 8



Միջազգային քրեական դատարան



Կողմերը համագործակցելու են խաղաղությունը եւ միջազգային արդարադատությունն ամրապնդելու գործում` վավերացնելով Միջազգային քրեական դատարանի (ICC) Հռոմի կանոնադրությունը եւ հարակից փաստաթղթերը:



 



Հոդված  9



Տարածաշրջանային կայունություն



1. Կողմերը պետք է աշխուժացնեն համատեղ ջանքերը ընդհանուր հարեւանության տարածքում կայունությունը, անվտանգությունը եւ ժողովրդավարական զարգացումն ամրապնդելու համար եւ, մասնավորապես, համատեղ աշխատեն ռեգիոնալ հակամարտությունների խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:



2. Այս ջանքերը պետք է բխեն առհասարակ միջազգային խաղաղության եւ անվտանգության ամրապնդման ընդունված սկզբունքներից, ինչպես դրանք հաստատված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ԵԱՀԿ 1975-ի Հելսինկյան եզրափակիչ ակտով եւ համանման բազմակողմ փաստաթղթերով:



 



Հոդված 10



Հակամարտությունների կանխարգելում



1. Կողմերը կխորացնեն գործնական համագործակցությունը հակամարտությունների կանխարգելման եւ ճգնաժամերի կարգավորման հարցերում՝ նկատի առնելով Ուկրաինայի աճող մասնակցությունը ԵՄ առաջնորդությամբ քաղաքացիական եւ ռազմական ճգնաժամերի հանգուցալուծման գործողություններին, ինչպես նաեւ դրան առնչվող վարժանքներին, ներառյալ Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության (Common Security and Defence Policy - CSDP) շրջանակում:



2. Համագործակցությունն այս ոլորտում կընթանա այն տեխնիկական կարգավորումների շրջանակում, որ  կհաստատվի ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ ճգնաժամերի վերաբերյալ խորհրդակցությունների եւ համագործակցության համար:



3. Կողմերը կուսումնասիրեն ռազմական եւ տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները: Ուկրաինան եւ Եվրոպայի անվտանգության գործակալությունը (European Defence Agency - EDA) սերտ կապեր կհաստատեն ռազմական կարողությունների կատարելագործման, ներառյալ տեխնոլոգիական խնդիրների քննարկման համար:



 



Հոդված 11



Զանգվածային ոչնչացման զենքերի չտարածումը



 



Հոդված 12



Զինաթափում, սպառազինության վերահսկողություն, սպառազինության արտահանման վերահսկողություն եւ պայքար զենքի ապօրինի թրաֆիքինգի դեմ



 



Հոդված 13



Ահաբեկչության դեմ պայքար



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]