ԱԺ-ն վերադարձել է հին բուֆետին

ԱԺ-ն վերադարձել է հին բուֆետին

Ազգային ժողովը կրկին նոր բուֆետ ունի։ Բայց սա այնքան էլ նոր չի կարելի անվանել, քանի որ «նոր» բուֆետը կամ, ավելի ճիշտ, այդ բուֆետի ծառայություններն իրականացնող ընկերությունը նախկինում էլի էր սպասարկել ԱԺ-ին։ Թե ինչու է նախկին ընկերությունը մի տարի սպասարկելուց հետո լքել ԱԺ-ն ու տեղը նորից հնին բերել, ԱԺ աշխատակազմից մեզ հայտնեցին, որ նախկին «Ռեդի-Թեդի» ընկերության պայմանագիրը, որը մեկ տարով էր, լրացել է, ու ընկերությունն այլեւս չի ցանկացել երկարացնել պայմանագրի ժամկետն ու շարունակել համագործակցությունն Ազգային ժողովի հետ։



Թեպետ ԱԺ-ականները պնդում են, որ իրենք գոհ էին բուֆետի թե՛ ուտելիքից, թե՛ գներից ու սպասարկումից՝ աշխատակիցներն էլ բարեհամբույր էին ու արդեն մերվել էին իրենց հետ, սակայն տվյալ ընկերությունը, հավանաբար, այնքան էլ գոհ չէր ԱԺ-ում ծավալած իր բիզնեսից ու որոշել է հեռանալ։ Տարվա ընթացքում նկատելի էր, որ բուֆետի առեւտուրն այնքան էլ լավ չէ, ֆինանսական առումով դժգոհություններ կան, քանզի հիմնականում մեծահարուստ ու մեծ ախորժակ ունեցող մեր պատգամավորները, ովքեր պետք է ապահովեին առեւտրի ,չալաղաջե մասը, այլեւս առաջվա նման այդքան հաճախ չեն օգտվում ճաշարանից, օգտվելիս էլ առատաձեռն չեն, իսկ հիմնական առեւտուր անողները լրագրողներն ու օգնականներն էին, ովքեր էլ ճաշարանից օգտվում էին իրենց բյուջեի ու հնարավորությունների սահմաններում։



Նշենք, որ նախկին ընկերությունը, գալով Ազգային ժողով, ամբողջովին վերանորոգեց ճաշարանը, նոր սեղան-աթոռներ, նոր գույք բերեց։ Հիմա նորից անցել են հնին. մի քանի տարի առաջվա բուֆետի կահ-կարասին է։ Օգտվողներից ոմանք գոհ էին ու ասում էին՝ նախկինից ավելի լավ է, ոմանք՝ հակառակը։



Աշխատակազմից մեզ տեղեկացրին նաեւ, որ նոր ընկերությունը, որ կոչվում է ,Դավիթ եւ Սարգիս Նավասարդյաններե, թեեւ դարձյալ պայմանագրային հիմունքներով է աշխատում, բայց ընտրվել է ոչ մրցութային կարգով՝ ուղղակի, հենց այդպես, որոշել են, որ հենց ինքը պետք է սպասարկի ԱԺ ճաշարանը, եւ սկսել է սպասարկել։ Թե ինչու մրցույթ չի անցկացվել, մեզ ասացին, որ օրենքով իրենք իրավունք ունեն ինչպես մրցույթով, այնպես էլ առանց մրցույթ անցկացնելու ընտրել տվյալ ընկերությանը։



Թեպետ նոր ընկերությունը գնացուցակ, որպես այդպիսին, չի ներկայացրել ԱԺ-ին, բայց մենք երեկ, օգտվելով բուֆետից ու համեմատություն անցկացնելով նախորդի հետ, պարզեցինք, որ կան ուտելիքներ կամ ըմպելիքներ, որոնց գները նախկինի համեմատ ցածր են, կան, որ բարձր են։ Ամեն դեպքում՝ տարբերությունը շատ չէ։ Աշխատակիցներն էլ թեպետ մի փոքր ,խամությունե էին անում, բայց կարեւորը՝ բարեհամբույր էին սպասարկում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ



[email protected]