Նազարբաեվից նամակ ա եկե՜ե՜ել … համմե՜

Նազարբաեվից նամակ ա եկե՜ե՜ել … համմե՜

Ոչ ԵՄ, ոչ ԵՏՄ… Մենք այսուհետ գնում ենք… Ուր գնանք, որ լավ լինի… Մենք այսուհետ գնում ենք Լատինական Ամերիկա: Իսկ ինչո՞ւ ոչ, եթե միայն Լատինական Ամերիկայում են մեզ հասկանում, մեր խնդիրներն ընկալում: Դե, եթե հաջողվի ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆինալի խաղին էլ ներկա լինել` լրիվ կդզի:



 



Ուրեմն, բախտի բերմամբ, թե պատահմամբ, Ղազախստանից ստացված խաբարը եւ նախագահ Սարգսյանի մամլո խոսնակի հայտարարությունը, որ նախագահը մեկնում է Հարավային Ամերիկայի մի քանի երկիր, նույն օրը հայտնի դարձան միջազգային հանրությանը, եւ, հնարավոր է, ոմանց մոտ տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանի նախագահը, հազար ներողություն Շմայսի բառապաշարին դիմելուս համար, փաթթած ունի Ղազախստանի արտգործնախարարի հրովարտակն առ այն, որ Հայաստանը ԵՏՄ-ին կարող է միանալ ոչ շուտ, քան հոկտեմբերին:



 



Նկատենք նաեւ, որ Ղազախստանի արտգործնախարարը ոչ միայն Պուտինին է սխալ հանել, ով ասել էր, թե Հայաստանը ԵՏՄ-ին կմիանա շուտով, այլեւ Հովիկ Աբրահամյանին, ով, չգիտես ինչու, ասել է, որ մինչեւ հուլիսի 3-ը ոչինչ չի ստորագրվի, իսկ հուլիսի 3-ից հետո` տեսնենք:



 



Հետաքրքիր է, թե ինչ պետք է տեղի ունենար հուլիսի 3-ին կամ հուլիսի 3-ից հետո` այս օրերին: Հավանաբար մտածում էին, որ Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը որոշակի զարգացումների առի՞թ կտար: Ոչինչ էլ տեղի չունեցավ: Ռուսաստանն իր ընկալումների պրիզմայով շատ հանգիստ ընդունեց փաստը: Մի քիչ մուժիկավարի փնթփնթաց ու` վերջ: Փոխարենը` Ղազախստանի արտգործնախարարը, Նուրսուլթան Նազարբաեւի գիտությամբ, եւ Իլհամ Հեյդարովիչին չզայրացնելու մտահոգությամբ, նոր ժամկետ սահմանեց ԵՏՄ-ին Հայաստանի միացման համար` հերթական անգամ քամահրելով Պուտինի եւ Հայաստանի ծրագրերը:



 



Ինչո՞վ է պայմանավորված այս նոր հետաձգումը: Եկեք մտքով վերադառնանք մայիսյան այն օրը, երբ Աստանայում Նազարբաեւը կարդում էր Ալիեւի նամակը: Ո՞ւմ համար մութ մնաց, որ տնտեսական միությանն անդամակցելու համար Հայաստանի առջեւ հստակ քաղաքական հարցեր ու պահանջներ դրվեցին: Շուտափույթ (հուլիսի 1-ին) ստորագրել այդ համաձայնագիրը` նրա մեջ Ալիեւի դրույթների ներառմամբ (առանց Ղարաբաղի), նույնն էր, թե անցնել Ալիեւի թրի տակով: Սերժ Սարգսյանի լռությունն այս իմաստով հեշտ բացատրելի է: Դու գնում ես ստորագրելու մի բան, իսկ քեզ նոր կետ են դեմ տալիս, էն էլ` Ալիեւի կետ: Իրավիճակը շատ նման էր Ցյուրիխում առաջացած ճգնաժամին: Այնտեղ էլ Նալբանդյանի համար էին սյուրպրիզ պատրաստել (Դավութօղլուի հայտարարության տեսքով): Բայց Նալբանդյանը, ի պատիվ իրեն, փակվել էր հյուրանոցի համարում ու ոչ մի կերպ չէր համաձայնում հայ-թուրքական պրոտոկոլներն ստորագրել: Ցյուրիխում իրավիճակը փրկել էր Հիլարի Քլինթոնը, ով անձամբ էր բարձրացել Նալբանդյանի համարը եւ, ի վերջո, ընդունելով արտգործնախարարների հայտարարությունները չեղյալ անելու Նալբանդյանի նախապայմանը, վերջինիս տարել ստորագրման արարողությանը:



 



Աստանայում Հիլարի Քլինթոնի նման հեռատես մարդիկ չկային, որ իրավիճակը փրկեին եւ Սերժ Սարգսյանին համոզեին հուլիսի 1-ին` Նազարբաեւի նշած օրը, գնալ ու ստորագրել ԵՏՄ պայմանագիրը: Եվ հիմա մնում է ողջունել մեր վերջին բոլշեւիկի՝ Լատինական Ամերիկա մեկնելու հեղափոխական կեցվածքը, որ կարելի է բնորոշել Նազարբաեւին ուղղված լակոնիկ մի արտահայտությամբ. «Դու փախար քո Ալիեւի կետի հետ»: Հետաքրքիր է` ղազախերենով ինչպե՞ս կհնչեին «Եկել էս էստեղ, Ալիեւի նամակը կարդում ես, իմ քեֆը փչացնում ես, որ ի՞նչ անես» կամ «Այդպես եք անում, էլի՞, որ ԵՏՄ-ի խիարը թարս է աճում» արտահայտությունները: Վատ չէր լինի, որ այդ արտահայտությունները սերտեր նաեւ Վլադիմիր Պուտինը, որովհետեւ աներկբա է, որ եթե Բաքվում Լավրովին ասացին «սիկտիր», ապա Աստանայում այդ կոչականն ուղղվեց անձամբ իրեն: Եվ կարիք չկար ձեւեր թափելու, թե Ալիեւը շատ խելոք բաներ է գրել իր նամակում: Պուտինը հիմա զղջում է Աստանայում գլուխը դրական թափահարելու համար: Հիմա արդեն Նազարբաեւն էլ լայեղ չի անում հերքել, այլ Ղազախստանի արտգործնախարարի բերանով են հնչեցնում, որ Պուտինի ասած «շուտովն» իրենց համար նշանակություն չունի:



 



Իսկ ինչո՞ւ հոկտեմբերին եւ ոչ, ասենք, 2015-ի հունվարին, երբ ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական միություն հիմնադրելու Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի ստորագրած փաստաթուղթը: Այն ժամանակ էլ կարող է հարց առաջանալ` իսկ ինչո՞ւ ընդհանրապես ստորագրել ԵՏՄ-ին մաս կազմելու փաստաթուղթը, եթե դրանից կարող է կռիվ ընկնել ԵՏՄ հիմնադիրների մեջ: Նաեւ այսպիսի մի հարց` ինչո՞ւ ստորագրել ընդհանրապես, եթե ի դեմս Ռուսաստանի Հայաստանն արդեն այդ միությունում է: Եթե, այնուամենայնիվ, ցանկանում են Հայաստանին ստորագրել տալ այդ թուղթը, ԵՄ-ից հեռու պահելու նպատակով, ապա կարող են չանհանգստանալ, որովհետեւ ԵՄ-ն էլ Հայաստանին գրեթե նույն պայմաններն է առաջարկում, ինչ Նազարբաեւն Ալիեւի հետ միասին:



 



Մի խոսքով` ծանր վիճակ է: Պետք է մի կողմի վրա գնալ, մի քիչ ցրվել` Արգենտինա, Ուրուգվայ… հեռու Պուտինից, Նազարբաեւից, Ալիեւից, Բարոզուից, Էշթոնից ու նրա, ամոթ էլ է ասելը, բյուստգալտերից: Բայց, ինչքան էլ վիճակը ծանր լինի` առագաստները պետք է պարզած պահել, որովհետեւ մեկ-մեկ բարենպաստ քամիներ են փչում, եւ կարելի է դրանք օգտագործել թիավարող ձեռքերին հանգիստ տալու համար: Այ, օրինակ, Ղազախստանի արտգործնախարարի` Twitter-ով ուղարկած նամակը: Ավելի բարենպաստ քամի չէր էլ կարող լինել: Ու թող հասկանան` մեզ մերկ ձեռքերով չես բռնի:



Ո՞ւր ես, Հարավային Ամերիկա, քեզ եմ գալիս…



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ