Ինչո՞ւ է իսպանական ընկերությունը տեխնիկան տանում Հայաստանից | լուսանկար

Ինչո՞ւ է իսպանական ընկերությունը տեխնիկան տանում Հայաստանից | լուսանկար

Լուսանկարում պատկերված բետոն փռող մեքենան պատկանում է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցապատողին՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Էյ» ընկերությանը: 2012 թվականից Հայաստանում աշխատող այս ընկերությունը «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու առաջին եւ երկրորդ ծրագրերի իրականացման համար համակարգչային կառավարմամբ աշխատող 2 այսպիսի մեքենաներ էր ներմուծել: Մեկն այս պահին կանգնած է մաքսային պահեստում եւ շուտով դուրս կգա Հայաստանից: Ժամանակակից սարքավորումներով հագեցած այս մեքենաները, որոնց տեղափոխումն այնքան կարեւոր է ու ծախսատար, որ կազմակերպությունը, որպես կանոն, դրա համար մրցույթ է հայտարարում, Հայաստանից տարվում են աշխատանքների հազիվ 5-6 տոկոսն ավարտելուց հետո: Թեեւ ենթադրվում է, որ պետք է տարվեին միայն աշխատանքներն ամբողջությամբ ավարտելուց հետո: Մինչդեռ ծրագրի ավարտին առնվազն 2 տարի դեռ կա, ներկայում էլ կառուցվում է ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածը: Մեր տեղեկություններով, իսպանական ընկերությունը մտածում է Հայաստանից հեռանալու մասին:



Իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Էյ»-ը որոշել է հեռանալ Հայաստանից եւ մրցույթ է հայտարարել իր թանկարժեք ու ծանր տեխնիկան Հայաստանից դուրս բերելու համար: Մրցույթը շահել է թուրքական բեռնափոխադրողը, որն արդեն լծվել է այս գործին: Ինչո՞ւ է որոշել իսպանական ընկերությունը հեռանալ Հայաստանից, այն դեպքում, երբ ծրագիրը դեռ չի ավարտվել, եւ առջեւում դեռ շատ աշխատանքներ կան: «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Էյ» ընկերությունից պարզաբանեցին, որ իրենց պատկանող բետոն փռող երկու մեքենաներից մեկն Աշտարակում էր, մյուսը՝ Արարատում: «Արարատի հատվածում մեքենան ունեցել է 15 մետր լայնություն, իսկ Աշտարակում՝ 12 մետր: Արարատինն այլեւս չենք պատրաստվում օգտագործել հաջորդ տրանշների համար, քանի որ դա մի քիչ ավելի լայն է: Այս մեկը գնալու է եւ ներկայում գտնվում է մաքսային պահեստում: Իսկ մյուս մեքենան մեզ մոտ է: Բացի սրանից, նախատեսվում է բերել եւս մեկը, որն ավելի լայն կլինի: Այդ նոր մեքենան Հայաստանում կլինի սեպտեմբերին»: Ըստ ընկերության տնօրենի օգնականի, բետոնի աշխատանքները հիմա վերջացել են երկու հատվածներում էլ, իսկ Թալինում դեռեւս հողային աշխատանքներ են, եւ բետոնի աշխատանքների համար եղանակային անհրաժեշտ պայմաններ չկան,- ասաց օգնականը:



- Ձեր մեքենաները գնում են Հայաստանից: Դուք դադարեցրե՞լ եք աշխատանքները:



- Աշխատանքները դադարեցված են, բայց ակնկալիքով, որ կկարգավորվի ամեն ինչ, եւ դրանք կվերսկսվեն: Մեր կողմից չկա այնպիսի բան, որ մենք հրաժարվում ենք աշխատանքից: Հուսով ենք, որ կկարգավորվի ամեն ինչ:



- Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք՝ «կկարգավորվի ամեն ինչ»:



- Ես այս հարցին իրավասու չեմ պատասխանել:  Տնօրենի օգնականը չասաց, թե ինչ դժգոհություններ ունեն իսպանացիները եւ ինչու են դադարեցրել աշխատանքները, սակայն նրա պատասխանն ակնհայտորեն հակասում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Բեգլարյանի հայտարարություններին, ով մարտի 25-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչու են «Հյուսիս-հարավի» ժամկետներն անընդհատ ձգձգվում, ասաց, որ ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքները շարունակվում են, եւ անհանգստանալու խնդիր չկա: «Մենք այսօր աշխատանքների վերջը տեսնում ենք,-ասաց նա,- դժվարություններ կան՝ կապված հողօտարման հետ, 17 գործ ունենք դատարանում, բայց նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են»: «Հասկանում եմ ձեր անհանգստության պատճառը, թե երբ ենք կարողանալու հյուսիսը հարավին կապելու խնդիրը լուծել»,-ասաց նա: Երեկ հեռախոսով խոսեցինք նաեւ նախարարի հետ: Նա շատ զարմացավ, երբ լսեց, որ իսպանական ընկերության մեքենաները մաքսայինում են: «Սուտ տեղեկություն է, որ «Կորսանը» գնում է,- ասաց նախարարը,- մեքենաներից մեկը լավ չի աշխատում, եւ դա հանում են»: Ի դեպ, մենք տեղեկացանք, որ մեքենան գնալու է Հունաստան՝ ճանապարհների կառուցման համար, իսկ փչացած մեքենան հաստատ այլ երկիր չէին տանի:



- Իրենք, այնուամենայնիվ, ինչ-ինչ պատճառով դադարեցրել են աշխատանքները:



- Ազգային ժողովում էլ եմ հայտարարել, ասել, որ մինչեւ գիշերը եւ ցերեկը պլյուս 8 աստիճան չլինի, չեն կարող աշխատանքներն սկսել: Հիմա սպասվում է, որ ապրիլի 4-ին մենք այդ եղանակը կունենանք եւ աշխատանքները կսկսենք:



- Ոչ մի այլ խնդիր «Կորսան» իսպանական կազմակերպության հետ չկա՞:



- Ոչ մի խնդիր չկա: Այդ կարգի ապատեղեկատվություն տարածողները երեւի իրենք են ուզում, որ խնդիրներ լինեն:



ՀԳ. Փաստ է, որ «Հյուսիս-հարավ» ծրագիրը բազում խութերով է ընթանում, եւ դա չի թաքցնում անգամ կառուցապատող ընկերությունը: Ու թեեւ իսպանացիները զուսպ են եւ չեն ուզում ՀՀ իշխանությունների եւ մասնավորապես տրանսպորտի նախարարության հետ հարաբերությունները փչացնել, բայց կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, որ իսպանական ընկերությունը սարսափած է հայկական ատկատների չափերից, փնթի, անկազմակերպ աշխատանքից, ժամկետները խախտելու եւ բազմամիլիոն տուգանքներ վճարելու պատրաստակամությունից: