«Բաց օդը» ձեռնտու է օդանավակայանին

«Բաց օդը» ձեռնտու է օդանավակայանին

Բաց օդի քաղաքականությունն առաջին պտուղներն է տալիս: Ավելանում է չվերթների քանակը, ինչն առաջին հերթին ավելացնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության եկամուտները: Օդանավակայանն ակտիվ բանակցություններ է վարում ավիաընկերությունների հետ, առաջարկելով ավելացնել չվերթների քանակը:



 



Օրերս «Արմենիան» հայտարարեց, որ նոր համաձայնություն է ձեռք բերել «Էյր Ֆրանս» ընկերության հետ` 2014թ. չվացուցակում չվերթների քանակը հասցնել շաբաթական 7 չվերթի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3-4 չվերթի փոխարեն:



 



Իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ նախորդ տարվա շաբաթական 7 չվերթի փոխարեն այս դեկտեմբերին արդեն կիրականացվի շաբաթական 11 չվերթ: Ակնկալվում է, որ չվերթների աշխուժացումը կբերի նաեւ տոմսերի գների էժանացման, ինչից կշահեն ուղեւորները:



 



Օդանավակայանը, սակայն, սպասարկման գները չի իջեցրել: Երեկ այս մասին հայտնեց մեզ ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը:



 



«Մեր սակագները չեն փոխվել, այս ռեգիոնում դրանք մրցունակ գներ են եւ ցածր են, օրինակ, Բաքվի օդանավակայանի սպասարկման գներից»,- ասաց նա: Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, որն ավիացիոն հարցերով այս մարմնի կազմակերպած քննարկումների ակտիվ մասնակիցն է, համարում է, որ չվերթների ավելացումը դեռ բավարար ցուցանիշ չէ բաց երկնքի առավելությունն արձանագրելու համար: ««Զվարթնոցին» ձեռք է տալիս, կգան տարբեր երկրներից,  իրենք իրենց շուկան եւ աշխարհագրությունն են ընդլայնում, սակայն մեզ, որպես պետություն, ձեռնտու չէ: Ամեն մի նորմալ պետություն ուզում է ունենալ սեփական ավիափոխադրող, տնօրինի այն:



 



Օրինակ, Սիրիայում վատ իրավիճակ է, դե արի, ստիպի եվրոպական ընկերություններին, որ այնտեղից մարդիկ բերեն: Չեն գնա: Իսկ այն ժամանակ, երբ կար «Արմավիան», մի քանի թռիչք, այնուամենայնիվ, նա արեց: Մեր կարծիքով, ճիշտը երկու ավիափոխադրող ունենալն է»,- շեշտեց նա:



 



Ինչ վերաբերում է օդանավակայանի սպասարկման գներին, ապա, ըստ Սաֆարյանի, դրանք ընդունելի են եվրոպական ընկերությունների համար ոչ թե այն պատճառով, որ ցածր են, այլ որովհետեւ այդ ընկերությունները քիչ են օգտվում մեր օդանավակայանի ծառայություններից, եւ թռիչքների ծավալում հայկական շուկան չնչին տեղ ունի. «Բայց եթե ունենանք մերը, եւ ծառայությունները հիմնականում ընկնեն «Զվարթնոցի» վրա, իհարկե, բարձր գները լուրջ ազդեցություն կունենան մեր ընկերության համար»: 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ