ՀՀ պաշտոնական պատվիրակությունը Փարիզում այցելել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան (լուսանկարներ)

ՀՀ պաշտոնական պատվիրակությունը Փարիզում այցելել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան (լուսանկարներ)

Փարիզում երեկ կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության այցելությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան: Պատվիրակության կազմում էին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում պատվիրակությանը ողջունել է կազմակերպության գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ով նշել է Հայաստանի ակտիվ մասնակցությունը կազմակերպության ծրագրերին:

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն ու գործունեությունը և անդրադարձել գործունեության 70 տարիների ընթացքում կազմակերպության հիմնական ձեռքբերումներին՝ մշակութային ժառանգության պահպանման և կրթական ծրագրերի իրականացման ոլորտներում:

Նա նշել է, որ միջազգային լարվածության, հակամարտությունների սրացման պայմաններում կազմակերպության գործունեությունն առանձնահատուկ դերակատարում է ստանձնում, հատկապես` չճանաչված պետություններում և հակամարտությունների գոտիներում մշակութային ժառանգության պահպանման և կրթական ծրագրերին աջակցության առումով:

«ՄԱԿ-ի համակարգի մասնագիտացված կառույցների հիմնական առավելությունը` դրանց ապաքաղաքական, մասնագիտացված գործունեությունն է: Չափազանց կարևոր է պահպանել այդ ապաքաղաքական մոտեցումը և առկա խնդիրների լուծումներ փնտրել մասնագիտական փորձագիտական դաշտում»,-ասել է Վիգեն Սարգսյանը:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնելով Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ իրականացված ծրագրերի համար, հակիրճ անդրադարձել է համագործակցությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաների շրջանակներում, կարևորել է ազգային զեկույցների նախապատրաստման ընթացքում ակտիվ փոխգործակցությունը կազմակերպության փորձագետների և քաղաքացիական հասարակության կառույցների հետ:

2013-2014 թթ. Հայաստանը նախատեսված հինգ ազգային զեկույցից ներկայացրել է չորսը` միջազգային իրավական պարտավորություններով:



Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շեշտադրել է չճանաչված պետություններում կրթության իրավունքի լիարժեք ապահովման անհրաժեշտությունը` հղում կատարելով Բոլոնյան գործընթացի երևանյան նախարարական համաժողովի կողմից ընդունված Երևանյան հռչակագրին:



Նույն օրը՝ երեկոյան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի լիագումար նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Երիտասարդությունը հանուն խաղաղության» համերգաշարի ամփոփիչ համերգը: Համերգաշարն անց է կացվել Հայաստանի Հանրապետության կողմից` ի նշանավորում ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի:



Համերգային ծրագրում ընդգրկված էին բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (Կոմիտաս, Արամ Խաչատուրյան, Տիգրան Մանսուրյան, Ալեքսանդր Հարությունյան և այլք)։ Համերգի ընթացքում հայ կատարողական արվեստը ներկայացրել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, թառահար Միքայել Ոսկանյանը, «Կատուներ» ջազ-բենդը՝ Վահագն Հայրապետյանի գլխավորությամբ, Ինգա և Անուշ Արշակյանները, դուդուկահարներ՝ Գևորգ Դաբաղյանը, Կամո Սեյրանյանը, պատանի քանոնահար Նարեկ Կազազյանը, դուդուկահար Թաթուլ Համբարձումյանը և այլք:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դահլիճում էին այդ կազմակերպությունում և Ֆրանսիայում հավատարմագրված բազմաթիվ երկրների դիվանագետներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի աշխատակիցներ, Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների պատգամավորներ, ֆրանսիացի և սփյուռքահայ մտավորականներ:



Համերգի մեկնարկից առաջ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան: