ԱՄՆ դեսպանը չի ցանկանում մեկնաբանել

ԱՄՆ դեսպանը չի ցանկանում մեկնաբանել

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նախօրեին ելույթ էր ունեցել Երեւանում կայացած կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովում եւ կողմ արտահայտվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։ Նա մասնավորապես ասել էր. «13 տարի է, որ ԱՄՆ-ն աշխատում է տեղական գործընկերների հետ Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգը բարեփոխելու համար, հատուկ ուշադրություն դարձնելով կենսաթոշակներին: …Ցանկացած երկրի առջեւ ծառացած առավել դժվարին բարեփոխումներից մեկը կենսաթոշակային բարեփոխումն է: Սա է պատճառը, որ Հայաստանը ներգրավել է միջազգային փորձագետների եւ ծախսել ավելի քան 10 տարի՝ մանրակրկիտ կերպով ընտրելով եւ ձեւավորելով նոր կենսաթոշակային համակարգ, որը հարմարեցված է Հայաստանի ժողովրդագրական եւ տնտեսական կարիքներին:



 



Կենսաթոշակային բարեփոխումները վիճահարույց են: Դրանք ներառում են երկարաժամկետ պլանավորում կառավարությունների, գործատուների եւ աշխատողների կողմից, որոնք արդեն իսկ գտնվում են բազմաթիվ կարճաժամկետ ճնշումների տակ: …ինչ կտա նոր կենսաթոշակային համակարգը. 



1) կապահովի երաշխավորված եւ համարժեք կենսաթոշակ թոշակառուներին,



2) ստվերից դուրս կբերի աշխատողների աշխատավարձերը,



3) կբարելավի հարկային վարչարարությունը եւ կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը,



4) կխթանի տնտեսական զարգացումը՝ արդյունավետ կերպով ներդնելով կենսաթոշակային վճարները:



 



…Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության ջանքերն այս նոր համակարգի հիմքերը ձեւավորելու համար: Այժմ հարկ է ավելի շատ տեղեկատվություն ապահովել այն մասին, թե համակարգն ինչպես է ապահովելու քաղաքացիների կողմից կատարվող կենսաթոշակային հատկացումների երաշխավորվածությունը, նպատակային գործածումը եւ անկողմնակալությունը: Հավատացած ենք, որ նոր կենսաթոշակային համակարգը շրջահայաց ձեւով մշակված է՝ պաշտպանելու ապագա կենսաթոշակառուների շահերը: Այն Հայաստանի աշխատողներին հնարավորություն կտա բարելավել իրենց ֆինանսական ապահովվածությունը կենսաթոշակային տարիքում՝ եկամուտների աղբյուրները դիվերսիֆիկացնելու, այդ թվում մասնավոր կենսաթոշակային հիմնադրամում խնայողություններ կատարելու միջոցով: Եվ կրկին ոչ ոք չի հերքում, որ թոշակային բարեփոխումը խնդրահարույց է: Ամեն շաբաթ մարդկանց տարբեր խմբեր իրենց մտահոգությունն են հայտնում այս նոր օրենքի վերաբերյալ: Սահմանադրական դատարանը նույնպես ուսումնասիրում է օրենքի որոշակի հատվածներ: Բարեփոխմանը վերաբերող այս անհանգստությունները պետք է զարմանք չառաջացնեն՝ հաշվի առնելով, որ սա տարիներ շարունակ գոյություն ունեցող համակարգի հիմնավոր փոփոխություն է: Հիշենք նաեւ, որ Խորհրդային Միության փլուզման հետեւանքով շատ հայաստանցիներ կորցրին երկար սպասված թոշակները: Հիշողությունները դեռ թարմ են: Դեռ ավելին, գոյություն ունի վստահության պակաս կառավարության, հայաստանյան հաստատությունների եւ քաղաքացիների միջեւ: Կառավարությունը պետք է աշխատի այս բացը լրացնելու ուղղությամբ՝ լրջորեն ներգրավելով քաղաքացիներին, շտկելով բոլոր թյուրըմբռնումներն ու լսելով եւ արձագանքելով վերջիններիս մտահոգություններին:



 



Կենսաթոշակային այս բարեփոխումը կառավարության, միջազգային դոնորների եւ փորձագետների տասը տարվա սերտ համագործակցության արդյունք է: Այս մոդելը անհատների խնայողությունների եւ ներդրումների պաշտպանության համար ձեւավորված մեխանիզմների հետ միասին հաջողությամբ կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում: Իրականությունն այն է, որ Հայաստանում գործող ներկայիս համակարգը երկար գոյատեւել չի կարող: Փոփոխությունը, թեկուզ բարդ, սակայն անհրաժեշտ է: Եվ վերջում ցանկանում եմ մեր շարունակական աջակցությունը հայտնել այս բարեփոխման հաջող իրականացմանը եւ հույս հայտնել, որ ՀՀ կառավարությունը, գործատուներն ու աշխատողները կիրականացնեն այս բարեփոխումներն ի շահ բոլորի»:



 



Պարոն Հեֆերնի հայտարարությունը զայրացրել էր հասարակության լայն շերտերին. ժողովրդավարական արժեքներ քարոզող Ամերիկայի դեսպանը կողմ է արտահայտվել մի բանի, ինչին դեմ է հայ ժողովրդի 80 տոկոսը (այդ թիվը նշել էր ՀՀ նախագահը ԵԿՄ համագումարում)։ Երեկ դեսպանից ՆՓԱԿ-ում փորձեցինք մեկնաբանություն ստանալ ասվածի վերաբերյալ (ԱՄՆ դեսպանը ներկա էր «Կյանք առանց սահմանների» ցուցահանդեսին)։ Սակայն դեսպանը 2 անգամ կտրականապես մերժեց անդրադառնալ կուտակայինի հետ կապված իր հայտարարությանը՝ փոխանցելով, որ արդեն ասել է ամեն ինչ եւ այդ հարցի հետ կապված այլեւս մեկնաբանություն չի տալիս։ 



 



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ