Մի ուժ էլ Էդմոն Մարուքյանն է ստեղծում

Մի ուժ էլ Էդմոն Մարուքյանն է ստեղծում

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հաստատել է տեղեկությունները, որ նոր քաղաքական մշակույթի, ՀՀ-ի՝ եվրոպական մոդելի ապագային միտված հասարակական-քաղաքական նախաձեռնություն ստեղծելուն ուղղված կոնսուլտացիաներ է անցկացնում: Այս կապակցությամբ Tert.am-ը պատգամավորից հետաքրքրվել է. «Խի՞շտ են այս լուրերը և եթե այո, ապա խոսքը քաղաքական կուսակցություն ստեղծելո՞ւ, թե՞ նախաձեռնության մասին է»



Պատասխանելով հարցին՝ մարուքյանը մասնավորապես ասելէ. «Տեղեկատվությունը ճիշտ է այնքանով, որքանով, որ դեկտեմբերի 3-ի՝ ԵՏՄ-ին միանալու քվեարկությունից հետո ես տարբեր հանդիպումներ եմ ունեցել ու մինչ օրս ունենում եմ` կապված նոր մշակույթի, տեսլականի, Հայաստանի՝ եվրոպական մոդելի ապագային միտված հասարակական-քաղաքական որևէ նախաձեռնություն ստեղծելու հետ: Հիմա այդ հանդիպումներն ընթացքի մեջ են: Այս պահին այնքանը կարող եմ ասել, որ կոնսուլտացիաներ են ընթանում: Այն, ինչ ասում եմ, դրա մասին ես անընդհատ խոսել եմ, խոսքը նոր մշակույթի, նոր արժեքներ կրող մարդկանց միավորման մասին է, որոնք Հայաստանի ապագան տեսնում են կոնկրետ, հստակ եվրոպական մոդելի մեջ: Ես կողմնակիցը չեմ պոպուլիստական ինչ-որ բաների, ես այն մշակույթի, որ այսօր գոյություն ունի քաղաքական դաշտում, դրա կողմնակիցը չեմ։ Եվ այն մարդիկ, որ գալու են, փորձելու են մաքրել այդ դաշտը: Իրար ատելու, իրար հայհոյելու, իրար վրա ցեխ շպրտելու այս քաղաքական մշակույթին դեմ է լինելու այս ուժը, որովհետև մեր ժողովուրդը իրապես հոգնել է այս ամենից: Ավելին ասեմ` ուսումնասիրությունները, նաև տարբեր փորձագետների, ցույց են տալիս, որ դրա համար կա հստակ քաղաքական բազա: Այսինքն՝ էլեկտորատի այն բազան, որը անհրաժեշտ է որևէ ուժ ստեղծելու, նման բազա գոյություն ունի՝ նման ուժ ստեղծելու համար»: