Ես դեռ արժանի չեմ, որ դառնամ ՀՀԿ անդամ

Ես դեռ արժանի չեմ, որ դառնամ ՀՀԿ անդամ

Ավշարի գինու գործարանի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի ու նրա եղբոր՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի ջանքերով քաղաքապետ դարձած Հայկ Հայկյանը դեռ չի շտապում գործ անել, ուսումնասիրում է քաղաքի խնդիրները: Թե հանուն որ արժանիքի անկուսակցական Հայկյանը դարձավ քաղաքապետ եւ ինչ է պատրաստվում անել առաջիկայում, լսեցինք հենց նրան:



 



- Պարոն Հայկյան, բավական դժվար հաղթանակ տարաք ԲՀԿ-ական Ձեր մրցակցի հանդեպ, եւ հակասական լուրեր տարածվեցին այդ առումով, ի՞նչ աշխատանք եք տարել, ինչո՞վ եք հասցրել աչքի ընկնել, որ քաղաքը Ձեզ ձայն տվեց:



 



- Դեռ առանձնապես ոչինչ չենք արել, ես դեռ աշխատում եմ բյուջեի վրա, ծանոթանում, խորանում ենք գործերի մեջ, երբ նոր տարին կսկսվի՝  նոր բյուջեով, ինչ աշխատանքներ նախատեսել ենք, կկատարենք:



 



- Ենթադրվում է, որ անելիքները շատ են, Արարատը բավական անմխիթար վիճակում է, ո՞րն է քաղաքի առաջնային խնդիրը:






- Չէ, քաղաքը բավականին էլ լավ առաջ է գնացել, աշխատանքներ կատարվել են, եղած աշխատանքների վրա մենք պետք է ավելացնենք այն, ինչ որ նախատեսել եմ, առաջիկայում պետք է արվեն այդ աշխատանքները: Էս պահի դրությամբ ես ծանոթացման փուլում եմ գտնվում եւ ոչինչ ասել Ձեզ չեմ կարող:



 



- Իսկ շարունակում եք անկուսակցակա՞ն մնալ:






- Այո:



 



- Մեր երկրում, որպես կանոն, անգամ ԺԵԿ-ի պետերն են ՀՀԿ-ական, Դուք էլ քաղաքապետ դարձաք ՀՀԿ-ականների աջակցությունն ունենալով, հնարավո՞ր է շարունակեք մնալ անկուսակցական:






- Երբ որ ես աշխատեմ, ինձ արդարացնեմ եւ հասկանամ, որ հնարավոր է մտնել կուսակցության մեջ, այն ժամանակ ես կմտածեմ այդ մասին: Հիմա առայժմ բան չեմ արել, ես միայն փաստաթղթերն եմ նայում, դրանով համարեմ, որ արժանի՞ եմ մտնել կուսակցության մեջ, իհարկե՝ ոչ:



 



- Մեզ լուրեր են հասել, որ Ձեր համաքաղաքացիները Ձեզ արժանի քաղաքապետ չեն համարում, որովհետեւ Դուք բնիկ արարատցի չեք, եւ, ասում են, դառնալու եք Գրիգորյանների կամակատարը:






- Նման բան չի կարող լինել, որովհետեւ ես ինքնուրույն մարդ եմ, միեւնույն ժամանակ էլ ես ծրագրեր ունեմ եւ պետք է հասցնեմ դրանք իրականացնել: Ի՞նչ է նշանակում կամակատար, եթե ԱԺ պատգամավորը քաղաքին օգնում է, ծրագրեր բերում, ներդնում, իր սեփական միջոցներով օգնում քաղաքի բարեկարգման համար, դա նշանակում է, որ կամակատարի հա՞րց կա:



 



- Ձեր նախկին մրցակիցը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ անգամ ինքը Ձեզ չի ճանաչում: Եթե չլինեիք Գրիգորյան եղբայրների, հատկապես մարզպետի հովանավորյալը, եւ Ձեր հաղթանակի համար չգործադրվեին վարչական ռեսուրսները, արարատցիները Ձեզ կընտրեի՞ն:






- Կարծում եմ, որ այո:



 



- Ո՞ր արժանիքի համար:



 



- Որովհետեւ, ինչպես տնավարի են ասում, էս քաղաքի վրա ես ամագ ունեմ, էս քաղաքում ես մեծացել եմ, էս քաղաքի վրա լումա ունեմ, վերջապես՝ 15 տարի աշխատել եմ քոլեջում: Այդ 15 տարվա ընթացքում 4 հազար շրջանավարտ եմ տվել, ոնց էլ լիներ, ես իմ ձայներն ունենալու էի եւ անպայման հաջողության հասնեի:






- Սակայն Ձեր նախընտրական բուկլետում անգամ նրանց կատարած աշխատանքն էիք ցուցադրում:






- Օրենքով նման բանը չի արգելվում, ես ներդիրը դրել էի աշխատանքները ներկայացնելու, մարդիկ աշխատանքներ կատարել են, որը տարիների ընթացքում չի ներկայացվել: Նպատակը հիմնականում դա էր, էնտեղ ոչ մի գովազդ չկար:



 



- ԲՀԿ-ականներից շատերն ընտրություններից հետո հայտարարեցին, որ Դուք ոչ թե արարատցիների, այլ հարակից գյուղերի քաղաքապետն եք, որովհետեւ հարակից գյուղերից մարդ էին բերել եւ կեղծել ընտրությունները:






- Բացարձակապես նման բան գոյություն չունի, եթե կեղծիքներ լինեին, ուրեմն իրենք անպայման դա կարձանագրեին: Ընտրություններից հետո իրենք իրավունք ունեին բողոքարկելու, ոչ մի բողոք չի եղել, նման բաներ էլ գոյություն չունեն, դրանք հերյուրանքներ են:



 



- Ի դեպ, աշխատանքային պրոցեսում խոչընդոտներ չե՞ք ունենա, հաշվի առնելով, որ Ձեր ղեկավարած քաղաքում, հայտնի պատճառներով, մեծ է նաեւ ԲՀԿ ազդեցությունը:






- Չէ, ինչո՞ւ, ես տրամադրված եմ աշխատել Արարատ քաղաքի համար, մեր ազգաբնակչության համար, քաղաքի բոլոր բնակիչներն էլ մեր բնակիչներն են՝ անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, ես լինելու եմ բոլորի համար քաղաքապետ:



 



- Հնարավոր կլինի՞ նաեւ չսպասարկել Գրիգորյանների շահերը, մարզում նրանց բիզնես գործունեությունը բոլորին է հայտնի:






- Իրենք միգուցե շատ բան ունեն, բայց մեր համայնքում չէ, ինչ որ ունեն, իրենց գործարանն Ավշարի համայնքում է՝ իրենց գյուղում, մնացած Ձեր ասած հողատարածքների մասին ես տեղեկություն չունեմ, իսկ Արարատ քաղաքում նրանք որեւէ սեփականություն չունեն:



 



- Ձեր շնորհիվ կարող են ունենալ, ի վերջո, արդեն ունեն իրենց քաղաքապետը:



 



- Ես այդպես չեմ մտածում, ես համոզված եմ, որ նրանք երբեւէ ակնկալիք չեն ունեցել Արարատ քաղաքի որեւէ գույքի կամ հողի նկատմամբ, եթե մինչեւ հիմա ուզենային, կարող էին այդ ամենը ձեռք բերել: Իրենք միայն տրամադրված են, որ իրենց ներդրումներով, ծրագրերով բարելավեն Արարատ քաղաքի կյանքը: 



 



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ