Մի քիչ արդարություն կուզեի․․․

Մի քիչ արդարություն կուզեի․․․

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի փոխարեն փոխնախարար Սուրեն Քրմոյանի ներկայությամբ սեպտեմբերի 1-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ևս նշեցին Գիտելիքի օրը։ Հոգևորականի ողջույնի խոսքից հետո իր խոսքն ասաց ու նաև նախարարի շնորհավորանքը փոխանցեց փոխնախարար Քրմոյանն ու դպրոցական պայուսակ և պարագաներ որպես նվեր հանձնեց կանանց գաղութում իրենց պատիժը կրող այն մայրերին, որոնց երեխաների առաջին զանգն է այս տարի, ինչպես նաև դեռևս աշակերտ համարվող և տեղում ուսանող անչափահաս դատապարտյալներին։



Այնուհետև տեղի ունեցավ միջնակարգ դպրոցն ու միջին մասնագիտական կրթության կուրսերը բարեհաջող ավարտածներին ատեստատների ու դիպլոմների հանձնումը։
Աբովյան ՔԿՀ պետ Արամ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք այստեղ ստեղծել են բոլոր պայամանները, որպեսզի դատապարտյալները պատշաճ կրթություն ստանան ու պատիժը կրելուց հետո ազատության մեջ հասարակությանը պիտանի մարդիկ լինեն, մասնագիտություն ու կրթություն ունենան։ Մեր հարցին, թե հատկապես անչափահասերի դեպքում կրթություն ստանալը պարտադի՞ր է, թե՞ կամավորության սկզբունքով, ՔԿՀ պետն ասաց, որ օրենքով կամավոր է, բայց ինքը իր ցանկությամբ պարտադիր է սարքել իրենց գաղութում, որովհետև կարծում է, որ կրթություն ստանալն անհրաժեշտ պայման է։
Միջոցառումից հետո զրուցեցինք նաև Սուրեն Քրմոյանի հետ, ում համոզմամբ գիտելիքն ու աշխատանքն այն միակ և կարևոր նախապայմաններն են ճիշտ և բարեկեցիկ կյանք ունելու համար:




«Կրթությունն այն միակ գործիքն է, որն օգնելու է մեր անչափահաս դատապարտյալներին ճիշտ կյանքի վերադառնալու, վերաինտեգրվելու հասարակությանը՝ որպես հասարակության լիարժեք անդամ»,-ասաց փոխնախարարը՝ ընդգծելով, որ գաղությում բոլոր առարկաների ուսուցիչներ էլ կան, և ուսումը կազմակերպված է և՛ հանրակրթական, և՛ միջին մասնագիտական մակարդակում։




-Իսկ նախարարությունը արդյոք աջակցում կամ միջոցներ ձեռնարկու՞մ է, որ այստեղ կրթություն ստացած դատապարտյաները ազատվելուց հետո կարողանան աշխատանք գտնել ու կիրառել իրենց գիտելիքները կյանքում։




-Իհարկե։ Բայց մեր աշխատանքը պետք է լինի նաև այլ մարմինների հետ, մենք աշխատանք ենք տանում նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որպեսզի այդ խնդիրներին լուծում տանք։ Մենք, համենայնդեպս, ծրագրեր ենք իրականացնում, և փորձելու ենք ինքներս աշխատատեղեր ստեղծենք՝ դատապարտյալների հիմնադրամի միջոցով, անչափահասների գեղագիտական զարգացման միձոցով, որպեսզի, եթե, օրինակ, կավագործությունը այստեղ են անում, եթե հնարավորություն լինի, որ ազատվելուց հետո իրենք շարունակեն զբաղվել և ունենան նաև աշխատատեղեր։




-Այսինքն՝ այդ ծրագրերը նո՞ր եք փորձում իրականացնել։




-Ոչ, դրանք ընթացիկ ծրագրեր են, մենք արդեն իսկ ծրագրեր ունենք աշխատանքի տեղավորման հետ կապված, բայց դա մենք իրականացնում ենք մեր գործընկեր մարմինների հետ, բայց նաև մենք ինքներս մեր ուժերով փորձելու ենք լրացուցիչ աշխատատեղեր ստեղծենք։




-Կարո՞ղ եք մի քանի օրինակ նշել, որ այս ընթացքում դատապարտյալները պատիժը կրելուց հետո ձեր միջոցով տեղավորվել են աշխատանքի։




-Բազմաթիվ օրինակներ կան, որ դատապարտյալների ազատվելուց հետո մենք անմիջապես կապվում ենք զբաղվածության պետական գործակալության հետ, տվյալներ ենք փոխանցում, որ գործակալությունը կարողանա զբաղվել նրանց աշխատանքով։ Ավելին ասեմ, գյուղատնտեսությամբ զբաղվողների համար ազատվելուց հետո մեր դատապարտյալների հիմնադրամը ունի բավարար աշխատատեղեր, որպեսզի գյուղատնտեսության մեջ ապահովի նրանց զբաղվածությունը, ու նաև դա կատարում են արդեն պատիժը կրելու ընթացքում։




-Օրինակ՝ Արդարադատության նախարարությունում կա՞ն նախկին դատապարտյակներ, ովքեր պատիժը կրելուց հետո այդ ծրագրերի շնորհիվ աշխատանքի են անցել հենց ձեր մոտ։




-Արդարադատության նախարարությունում չկան դեռս, կարծում եմ՝ մի քիչ ոլորտային ուղղվածության հետ է կապված, բարձրագույն իրավաբանական կրթության պահանջ կա ԱՆ-ում։




-Հայաստանում աշխատանք գտնելը առանց այդ էլ բարդ խնդիր է նույնիսկ ազատության մեջ գտնվողների ու չդատապարտված անձանց համար, դուք ինչպե՞ս եք կարողանալու աշխատանքով ապահովել նաև դատապարտյալներին, ովքեր նաև հասարակության վերաինտեգրման խնդիր ունեն։




-Հասարակ վերլուծությունները վկայում են, որ մենք ունենք հանրապետությունում միջին մասնագիտական կրթությամբ աշխատակիցների կարիք, ու թեև հնարավոր է, որ որոշակի մասնագիտությամբ աշխատանք գտնելը դժվար է, բայց, կարծում եմ, միջին մասնագիտական կրթությամբ աշխատատեղեր՝ շինարարության բնագավառում, ներքին հարդարման բնագավառում, գյուղատնտեսության բնագավառում, մենք ունենք այդ աշխատատեղերը։




-Դրանք դու՞ք եք ապահավում, թե՞ իրենք իրենց ջանքերով են գտնում։




-Չէ, աշխատաշուկան Արդարադատության նախարարությունը չի պաահովում, բայց կարծում եմ, որ եթե դատապարտված անձինք ցանկություն ունեն աշխատելու, նրանք աշխատանք կգտնեն։




Փոխնախարարի խոսքից այդպես էլ հստակ պարզ չդարձավ՝ ի վերջո իրենք ապահովու՞մ են դատապարտյալների համար աշխատատեղ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ինչու՞ որևէ հստակ օրինակ չնշվեց։ Եվ եթե այդ ծրագրերն ընացիկ բնույթ են կրում և նոր չեն, ինչու՞ էր փոխնախարարը այդ ամենի մասին խոսում որպես նոր-նոր իրականացվող ծրագրեր։




Այնուհետև փորձեցինք զրուցել նաև դատապարտված կանանց և անչափահասների հետ։ Վերջիններս, առհասարակ, հրաժարվեցին զրուցել մեզ հետ։ Միգուցե իրենք իրենց ներքին օրենքներն ունեն՝ հարցազրույց չտալ, չշփվել լրագրողների հետ, չկիսվել իրենց խնդիրներով։ Մեզ հետ շփմանը առանձնապես չէին նպաստում նաև գաղութի աշխատակիցները, ովքեր միջոցառումից հետո շտապեցնում էին անչափահասներին՝ արագ գնալ իրենց մեկուսարանները։ Կանայք համեմատաբար ավելի բաց ու շփվող էին։ Իհարկե, նրանց պարագայում լռակյացությունը միանգամայն հասկանալի է, ի վերջո, իրենց ուրախություններով չէ, որ պիտի կիսվեն, որ ցանկանան ի լուր աշխարհի պատմել իրենց երջանկության մասին։ Այնտեղ ամեն մեկը մի ճակատագրի տեր է, ի վերջո, խոսքը հանցանքի մասին է, իսկ ոչ ոք չի ցանկանա հասարակությանը ներկայանալ որպես հանցագործ։




Մելինեն, օրինակ, դատապարտվել է «թմրանյութի գործով», 8 տարի են տվել, գրեթե կեսն արդեն անցել է, բայց կարծում է, որ իրեն «պաստավկա» են արել ու անմեղ տեղն են դատել։ Թեպետ չցանկացավ շատ մանրամասնել իրեն «նվեր հասած» ճակատագրի բոլոր անցքերը, բայց դժգոհեց հայրենի արդարադատությունց, որ անարդարության զոհ դառնալով է հայտնվել այստեղ։




Իր միակ զավակի առաջին զանգը չվայելող, բայց նրան պայուսակ ու գրենական պիտույքներ նվիրելու հնարավորություն ստացած գյումրեցի Մերին էլ սպանության համար է դատապարտվել երեք տարի ժամկետով։ Նա չբողոքեց, թե անարդար են պատժել, ոչ էլ դժգոհեց պայմաններից, միակ ցանկությունը ազատությունն էր, որն ստանալու է վեց ամիս անց, որ գնա իր երեխայի կողքին լինի։




Խոսելու առումով ավելի բաց ու անկաշկանդ դուրս եկավ միջին տարիքի մի կին Երևանից, ով երեք տարի է, ինչ պատիժ է կրում, և այդքան էլ մնացել է, որ ազատվի։ Թե ինչու է դատապարտվել ազատազրկման, նա սկզբում չցանկացավ խոսել․ «Էդ թողնենք անցյալում, որովհետև ես էդ մասով չեմ ուզում անդրադառնալ դրան, որովհետև էդ ինձ մեղսագրված ա եղել, չեմ էլ ուզում արդարանալ որևէ կեպ, բայց էդ ա»։ Այնուհետև անկեղծացավ, որ իրեն թրաֆիքինգի համար են դատապարտել, բայց նա ևս բողոքեց, որ իրեն անարդար ձևով են դատել։




Հարցին` ինչ կցանկանար այդ պահին լիներ գաղութում, որ չկա, բացի ազատությունից, կին դատապարտյալն ասաց․ «Պայմանների առումով ամեն ինչ կա․․․ մի քիչ արդարություն կուզեի։ Բայց էստեղ չէ․ Հայաստա՛նը դրա կարիքն ունի»։
Կարծում եք՝ Ձեզ անարդա՞ր ձևով են դատապարտել։ «Այո, վստահ եմ։ Ինձ դատապարտել են առանց փաստի, առանց որևէ հիմնավորման»։




Թե ինչ է անելու դուրս գալուց հետո, թրաֆիքինգի համար դատապարտված կինն ասաց, որ միանշանակ լքելու է Հայաստանը ու գնա արտերկրում ապրի․ «Ես չեմ ուզում ապրեմ էս երկրում, մի տեղ, որտեղ կարան անարդար ձևով դատեն»։



ՀԳ․ Հայտնի է, որ ոչ մի դատապարտյալ, սովորաբար, չի ընդունում իր մեղքը, և բոլորն էլ կարծում են, թե իրենց անարդար են դատել։ Բայց Հայաստանում անարդար ձևով ճաղերի հետևում հայտնվածներ կամ ուրիշի փոխարեն պատիժ կրողներ այնքան շատ կան, որ չի բացառվում, որ մեր զրուցակիցներն էլ իսկապես անարդարության զոհ լինեին։ Այն անարդարության, որը արդյունք է արդարադատության համակարգի լիարժեք չկայացվածության, դատական համակարգի կոռումպացվածության և, պարզապես, ոչ պրոֆեսիոնալ դատավորների ամբիցիաների ու քմահաճույքների։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ