Սահմանադրական դատարանում եթե սկզբունքայնության ծիլ աճի, ցողունաբանական կենտրոն կբացվի Հայաստանում

Սահմանադրական դատարանում եթե սկզբունքայնության ծիլ աճի, ցողունաբանական կենտրոն կբացվի Հայաստանում

Կպել եք նախագահին՝ ցողունվե՜լ, հա ցողունվե՜լ է, բայց որ աչքի պոչով նայում, ականջի ծերով լսում եմ մեր քաղաքական գործիչներին՝ փշաքաղվում եմ՝ արա էդ ո՜նց են բջջաբանորեն ցողունվել.  մի մատ երեխու պես են մտածում, քիչ է մնում նրանց ամեն մի խոսքից,  հետո, հազար  ներողություն, կաթիկի շիշը դեմ տաս բերաններին կամ սոսկա դնես բերանները: Մի հատ ուշադիր աչք ածեք, տնտղեք, գցեք-բռնեք, թե Սահմանադրական դատարանի որոշումից հետո ո՜նց են Գագիկ Հարությունյանի գովքը անթաքույց անում, քիչ է մնում հանրահայտ հերոսի նման գոռան՝ կեցցե՜ մեր արդար, անաչառ դատարանը: Ի՞նչ է արել Գագիկ Հարությունյանը, որ այդպես պատմական քայլ եք համարում: Նույն Գագիկն է, նույն տերերն են, նույն ծառաներն են, ի՞նչն է փոխվել: Էնքա՜ն ենք ցողունաբանությամբ տարվել, որ մեզ թվում է, թե մի գիշերում Գագիկ Հարությունյանի բջիջները փոխվել և ուրիշ մարդ է դարձել: Հիշեցնում եմ՝ Գագիկը նույն Գագիկն է և ցողունաբանորեն չի փոխվել: Ավելին, սովորականից մի քիչ էլ շատ է ծերացել, էդ էլ երևի դատավորի ու մարդու կռիվն է, որ թույլ չի տալիս՝ իր հանգիստը գտնի:



ՍԴ-ն ընդամենը կասեցրել է կուտակային կենսաթոշակային համակարգի կիրարկումը մինչև մարտ ամիս։ Հարաբերական հանգիստ է տվել, իսկ հարաբերական խաղաղությունը ուժերի  վերադասավորման ամենահարմար պահն է: Ցավալին այն է, որ այդ հանգիստը մենք կարող ենք բառացիորեն վայելել՝ հրճվելով մեր աննախադեպ հաղթանակով ու մոռանալով, որ մարտը քթներիս տակն է ու նորից քննարկվելու է այդ հարցը: Եվ հենց այդպես են հանրությանը ուղղորդում՝ հաղթե՜լ ենք, տեսե՜ք աննախադեպ բան է, Գագիկն էլ է հասկացել, որ դանակը ոսկորին է հասել… Սահմանադրական դատարանը սկզբունքային է և այս սկզբունքայնության ծիլը պետք է փայփայել:: Եղբայրք, ձեր փայփայելը բռնել է, ակտիվ հանրությանը փայփայեք, որ դիմադրություն ցույց տվեց, ձեզ՝ քաղաքական չորս խորհրդարանական կուսակցություններին փայփայեք, որ կես ճանապարհից տանձի պես կաթուկ չտաք ու ծառից պոկվեք, ընկնեք … Սահմանադրական դատարանում եթե սկզբունքայնության ծիլ աճի, համոզված եղեք, ցողունաբանական կենտրոն կբացվի Հայաստանում: Թարգեք ու հարաբերական խաղաղությունը ծառայեցրեք ձեր օգտին: Պայքարը դեռ նոր է սկսվում:



 



 



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ