Հայ տղամարդը, և մենք՝ հայերս, միշտ երկրապահներ ենք

Հայ տղամարդը, և մենք՝ հայերս, միշտ երկրապահներ ենք

«Հայ տղամարդը, եւ մենք՝ հայերս, միշտ երկրապահներ ենք եւ պարտադիր չի լինենք երկրապահի անդամ…»:



Այս դարակազմիկ մտքերի հեղինակը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, ով «բանակից թռածների միության» պատվավոր անդամ է եւ երկրապահի, զինվորի ու ընդհանրապես ռազմահայրենասիրական թեմաներին առնչվել է միայն գրքերի ու կինոների միջոցով: Իսկ արտահայտությունն արել է երեկ, քաղաքապետարանում՝ ավագանու հերթական նիստի ժամանակ: Բանն այն է, որ քաղաքապետարանը որոշել էր Մալաթիա-Սեբաստիա համայնքի Անդրանիկի 125/5 հասցեում գտնվող նախկին մանկապարտեզի շենքը՝  809 քմ մակերեսով, հինգ տարի ժամկետով անհատույց տրամադրել Երկրապահ կամավորականների միությանը:



 



«Բարեւ, Երեւան» խմբակցության ներկայացուցիչներից Անահիտ Բախշյանն առաջարկեց, որ այն վերադարձնեն մանուկներին, առավել եւս, որ մանկապարտեզները ծանրաբեռնված են, եւ շատ երեխաներ տեղ չլինելու պատճառով չեն հաճախում մանկապարտեզ: Արմեն Մարտիրոսյանն էլ, թե 200 քմ-ն էլ բավական է, եւ, ընդհանրապես, պետք չէ տարբերություն դնել ազատամարտիկների միջեւ, քանի որ կան այնպիսի կառույցներ, որոնց տարածք չեն տրամադրում: Օրինակ, նույն համայնքում գտնվող Լեդի Հակոբի՝ Հակոբ Հակոբյանի ղեկավարած «Ոգու փորձություն» կազմակերպությունը գրասենյակ չունի, քանի որ տարածք չեն տրամադրում: Սակայն Տարոն Մարգարյանն անդրդվելի էր եւ հսկայական տարածք տրամադրելը բացատրում էր այն հանգամանքով, որ միությունն ունի 30 հազար անդամ. կարծես թե նրանք միության աշխատակիցներ են ու ամեն օր գալու են գրասենյակ:



 



Ընդդիմախոսների հիմնավորումները Տարոն Մարգարյանը փորձեց խեղդել՝ թասիբի գցելով տիկին Բախշյանին. «Այսինքն Դուք դեմ եք, որ մեր զոհվածների… ընդեղ նաեւ թանգարան ա լինելու, մեր զոհվածների մայրերն են հաճախելու, Դուք դրա՞ն եք դեմ»: Բախշյանը պատասխանեց, թե երկրապահներն  այդքան ժամանակ այդտեղ նստած են եղել, բայց թանգարան չկա, «եթե անող լինեին, մինչեւ հիմա կունենային»: Քաղաքապետն էլ իր քայլն արդարացնելու համար հարցը տեղափոխեց բարոյական հարթություն: «Մենք բարոյական պարտավորություն ունենք այդ ընտանիքների նկատմամբ, եթե նույնիսկ անհրաժեշտություն լինի, չթույլատրելի վայրերում անգամ, եթե մեր զոհվածների ընտանիքները ցանկություն հայտնեն հավաքը կազմակերպելու, մենք նույնիսկ դրան էլ ենք համաձայն լինելու»,-մեծագույն դրամատիզմով արտասանեց հոգով երկրապահ քաջ քաղաքապետը:



 



Չնայած ընդդիմախոսների պատճառաբանված հիմնավորումներին, մանկապարտեզը, որն արդեն մի քանի տարի զբաղեցնում էին, տրվեց երկրապահներին: ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կողմ քվեարկեց, իսկ «Բարեւ, Երեւանը»՝ դեմ: Եվ ընդհանրապես՝ արդեն ԲՀԿ-ի «կողմ»-ն ու «դեմ»-ը չի հասկացվում, երկու դեպքում էլ  ֆրակցիայի ղեկավար Թամար Պողոսյանը միալար ու շատ երկար հիմնավորումներ է ներկայացնում՝ հաճոյանալով  Տարոն Մարգարյանին ու ՀՀԿ ֆրակցիային: Նրա  դիֆերամբների պարբերականությունն ու տեւողությունն արդեն վտանգավոր են ոչ միայն իր ձայնալարերի համար, այլեւ խլում են նիստի զգալի ժամանակը: 



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ