Հեղափոխությունը չհասցրեց անցնել պողոտայի մի մայթից մյուսը

Հեղափոխությունը չհասցրեց անցնել պողոտայի մի մայթից մյուսը

Արդեն քանի օր Ազատության հրապարակում «Ես սկսում եմ հեղափոխություն» պաստառով նստացույց անող Շանթ Հարությունյանի հեղափոխությունը երեկ ճիշտ 17:00-ին հասավ իր կիզակետին: Նախօրեին Շանթ Հարությունյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 5-ին՝ Անոնիմուսների օրը, ինքը երթ է անելու Գայ Ֆոքսի դիմակներով։ Գայ Ֆոքսն Անգլիայում տեռորի եւ իշխանափոխության մարտիկներից է, ով դատապարտվել է մահապատժի: Այդ օրն աշխարհի տարբեր երկրներում նման երթեր են անում՝ պահանջելով արդար կառավարում։ Անցնելով ընդամենը 40 մետր՝ Թումանյանի արձանին հարող Օպերայի շենքի աստիճաններից մինչեւ Մաշտոցի պողոտա, որտեղ էլ հենց ասֆալտի վրա՝ մայթին մերձ, պայթեցին հեղափոխության ռումբերը՝ ծխի ամպի մեջ առնելով հեղափոխականներին, ոստիկաններին եւ լրագրողներին:



 



Իսկ մինչ այդ, մինչեւ հեղափոխության «ճանապարհն» անցնելը, Օպերայի հարթակին խրձերով մահակներ էին դրված, ավելի կոնկրետ՝ շինանյութի խանութներում վաճառվող բահի պոչեր: Դրանցից մեկը Շանթն առավ իր ձեռքը, հետո նրա կողմնակիցները մահակավորվեցին, երբ լրագրողները հարցրին՝ գուցե դրանց կարիքը չլինի, պատճառաբանեց, թե գնում է մահվան դեմ: Հետո բարձրախոսով հայտարարեց, որ իրենց կողքին սադրիչներ կան. «Այ բոզեր, ձեզ տղայավարի պահեք»:



 



Մահակներով ու դիմակներով հեղափոխության երթը քայլեց անհայտ ուղղությամբ, քանի որ լրագրողները երբ փորձեցին ճշտել երթուղին, Շանթն ասաց, որ ինքը գնում է, եթե ուզում են, թող գան իր հետեւից, եւ այդպես էլ չասաց, թե որն է երթուղին: Երբ երթը Շանթին հետեւելով հասավ մայթեզրին եւ ուզում էր Մաշտոցի պողոտան հատել, ոստիկաններից մեկն ասաց, որ պետք է սպասեն, որպեսզի երթեւեկությունը դադարեցնեն՝ անցնելու համար: Այդ պահին էր, որ Շանթն առաջ մղվեց՝ ասելով. ես գնում եմ, ինձ չկանգնեցնես: Ոստիկանը ետ պահեց Շանթին, նա սկսեց փայտով պաշտպանվել: Հենց այդ պահին էլ որոտացին ինքնաշեն պայթուցիկները, ու գործի անցան փայտերը, եւ հեղափոխականներն ու ոստիկաններն իրար անցան:   



 



Սկսվեց ծեծկռտուք, անմիջապես հավաքվեցին մեծ թվով ոստիկաններ ու ոստիկանական մեքենաներ, այդ թվում՝ զրահապատ, եւ ոստիկանները, հավանաբար համապատասխան հրահանգ ստանալով, անցան ագրեսիվ գործողությունների՝ ոլորելով հեղափոխականների, նաեւ Շանթ Հարությունյանի թեւերը, կոպիտ ու բռնի ուժով նետելով ոստիկանական մեքենաների մեջ ու տանելով բաժին, անգամ պատահական տաքսիներով էին տեղափոխում ցուցարարներին: Կաթվածահար էր Մաշտոցի պողոտայի երթեւեկությունը՝ գրեթե դադարեցված, աղմուկ ու աղաղակ, պայթյուն ու որոտ, զրահապատներ ու շտապօգնություն… Արտակարգ դրությունը շարունակվեց մեկ ժամից ավելի: Հետո դեպքի վայրում սկսեց ոստիկանության քննչականն աշխատել. հայտարարեցին, որ դանակահարություն է կատարվել, ժապավենով առանձնացրին պողոտայի այն հատվածը, որտեղ, ըստ ոստիկանության, հանցագործություն էր տեղի ունեցել:



 



Ոստիկանական շղթան սկսեց հավաքվածներին ու լրագրողներին պողոտայից մղել նախ մայթ, հետո՝ Օպերայի բակ, շղթայով մեկուսացրեց հարթակը, որտեղ նստացուց էր արել Շանթը, եւ մնացած փայտերն ու պաստառները գցեցին զրահապատը: Ազարտի մեջ ընկած ոստիկաններն այդտեղից էլ էին շարունակում բաժին տանել մարդկանց, այդ թվում նաեւ նրանց, ովքեր բղավում էին «ամոթ»՝ տեսնելով, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժով քաշքշում երիտասարդներին, մարդկանց ոտքերից եւ ձեռքերից բռնած՝ մեքենաներ տեղափոխում: Այդ ամենը տեւեց շուրջ երկու ժամ: Այդպես սկսվեց ու ավարտվեց Շանթ Հարությունյանի հեղափոխությունը՝ չհասցնելով անցնել Մաշտոցի պողոտայի մի մայթից մյուսը: Իսկ 40-50 մարդ հայտնվեց ոստիկանության Կենտրոնի բաժնում: Տեղեկություններ ստացվեցին, որ նրանցից մի մասի նկատմամբ քրեական գործեր են ուզում հարուցել, ոմանց՝ ձերբակալել:



 



Իսկ ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ զգուշացնելով, որ «երկու տասնյակից ավելի օրինազանց բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Կան տուժած ոստիկաններ: Կատարվում է դեպքի վայրի զննություն: …Ոստիկանությունը հայտարարում է, որ չի հանդուրժելու եւ ամենայն խստությամբ է արձագանքելու ցանկացած հակաիրավական գործողության, իսկ օրինազանցները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ