«Ֆլեշի» բենզալցակայաններում հրաժարվում են «կտրոններով» աշխատել

«Ֆլեշի» բենզալցակայաններում հրաժարվում են «կտրոններով» աշխատել

Պետական հիմնարկների աշխատակիցները երեկ «ներքին կարգով» դժգոհում էին «Ֆլեշ» ՍՊԸ բենզալցակայանների աշխատանքից։ Չինովնիկները վստահեցնում են, որ «Ֆլեշը» դադարեցրել է կտրոններով բենզինի վաճառքը ու հարյուրավոր մարդկանց կանգնեցրել է փաստի առաջ: Հայտնի է, որ գրեթե բոլոր պետական կառույցներում մեքենաները լիցքավորվում են հենց «Ֆլեշի» լցակայաններում։ Մենաշնորհային այս դիրքը ժամանակին առաջ բրդեց «Ֆլեշի» նախագահ Բարսեղ Բեգլարյանի բիզնեսը, այն դնելով մրցակցությունից դուրս։ Արդեն մոտ մեկ շաբաթ է, «Ֆլեշի» բենզալցակայանների աշխատակիցները հրաժարվում են «կտրոնով» աշխատել, պատճառաբանելով, որ շուկայում կեղծ կտրոններ են հայտնվել։ Փաստորեն, հարյուրավոր կտրոնները արժեզրկվելով, թուղթ են դարձել ապշահար պետական ծառայողների ձեռքին։ «Ֆլեշ» ընկերության ղեկավարությունն այնքան թքած ունի իր հավատարիմ հաճախորդների վրա, որ նույնիսկ չի բարեհաճում հոդաբաշխ նախադասություն հնչեցնել այս առիթով։ Երբ զանգահարեցինք Ֆլեշի Բարսեղի ընկերություն, բացատրություն ստանալու համար, աշխատողները միմյանց վրա գցեցին մեր հարցին պատասխանելու տհաճ գործը։ Ի վերջո, նրանք մեզ միացրեցին տնօրենի օգնական Հովհաննիսյանի հետ։ Նրան բառացիորեն հետևյալ հարցը տվեցինք․ «Պարոն Հովհաննիսյան, ինչ՞ու են ձեր լցակայանները հրաժարվում սպասարկել պետական աշխատողներին»։ «Դա նորվա հարց չի։ Բայց ես տեղեկություններ չունեմ» - ասաց Հովհաննիսյանը։ ««Նորվա» հարց չի, բայց տեղեկություններ չունե՞ք»- զարմացանք մենք։ «Այո, չունեմ», - ասաց Հովհաննիսյանը, իսկ երբ հարցրեցինք, թե, գուցե ինքը ընդհանրապես Հովհաննիսյանը չի, նա պատասխանեց, որ այո, ինքը Հովհաննիսյանը չի, լրագրողի ահից հրաժարվելով անգամ սեփական ազգանունից։