Ֆաշիստական գերմանիայի հետքերով

Ֆաշիստական գերմանիայի հետքերով

Եթե իրադարձությունների հաջորդականությունը որեւէ մեկը կհամարի պատահականություն, ուրեմն այդ մարդը հիմար է:



Այսպես էր ասում Վոլտերը:



 



Այս ամառ Հայաստանում, սովորականին հակառակ, սոցիալ-քաղաքական կյանքը նշանակալից իրադարձություններով հագեցած էր: Գարնանը Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակած ՀՀԿ-ն զավթեց Հայաստանի ամբողջ իշխանական դաշտը: Ընտրություններում մսխվեցին աննախադեպ մեծ գումարներ, եւ ՀՀԿ-ին հաղթանակը սկուտեղի վրա մատուցեցին` 1. կաշառված, ծախված ընտրողները, 2. Արիստոտելի բնութագրմամբ՝ այն իդիոտները, որոնք չեն ցանկանում մասնակցել ընտրություններին եւ որոնք առաջնորդվում են ազգակործան «մեկ է՝ ոչ մի բան չի փոխվելու» սկզբունքով: Աշխարհում էլի կան բռնակալ-ավտորիտար ռեժիմներ, որոնք կարողանում են իրենց լեգիտիմությունն ապահովել ընտրությունների միջոցով:



 



Աֆրիկայում, զորօրինակ, կա մի երկիր, անունը՝ Զիմբաբվե: Ժողովուրդն ապրում է քոռ աղքատության պայմաններում: Արդյունաբերություն չկա, հանքերը մի խումբ օլիգարխների ձեռքին են, գյուղատնտեսությունը՝ քարե դարի, գնաճը հասել է 1000 %-ի: Բայց փույթ չէ, ժողովուրդը, անսալով նախագահ Մուբարաքի կոչին` մերժել Արեւմուտքի բարքերը եւ գաղափարները, այս էլ 3 տասնամյակ՝ նրան է ընտրում նախագահ:



 



Այսուհանդերձ, ՀՀԿ-ն տիրացավ Երեւանի քաղաքապետի պաշտոնին եւ տոնեց շռնդալից հաղթանակ: Ընտրություններին հպանցիկ մասնակցած դիտորդը, անտեղյակ հայկական ընտրական խոհանոցից, կարող էր տպավորություն կազմել, թե Ս. Սարգսյանը հարցրեց ժողովրդին՝ «հնազա՞նդ ես», եւ ժողովուրդը պատասխանեց՝ «հնազանդ եմ, տեր», հետո հաղթանակած «էլիտային» պարուրեց ընդարմացնող հանգստություն: Ապրանքների սահուն թանկացումները ժողովուրդը փնթփնթալով, բայց մարսում էր: Եվրոպայի հետ ասոցացման մասին բանակցությունները մտան եզրափակիչ փուլ:



 



Հանկարծ, երբ երթուղային ուղեվարձն ավելացավ 50%-ով, ժողովուրդն ընդվզեց: Մի այնպիսի բողոքի ալիք բարձրացավ, որ «էլիտան» շփոթվեց: Հույսը, որ բողոքավորները` մասամբ երիտասարդները, կգոռգոռան, մի քիչ «խիպիշ» կանեն ու ժամանակի հետ կհանդարտվեն, չարդարացավ: Ճիշտ հակառակը՝ ընդվզումը վերածվեց շարժման, որին միացան հանրային ճանաչում վայելող մտավորականներ, երգիչ-դերասաններ: Իսկ ամենասարսափելին՝ իշխանավորների համար, հանկարծ արթնացան մոռացված մեկս մյուսի նկատմամբ հարգանքը, փոխօգնությունը, համերաշխությունը: Շարժումն ստացավ բարոյական բովանդակություն` միս ու արյուն:



 



Իշխանավորները հասկացան, որ նոր ջրեր են վարարում, եւ այդ ջրերը կարող են իրենց տակով անել, ուստի ժամանակավոր կասեցրին ուղեվարձի թանկացումը: Կոմիտաս 5-ի հարեւանությամբ բարձրահարկ շենքի կառուցման դեմ բողոքը ցուցանեց, որ ժողովուրդն այլեւս պաշտոնյաների քմահաճույքները սպասարկող չի լինելու: Ինտելեկտուալ, պատրաստված, գիտակից, խիզախ բեկորը հայաստանյան այն խավի, որը, թվում էր՝ անհույս ջլատված է, եւ որը հենց իսկական հայկական էլիտան է: Եվ իշխանությունները հարկադրված եղան դադարեցնել աշխատանքները:



Ժողովրդի այս հաղթանակներն իր սոցիալ-տնտեսական իրավունքների համար ռեժիմն ընկալեց որպես դառը պարտություն: Բանն այն է, որ ակտիվիստների գործողությունների շնորհիվ իշխանության վերարտադրողական բանաձեւը ճաք տվեց: Մեզանում արմատ տված «մեկ է՝ բան չի փոխվելու» «խորիմաստ» սկզբունքը փոխարինվում է «գեղ կանգնի՝ գերան կկոտրի»-ով: Իշխանական «բիզնես-պրոյեկտները» ձախողվում են: Երթուղային գծատերերը զրկվեցին հետընտրական հավելյալ միլիոններից: Կոմիտաս 5-ի կառուցման թույլտվության համար պաշտոնյաները զրկվեցին մեծ կաշառքից: Աչքի առաջ ունենալով այս նախադեպերը՝ «էլիտար» բիզնեսմենները կերկմտեն՝ գումարներ ներդնե՞լ ՀՀԿ նախընտրական «օբշչյակում»:



Արդյունքում իշխանավորները կարող են զրկվել իրենց քաղաքական հենքը հանդիսացող բիզնես էլիտայից:  Եվ պատերազմ հայտարարեցին սեփական ժողովրդին: Այսօրվա Հայաստանի սոցիալ-քաղաքական բնապատկերը հուսադրող չէ:



 



Անջրպետը ժողովրդի եւ իշխանական էլիտայի միջեւ այնքան է խորացել, որ այլեւս գործնականում անհաղթահարելի է: Իշխանական բուրգի գագաթին կանգնած Ս. Սարգսյանը, ըստ ամենայնի, այդ բուրգի վերահսկողությունը կորցնում է: Որպես հետեւանք՝ սրվում են հակամարտություններն «էլիտայի» առանձին խմբավորումների միջեւ՝ առավել ազդեցիկ պաշտոնների եւ բյուջեի չաղ պատառների համար: Դժվար չէ կռահել, որ գնալով սաստկացող մթերքների, ապրանքների, ծառայությունների թանկացումը, ուղեվարձի սպասվող բարձրացումը կբախվեն ժողովրդի դիմադրությանը: Ժողովուրդն արդեն գիտակցում է, որ պետք է համախմբվի՝ որոշումները տապալելու համար: Բայց իշխանավորները եւս թուլություն չեն դրսեւորի եւ զիջումների չեն գնա, ասել է թե կխստացնեն ռեպրեսիվ գործոնը: Ահա եւ Ս. Սարգսյանի Մոսկվա ճամփա ընկնելու պատճառը, ինչպես Ռ. Քոչարյանը 2008թ. մարտյան սպանդից առաջ Պուտինից «դաբրո» ստանալու մեկնեց:



 



Սեփական ժողովրդի դեմ պատերազմող Ս. Սարգսյանը, իհարկե, չէր կարող միանալ Եվրոպային: Ուրիշ է հայ ազգի մեծամասնության կողմից սիրված պուտինյան Ռուսաստանը, ուր եւ բանտարկյալների պակաս չի զգացվում, եւ բողոքողներին, ինչպես մեզանում, ծեծում-ջարդում են:



 



Որոշ քաղաքագետներ ենթադրում են, թե Պուտինը ճնշում է գործադրել Ս. Սարգսյանի վրա՝ պարտադրելով ստորագրել ՄՄ-ին միանալու համաձայնագիրը: Այդ ենթադրությունները հերքվում են բազում փաստերով: Զավեշտալի է լսել թե եվրոպաֆիլների դժգոհությունը, թե բոցավառ ռուսապաշտների ուրախությունը ՄՄ-ին միանալու վերաբերյալ: Սերժ Սարգսյանի կտրուկ շրջադարձը դեպի Ռուսաստան Հայաստանի բարօրությունը եւ անվտանգությունն ապահովելը չէ, այլ հենց իր եւ իր շրջապատի: Պուտինն իր թեւերի տակ է առնում աշխարհի բոլոր բռնակալներին:



 



 



Ստեփան ԲԱԳՐԱԶՅԱՆ