Փրկել Գրաֆ Տոլստոյին

Փրկել Գրաֆ Տոլստոյին


Սեպտեմբերի 9-ին աշխարհում դեռ հիշում են ռուս արձակագիր Լև Տոլստոյի ծննդյան օրը:



Կյանքի առաջին շրջանում Գրաֆը զինվոր էր, խաղամոլ, սկսնակ գրող եւ նրան դուր էր գալիս գրողական փառքը, բոլոր տեսակի դափնիները:



Կյանքի առաջին շրջանում նա մեղսագործ էր, իսկ երկրորդում` անբաստանյալ:



Տոլստոյին ոչինչ չէր բավարարում, ասես հանցանք էր փնտրում, որ կանգներ դատարանի առջև: Իսկ նրա փնտրած դատարանն այլևս գրականությունը չէր: Իր կերտած հերոսների` Աննայի, Լևինի, Իվան Իլիչի հոգիները իրենը չէին. նրանք անվերադարձ լքել էին խեղճ Գրաֆին:



Փրկելու զորություն արվեստը չունի, բայց Տոլստոյը ամեն գնով փրկվել է ուզում:



Փրկվել գոյության անիմաստությունից, փրկվել` անձնականությունից:



Հաջորդ ատյանը Աստծո դուռն է:



Գրաֆի թակոցը մոլեգին է հնչում: Գրականությունից դեպի քարոզչություն… Սա ամենակարճ ու մատչելի ճանապարհն է, որից դավադրաբար օգտվում է Տոլստոյը ու լույս աշխարհ բերում իր կրոնական տեքստերը, սկզբնադրում այսպես ասած տոլստոյականությունը:



Նա գրողից վերածվում է առաքյալի:



Շուտով ռուս եկեղեցին իր գործիչներով հանդերձ փշրում են Տոլստոյի փրկության վերջին հույսը: Նա կտրում է բոլոր կապեր և’ եկեղեցու և’ Աստծո հետ:



Վերջ. դատարանի հնարավորություն Գրաֆն այլևս չունի, նրան մի բան է մնում՝ փախչել:



Տոլստոյի վերջին հանգրվանը Աստապովոյի կայարանն է, որտեղ նա կմեռնի եւ մահվան մեջ կվերադարձնի փրկության հույսը:



Արամ ՊԱՉՅԱՆ