Երեխաների նկատմամբ բռնության սկանդալին հետևում են հրաժարականները

Երեխաների նկատմամբ բռնության սկանդալին հետևում են հրաժարականները

Անգլիական Ռոտերեմ քաղաքի մունիցիպալ խորհրդի գործադիր տնօրեն Մարտին Քիմբերը պաշտոնաթող է եղել՝ հայտարարելով, որ տեղական խորհրդի աշխատակիցները, ոստիկանությունն ու սոցծառայությունները աչք են փակել առնվազն 1400 երեխաների նկատմամբ կատարված բռնությունների վրա:



Իր հայտարարության մեջ Քիմբերը նշել է. «Կարծում եմ՝ նոր ղեկավարությունը կօգնի քաղաքին ավելի արագ վերականգնվել երկշաբաթյա այս իրադարձություններից հետո: Այդ պատճառով էլ իմ հեռանալու ժամանակն է», փոխանցում է The Guardian-ը:



Պրոֆեսոր Ալեքսիս Ջեյի վերջերս հրապարակած զեկույցը, որն ապացուցում է, որ տարբեր տարիքի առնվազն 1400 երեխա երկար տարիներ Անգլիայի հյուսիսում գտնվող Ռոտերեմում հրեշավոր սեռական բռնությունների են ենթարկվել, բրիտանական հանրության շրջանում բուռն վրդովմունք է առաջացրել:



Փաստաթղթի համաձայն՝ 1997-2013 թթ. երեխաներին բազմիցս բռնաբարել, առևանգել, Անգլիայի այլ քաղաքներ են տեղափոխել, ծեծել և վախեցրել են: Տեղական խորհրդի կողմից պատվիրված զեկույցից պարզվել է, որ այդ գործով նախկինում երեք հետաքննություն է անցկացվել, սակայն դրանց արդյունքներին ուշադրություն չեն դարձրել:



Պրոֆեսոր Ալեքսիս Ջեյի խոսքերով. «Ոչ ոք չգիտի, թե ինչպիսին են երեխաների սեռական բռնությունների մասշտաբները, որոնք այդ տարիներին կատարվել են Ռոտերեմում: Մեր ամենահամեստ տվյալների համաձայն՝ հետաքննվող ժամանակահատվաում 1400 երեխա սեռական բռնությունների է ենթարկվել»,- հայտարարել է պրոֆեսոր Ջեյը: «Դժվար է նկարագրել են բոլոր տանջանքները, որոնց ենթարկվել են երեխաները այդ տարիներին»,- ավելացրել է
նա: