Հերթական դեմագոգիա․ հայերը չեն գնա Թուրքիա

Հերթական դեմագոգիա․ հայերը չեն գնա Թուրքիա

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Քեսաբի դեպքերի կապակցությամբ կոչ է արել չտրվել սադրանքներին ու չհավատալ այն տեղեկատվությանը, թե Թուրքիան աջակցում է Քեսաբի դեպքերին։



Այնուհետև Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք պատրաստ են ապաստան տալ Սիրիայի հայերին, եթե նրանք բախվեն բարդությունների և նշել, որ Թուրքիան շատ կուլտուրական երկիր է, որում առկա է նաև Հայ համայնք և եթե հայերը Քեսաբից կամ մեկ այլ վայրից ցանկանան գալ Թուրքիա, ապա բարով գան, իրենք պատրաստ են ընդունել նրանց և հատկացնել ամեն տիպի օգնություն, ու իրենց դռները բաց են հայերի առջև։ Այս կապակցությամբ թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը նշում է, որ սա հերթական դեմագոգիան է թուրքերի կողմից, և որ ակնհայտ է նրանց մասնակցությունը Քեսաբի դեպքերին։






«Հերթական դեմագոգիկ հայտարարությունն է, ուրիշ ոչինչ։ Նման հայտարարություններ հնչել են թուրք պաշտոնյաների կողմից մասնավորապես վերջին դեպքերի հետ կապված, ես գիտեմ, որ իրենք Մարդինում մեծ ճամբար ունեն և ասել են, որ պատրաստ են ընդունել հայ փախստականներին, բայց այդ հայտարարություններն անելով հանդերձ իրենք շատ լավ գիտակցում են, որ հայերը չեն գնա էնտեղ, այսինքն՝ դա ուղղակի հայտարարություն է՝ թաքցնելու այն իրական նպատակը, որը թուրքերը հետապնդում են»,-ասաց թուրքագետն ու հավելեց, որ նմանատիպ հայտարարություններ հիմա չէ, որ հնչում են, այլ 1-2 տարի առաջ էլ են ասել, որ իրենք պատրաստ են ընդունել սիրիահայերին, բայց շատ քիչ քանակությամբ սիրիահայեր Թուրքիայի տարածքով անցել են, բայ չեն մնացել Թուրքիայում։



Հովհաննիսյանի խոսքով՝ անկախ հնչեցված հայտարարություններից, փաստը մնում է փաստ, որ Թուրքիան իր անմիջական մասնակցությունն է ունեցել Քեսաբի դեպքերին ու դրա վերաբերյալ կան բազմաթիվ ապացույցներ, որ Թուրքիան ծայարահեղականներին ցուցաբերել է հրետանային օժանդակություն, բացի այդ, փաստեր կան, որ Թուրքիայից զինյալներ են մասնակցել։






Վահե Մակարյան