Սպասելիքներ չունեն

Սպասելիքներ չունեն

«Նաիրիտ» ՓԲԸ-ի կոլեկտիվը միանշանակ չի վերաբերվում էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հեռանալուն: Նաիրիտցիների մի մասն ուրախ է, որ գործարանը կործանման եզրին հասցրած վարչապետն ու նրան հնազանդ էներգետիկայի նախարարը հեռացան:



 



Մյուս կողմից՝ մարդիկ հասկանում են, որ նորանշանակ Երվանդ Զախարյանից իրենք շատ ավելի մեծ դժվարությամբ աշխատավարձ կստանան եւ հնարավոր է, որ ընդհանրապես չստանան, քանի որ նոր նախարարը կարող է հրաժարվել նախորդ կառավարության մեղքերից: «Կասի՝ ով կերել է, ով պարտք է արել, նա էլ թող պատասխան տա»,- ասաց «Նաիրիտ» ՓԲԸ աշխատակիցներից մեկը:



Գործարանում տեղյակ են, որ էներգետիկայի նորանշանակ նախարարը շուտով այցելելու է համակարգի ձեռնարկություններ, սակայն չեն հավատում, որ Երվանդ Զախարյանը կգա «Նաիրիտ»: «Եթե գա էլ, բանվոր ժողովրդին չի հանդիպի: Կարծում եմ՝ կգնան, տնօրենի կաբինետում կնստեն, մի բաժակ կխմեն եւ վերջ»: Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամիսը էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը նաիրիտցիների հերթական աշխատավարձը տալիս էր «այլ աղբյուրներից», չպարզաբանելով, թե հատկապես որ «աղբյուրի» մասին է խոսքը՝ ատոմակայանի՞, որն ինքն է պարտքերի մեջ թաղված, թե՞ Երեւանի ՋԷԿ-ի: Հայտնի է, որ էներգետիկայի նախարարությունում այս երկու պետական ձեռնարկություններն են մնացել: Ամեն դեպքում, սրանք խախտումներ են, որոնք Երվանդ Զախարյանը դժվար թե վերցնի իր վրա:



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ