Ի՞նչ կապ ուներ Կոնչիտան ՄԻՊ-ի զեկույցի կամ Նիկոլի ելույթների հետ

Ի՞նչ կապ ուներ Կոնչիտան ՄԻՊ-ի զեկույցի կամ Նիկոլի ելույթների հետ

Ազգային ժողովում շարունակվում է ՄԻՊ-ի զեկույցի վերաբերյալ քննարկումը։ ԱԺ խմբակցությունների ղեկավարները, սակայն, ՄԻՊ-ի զեկույցը առիթ դարձնելով փորձեցին իրենց անձնական կարծիքները հնչեցնել տարբեր անհատների վերաբերյալ։ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, օրինակ, անդրադարձավ ԲՀԿ-ի համար վերջին շրջանում ավանդական դարձած Սուրիկ Խաչատրյանին՝ հերթական «քլնգոցն» ուղղելով նրա և նրա խորհրդականի հասցեին։




Նրանից հետո ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով էլ որոշեց բացահայտ ակնարկներով պատասխան հարված հասցնել Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին, ով բավականին սուր գնահատականներ էր հնչեցրել իշխանությունների հասցեին տարբեր հանցագործությունների ֆոնի ներքո։
Բաղդասարյանն իր խոսքում նկատեց, որ երեկ ԱԺ բարձր ամբիոնից խոսվեց պետական դավաճանության մասին, մինչդեռ իրենք տարբեր առիթներով ականատես են եղել պետական դավաճանության մի շարք օրինակների, երբ այս ամբիոնից նյութեր էին հրապարակվում, որոնք օգտագործվում էին մեզ ոչ բարեկամ երկրի՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից ի վնաս մեզ։




«Երեկ այս դահլիճից զգացի ալիևյան նավթադոլարների հոտ և հասկացա, թե որտեղ են ծախսվում այդ նավթադոլարները»,-ակնարկելով Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարեց Վ․ Բաղդասարյանը։ Այստեղ նրան ընդհատեց Փաշինյանը՝ տեղից ռեպլիկներ բաց թողնելով։



Վահրամ Բաղդասարյանն էլ, ընդհատելով իր ելույթը, արձագանքեց․ «Շատ ուրախ եմ, որ մարդիկ կան, ովքեր իրենց վրա են վերցնում իմ ասածները, բայց ես անուններ չեմ նշում, ուղղակի մտորում եմ, իմ տեսակետներն եմ հնչեցնում»։
Փաշինյանը շարունակեց բորբոքված արձագանքել Բաղդասարյանին։ Վերջինս ստիպված եղավ խնդրել ԱԺ նախագահին՝ կարգուկանոն հաստատել։




Այնուհետև նա տարօրինակ ձևով անցում կատարեց դեպի կոնչիտաներին ու ավանդական արժեքների խեղաթյուրմանը՝ նշելով, որ մենք հայ ենք, ավանդական արժեքների կրող ենք ու պարտավոր ենք պահպանել դրանք։ Բաղդասարյանի խոսքից, սակայն, չհասկացվեց, թե ինչ կապ ունեին Կոնչիտան ու ավանդական արժեքներն իր ելույթի հետ։ Նույնատիպ մի ելույթ էլ երեկ Հայկ Բաբուխանյանն էր ունեցել երեկ՝ կրկին անդրադառնալով Կոնչիտային ու մեղադրելով որոշ պատգամավորների՝ կոնչիտաներին պաշտպանելու ու այդ արժեքները պրոպագանդելու մեջ։ Տպավորություն է, որ ՀՀԿ-ում Կոնչիտայի թեման շատ ակտուալ է՝ իրենց ընդդիմադիր գործընկերներին հենց այդ կոնտեքստում քննադատելու համար։
Միայն վերջում Վահրամ Բաղդասարյանը կրկին քննադատական երանքով մի փոքր էլ անդրադարձավ ՄԻՊ-ի զեկույցին՝ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին որոշ հորդորներ ուղղելով։




«Ես հասկանում եմ, որ Դուք երիտասարդ եք, կան ամբիցիաներ, բայց պետք չի գալ այստեղ և հանձնարարականներ տալ Ազգային ժողովի պատգամավորներին։ Իհարկե, Դուք օգտվում եք այն առիթից, որ մենք սա ընդունում ենք ի գիտություն, մենք Ձեր ասածները կընդունենք ի գիտություն, բայց խնդրում եմ, որ Դուք փոխվեք ինքներդ և սկսեք աշխատել Ազգային ժողովի պատգամավորների, հանձնաժողովների հետ»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ