Ջունգլի դատը սկսվեց: Ծեծողների մեջքին Աստվածն է, թ՞ե քննիչը

Ջունգլի դատը սկսվեց: Ծեծողների մեջքին Աստվածն է, թ՞ե քննիչը

Երեկ սկսվեց 52-ամյա սպանված ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով դատավարությունը: Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճի ձախ կողմում երիտասարդների կուտակում էր: Նրանք ազատամարտիկին ծեծի ենթարկածների՝ Գեւորգ Սարգսյանի (մականունը՝ Ջունգլ), Սարգիս Ղուկասյանի եւ Վիկտոր Հովսեփյանի ընկերներն էին: Մյուս կողմում, նրանցից հեռու, մահացածի հարազատներն էին եւ մի քանի ընկերները: Նիստը երկար չտեւեց:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգիս Ղուկասյանը եւ Գեւորգ Սարգսյանը՝ Ջունգլը, Վիկտոր Հովսեփյանի հետ ծեծի են ենթարկել 52-ամյա Վարդան Թումանյանին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով: Այս եզրակացությունը, ինչպես նաեւ քննիչների մի քանի որոշումներ, սպանվածի հարազատներին չեն տրամադրվել: Նիստի ժամանակ տուժող կողմը, որի շահերը ներկայացնում է փաստաբան Տիգրան Մուրադյանը, պահանջեց մեղադրական եզրակացությունը, որն իրեն չէր ներկայացվել, եւ ժամանակ՝ դրան ծանոթանալու համար: Դատավոր Դավիթ Հարությունյանը բավարարեց միջնորդությունը եւ հաջորդ նիստը նշանակեց հունիսի 29-ին, 10։00-ին:



Հիշեցնենք, որ աղմկահարույց այս սպանությունը տեղի է ունեցել անցյալ տարի, ամռանը: Վարդան Թումանյանը եւ նրա հարեւանը՝ Բաբկեն Սարգսյանը, վեճ են ունեցել նարդու սեղանի շուրջ, որի շարունակությունը ծեծկռտուքն է եղել ընկերների միջեւ, իսկ ավարտը՝ այն, որ Բաբկեն Սարգսյանի որդին՝ բռնցքամարտիկ, գիշերային ակումբի անվտանգության աշխատակից Գեւորգը, Սարգիսը եւ Վիկտորը դուրս են կանչել Վարդան Թումանյանին եւ ծեծելով սպանել: Գործը հարուցվել է Քրօր․ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից եւ անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: Քննությունը տեւել է մոտ մեկ տարի եւ սկանդալային ընթացք է ունեցել: Գործով երկու միմյանց հակասող փորձաքննություններ են արվել: Առաջինով պարզվել է, որ Վարդան Թումանյանի մահը ծեծի հետեւանք է եղել, իսկ երկրորդը ցույց է տվել, որ ազատամարտիկի մահվան եւ ծեծի միջեւ պատճառահետեւանքային կապ չկա: Նա մահացել է ինսուլտից։ Դրանից հետո գործով կալանավորված Ջունգլի եւ Սարգիս Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է: Երրորդը՝ Վիկտորը, որը հետախուզման մեջ էր, անմիջապես ներկայացել է քննչական մարմին, եւ նրա նկատմամբ նույնպես կալանք չի կիրառվել: Բոլոր այս հանգամանքները կասկածելի են թվում ազատամարտիկի հարազատներին: Նրա քույրը՝ Մարիետա Թումանյանը, գործով քննիչ Հարությունյանին մեղադրում է կաշառակերության մեջ, ինչը վերջինիս վրդովմունքն է առաջացրել: Առհասարակ, հարեւանների միջեւ այս պատմությունը պատերազմական իրավիճակ եւ խորը ատելություն է առաջացրել: Սպանվածի հարազատները վստահեցնում են, որ քննությունը կողմնակալ է ընթանում: «Ինչո՞ւ մարդասպան կողմը մեղադրականը ձեռքին է եւ վաղուց ծանուցված, իսկ տուժողը չունի մեղադրական: Սա արդեն ապացուցում է, որ քննիչները նրանց են պաշտպանում: Հովսեփյան Վիկտորը Զատիկի օրը, իրենց տան խնջույքի ժամանակ ներկա է լինում, մարդ, որը փախուստի մեջ էր, եւ իրավապահները նրան չկարողացան հայտնաբերել մինչեւ այս դեպքը, որ նրան ազատեցին դատախազի որոշմամբ»,- ասում է Մարիետա Թումանյանը: Մահացածի դուստրը՝ Կարինեն, պատմում է, որ քննիչներն իրենց չեն տրամադրում գործի վերաբերյալ տեղեկատվություն. «Եթե Վիկտորիկը դեմս դուրս չգար կանգառում, ես չէի իմանա, որ ինքն արդեն հանձնվել է: Ամեն ինչ արվում է, որ մենք անտեղյակ լինենք եւ ոչինչ չկարողանանք անել»:
Զրուցեցինք նաեւ Ջունգլի հետ, ով ընկերների ուղեկցությամբ դատարանից դուրս եկավ հերոսի կեցվածքով:



- Ինչպե՞ս եղավ, որ Ձեզ ազատեցին:



- Մենք ոչ օլիգարխ ենք, ոչ բան, էդքան որ շեշտում են, որ մենք փողեր ունենք, ուղղակի մենք անմեղ ենք, ու մեր մեջքին Աստված էր կանգնած:



- Դուք մարդ չե՞ք ծեծել, ո՞նց եք անմեղ:



- Ոչ մի անգամ: Մենք Հիսուս Քրիստոսի օրն ազատվեցինք (նա նկատի ունի Զատիկի օրը՝ ապրիլի 6-ը):



Զրույցին միջամտեց Ջունգլի մայրը՝ գուշակ Անահիտ Սարգսյանը: «Տղաս բերդում ոտերը ջարդել ա, նա անմեղ ա: Ինքը վարձու մարդասպանի նմա՞ն ա: Մենք նմա՞ն ենք այնպիսի մարդկանց, որ երկու չամադան փող են տվել քննիչին»,- ասում էր նա, մինչեւ որդու ընկերները, ուժ գործադրելով, տիկնոջը նստեցրին մեքենան եւ տարան: