Մենք գույք չենք Ձեզ համար, պարոն Արամ Մանուկյան

Մենք գույք չենք Ձեզ համար, պարոն Արամ Մանուկյան

Վերջերս ՀԱԿԿ անդամ պարոն Արամ Մանուկյանը սփյուռքի նախարարին ուղղեց հետեւյալ խոսքերը. «Հիմա օրը մոտավոր 1000 հոգի Հայաստանից անցնում է Ձեր՝ սփյուռքի բալանս, ու եթե հինգ տարի էլ էսպես գնա, Դուք դառնալու եք համայն հայության նախագահ կամ նախարար»:



 



Չեմ ցանկանում անդրադառնալ սփյուռքի նախարարին կամ նրա ղեկավարած կառույցին, Հայաստանի կառավարության կամ նախագահի գործունեության դրական եւ կամ բացասական կողմերին: Հայաստանում կարծիք է թեւածում, թե մենք՝ սփյուռքահայերս, իրավունք չունենք խառնվելու Հայաստանի ներքին կյանքին, քանի դեռ հարկեր ենք վճարում այլ պետության: Իհարկե, մենք Հայաստանին հարկատու չենք, սակայն անձամբ յուրաքանչյուր ամիս եղբորս ընտանիքին Երեւան եմ ուղարկում 1000 դոլար, ինչը նաեւ հայրենիքին վճարվող հարկատեսակ եմ համարում: Չնայած սրան, հասկանալով հայրենակիցներիս նմանօրինակ մոտեցումը, երբեւէ չեմ անդրադարձել հայաստանյան ներքին քաղաքականությամբ զբաղվող բարեկամներիս հայտարարություններին: Սակայն արի ու տես, որ կան երեւույթներ, որոնք պարզապես կարող են ստիպել ինձ դա անել: Երկար մտածելուց հետո որոշեցի գրել:



 



Գրել եւ բացատրել, որ սփյուռքահայը ոչ շարժական եւ ոչ էլ անշարժ գույք է, որին կարելի է բալանսից բալանս տեղափոխել, ինչպես մեքենան կամ կիսափուլ շինությունը: Սփյուռքահայը ճակատագիր է, որը տարբեր տարիների ընթացքում, այդ թվում ՀԱԿԿ առաջնորդի ղեկավարության տարիներին, շարունակել է ձեւավորվել եւ արմատավորվել: Սփյուռքում չկան թշնամիներ, կան միայն բարեկամներ՝ թեկուզ եւ այլախոհ: Պետք չէ Սփյուռքին այդքան հեգնանքով վերաբերվել եւ այդքան անհարգալից: Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ չի կարելի սեպ խրել: Իսկ նման անհարգալից հայտարարությունները դրա վառ ապացույցն են:



 



Ակնհայտ է, որ Սփյուռքը՝ որպես միասնական օրգանիզմ, պայքարել եւ պայքարելու է հայոց իղձերի իրականացման համար ձեռքի տակի գործիքների ամբողջական կիրառմամբ: 



 



Մենք լավ օրից չէ, որ 1991 թվականից սկսեցինք արտագաղթել Հայաստանից: Ցավոք, այդ «լավ» օրերը դեռ չեն եկել: Ցավոք, Հայաստանը մինչ օրս ունի մեր՝ Սփյուռքում բնակվող հայերիս կարիքը, լինի դա ֆինանսական, թե բարոյական աջակցության տեսանկյունից: Վստահ եղեք, նման անզգույշ հայտարարությունը չէր կարող վրիպել իմ եւ ինձ նման հարյուր հազարավոր սփյուռքահայերի ուշադրությունից:



 



Այդուհանդերձ, խաղաղություն եմ մաղթում հայաստանաբնակ իմ եղբայրներին եւ քույրերին, իսկ մեզ, Սփյուռքիս՝ համբերություն:



 



Հարգանքով՝



hraparak.am-ի մշտական ընթերցող



Տիգրան ԱՎԵՏԻՍՅԱՆ



Բրբանք, ԱՄՆ, Կալիֆորնիա