Գնդապետներն այս երկրին պետք չեն

Գնդապետներն այս երկրին պետք չեն

Պատմաբան, արցախյան ազատամարտի մասնակից, պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը երկար ժամանակ Վազգեն Սարգսյանի օգնականն էր: 2005 թվականի մարտի 5-ին, սպարապետի ծննդյան օրվա միջոցառմանը, նա սկանդալային հայտարարություն արեց. «Վազգենն ուզում էր երկիր կերտել ազնիվ շինարարի, մանկավարժի, հայրենիքի շինականի, այլ ոչ թե փափկասուն արմենչիկների եւ տկարամիտ օլիգարխների համար»: Իր աշխատասենյակ չհասած, Հովհաննիսյանն աշխատանքից ազատվեց նախագահ Քոչարյանի հրամանով: Սերժ Սարգսյանը, երբ պաշտպանության նախարար էր,  վերադարձրեց նրան բանակ, տալով առաջին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոն: 2011 թվականին նրանից կրկին «ազատվեցին», որից հետո գնդապետը հեռացավ Ռուսաստան: «Չկարողացա ապրել հայրենիքից հեռու եւ մեկ ամիս առաջ վերադարձա, թեեւ ՌԴ քաղաքացիություն ունեմ: Հիմա գիրք եմ գրում, նաեւ փնտրում եմ աշխատանք: Ապարդյուն»,- ասաց գնդապետը, որն այցելել էր «Հրապարակ», ապա եզրահանգում արեց: «Գնդապետներն այս երկրին պետք չեն»:  



 



- Ինչո՞ւ եք այդպես ասում:






- Վերջերս մամուլում կարդացի, որ 150 գնդապետներ լքել են երկրը: Ես հաշվել եմ, որ ոչ թե 150, այլ 200-ից ավելի գնդապետներ, 500-ից ավելի ավագ սպաներ գնացել են երկրից: Ինձ համար ցավ էր, երբ ռուսական քաղաքներում հանդիպում էի իմ ծառայակից ընկերներին, որոնք գուլպա էին վաճառում, ձուկ, «ախրանայում» պահակություն էին անում: Արցախյան ազատամարտով անցած իմ նախկին զինվորներն աշխատում են մեքենաների վերանորոգման կետերում, առեւտրի օբյեկտներում, փողոցում տրակտոր են քշում:



 



- Ինչո՞ւ են գնդապետները գնում այս երկրից:






- Միայն սոցիալական պայմանների պատճառով: Տեսեք, վերջին 4 տարում աշխատավարձերը բանակում չեն բարձրացվել: Երկրի նախագահն ասաց, որ բարձրացնելու է: Լավ, մի 10-15 հազարով էլ բարձրանան: Բայց եթե ինֆլյացիան վերցնենք, ապա դա բարձրացում չէր: Այսօր ամենացածրը ՀՀ-ում սպայի աշխատուժի արժեքն է:



 



- Ինչո՞ւ: Լավ աշխատավարձ են ստանում:






- Վերցնենք ցանկացած սպա, ով մարտական հերթապահություն է իրականացնում, իսկ դա Հայաստանի բանակի 60-70 տոկոսն է: 15 օր սպան դիրքերում է եւ օրը 24 ժամ պատասխան է տալիս այդ ծառայության համար: 15 օրում  եղա՞վ 360 ժամ: Վերադառնում է զորամաս, 5 անգամ նա կամ պատասխանատու է ստորաբաժանման, կամ հերթապահում է: Եվս 120 ժամ: Վերցնենք 5 օր էլ՝ նա ուղղակի 8 ժամ աշխատում է: Սա էլ՝ 40 ժամ: Ստացվեց, որ 520 ժամ սպան ծառայում է: Դրա համար նա, օրինակ, ստանում է միջինը 250 հազար, լեյտենանտի աշխատավարձն ենք վերցնում: Սովորական քաղաքացին 150 ժամի համար ստանում է 150-160 հազար դրամ: Ստացվեց, որ սպայի աշխատուժը 2,5-3 անգամ ցածր է գնահատվում, քան սովորական քաղաքացունը: Ահա ինչու սպաներն այսօր հայացք են նետել արտերկիր, իսկ յուրաքանչյուր սպա, որը ծառայում է 10-20 տարի, դա մեր պաշտպանության ոսկե ֆոնդն է:



 



- Բողոքողներին նախագահը ԵԿՄ համագումարում անվանեց «նվնվացող» ազատամարտիկներ, եւ ոչ ոք չհակադարձեց:






- Ես առաջին անգամ համարձակվում եմ ասել՝ նա սխալ է մոտենում հարցին: Այսօր նա զինվորականին տեր չէ: Տեր էր, երբ պաշտպանության նախարար էր: Հիմա տեր չի: Առավել եւս, արցախյան պատերազմով անցած մարդիկ պահանջատեր պետք է լինեն:  Ինչո՞ւ իշխանության անդամների աշխատավարձը կարելի է շեշտակիորեն բարձրացնել, իսկ հայրենիքի համար կրծքով պայքարածները պետք է ստանան 100 կամ 150 հազար թոշակ: Իսկ հետո նրանց ոչ մի տեղ չեն վերցնում աշխատանքի: Ամենասխալը համարում եմ, երբ Երկրապահի անդամները չափում են մեկը մյուսի արածը, իսկ նախագահը սկիզբ դրեց դրան, երբ ասաց՝ մենք գիտենք, թե ով ինչ է արել: Մի կողմից նախագահը պիտակավորում է երկրապահներին, մյուս կողմից ԵԿՄ վարչության անդամ են դառնում Կամո Արեյանը կամ Սամվել Ալեքսանյանը, կամ Իշխան Զաքարյանը, կամ Տարոն Մարգարյանը: Ես շատ եմ հարգում այս մարդկանց, բայց ի՞նչ կապ ունեն նրանք Երկրապահի հետ: Նրանք քանի՞ օր են խրամատում քնել:



 



-  Սա ինչո՞ւ է արվում: Քաղաքականացնո՞ւմ են Երկրապահը:






- Ոչ: ԵԿՄ-ն հսկողության տակ են վերցնում: Վարչությունում նշանակվում են մարդիկ, որոնք ժամանակին ինֆորմացիա կտան իրենց եւ կազդեն ԵԿՄ քաղաքականության վրա: Այսինքն, Երկրապահը դարձնում են իշխանության խամաճիկ: 1920 թվականին, Հայ-թուրքական պատերազմից առաջ, Հայաստանն ուներ 70 հազարանոց բանակ: 5-8 հազար թուրք բաշիբուզուկներ, երբ հարձակվեցին ՀՀ-ի վրա, կարողացան քաղաքներ գրավել, բանակը չդիմադրեց անգամ, գնդերով հանձնվում էին մի քանի թուրք ձիավորի: Ինչո՞ւ: Որովհետեւ սարդարապատյան ոգին, հաղթանակի ոգին իշխանությունները ոչնչացրել էին: Այսօր կոտրել են արցախյան ոգին: Նույն  հոգեբարոյական վիճակն այսօր է: Մեր ժողովուրդը չունի երկրին նվիրվելու զգացմունքներ, եւ «ռազմահայրենասիրական» բառը դարձել է «կամեդի կլաբի» տերմին: Ոչ ոք իր որդուն չի ուզում տեսնի ուսադիրներով, որովհետեւ տեսնում են այդ ուսադիրներով մարդու ողբերգական վիճակը: Այսօր հեռուստատեսությամբ ելույթ են ունենում նախարարներ, վարչապետ, փոխվարչապետ, ԱԺ պատգամավորներ, եւ ես ամաչում եմ, որովհետեւ այդ մարդիկ ամպագոռգոռ ճառեր են ասում, եւ ոչ մեկը բանակում չի ծառայել: Արմենչիկ Գեւորգյանը վերադարձել է Հայաստան 96 թվականին, պատերազմից հետո: Նա պատերազմի տարիներին փախել է Հայաստանից, բանակում չի ծառայել:



 



- Էլ ո՞ւմ նկատի ունեք:






- Բոլորին: Աշոտյան, Շարմազանով, դատախազ, որն այդպես էլ չհաստատեց՝ բանակի ծառայությո՞ւնն էր կեղծ, թե՞ բարձրագույն  կրթությունն արտասահմանում: Եթե բանակ է ծառայել, բարձրագույն կրթություն չպետք է ունենար, եւ հակառակը:



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ