Ֆրանսիան պահանջում է Հայաստանին վերադարձնել Կարեն Պետրոսյանի դին

Ֆրանսիան պահանջում է Հայաստանին վերադարձնել Կարեն Պետրոսյանի դին

Ֆրանսիան ցնցված է Ադրբեջանում Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան լուրից, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Ռոմեն Նադալը: Ֆրանսիական կողմը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Պետրոսյանի դիակի հանձնումը հայկական կողմին և մահվան հանգամանքները պարզելու համար հետաքննություն անցկացնել:



Ֆրանսիայի ԱԳՆ-ի այս հայտարարությանն արդեն իսկ արձագանքել են Բաքվում` մեղադրելով պաշտոնական Փարիզին ակնհայտ կողմնապահության և պրոհայկական դիրքորոշման մեջ: Ինչպես գրում է Haqqin.az-ը, Ֆրանսիայի ԱԳՆ-ն «իրեն չվերաբերող գործերին խառնվելու վատ սովորություն ունի, և Ադրբեջանի ԱԳՆ-ն պետք է առավելագույնս խիստ պատասխանի ֆրանսիական Արտգործնախարարության հայտարարությանը»:



«Ֆրանսիան ակնհայտ կողմնապահ, պրոհայկական դիրքորոշում է զբաղեցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այսպիսի պահվածք անգամ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանն իրեն թույլ չի տալիս: Իսկ սա էլ, իր հերթին, ոչ նպատակահարմար է դարձնում նրա ներկայությունը որպես միջնորդ-երկրի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում»,- ասվում է ադրբեջանական պարբերականի հոդվածում: