Ես ընդամենը իմ կնոջ մարդն եմ

Ես ընդամենը իմ կնոջ մարդն եմ

Ճի՞շտ է, որ Ձեր ունեցվածքը` Սեւանի ափին եւ ռադիոտիրույթում, 2013-ի նախագահական ընտրություններից հետո «ոչ եւս» է եղել, անշուշտ, ոչ առանց իշխանությունների «թեթեւ ձեռքի», հարցրինք Անդրիաս Ղուկասյանին: «Ես ունեի երկու վարձակալական պայմանագիր, մեկը` Սեւանի ափին, երկու հեկտար տարածության մասով, որպես «Ֆլամինգո» լողափ ու հանգստի գոտի, եւ անհատույց օգտագործման պայմանագիր` Բուզանդի 1/3-ում: Այո, երկու տարածքների պայմանագրերն իշխանությունների կողմից չեղյալ են հայտարարվել, բայց պիտի ասեմ, որ Սեւանի հետ կապված գործառույթը մեկնարկել էր 2011-ին, Բուզանդինը` 2010-ին. հին «վեճեր» էին»: Այսինքն` քաղաքական վրեժ չի եղել: «Չէ, այդ առումով վրեժխնդրություն չի եղել, վրեժխնդրություն եղել է այն առումով, որ հրաժարվել են տրամադրել համապատասխան հատուցումներ, որովհետեւ, իմ կարծիքով, նման իրադրությունների դեպքում, երբ տարածքը վարձակալությամբ հանձնողի մոտ առաջանում է խնդիր` վարձակալական պայմանագրերը շուտ փոխելու մասով, պետք է փոխհատուցում տրամադրվի, ինչը չի արվել»: Հիմա Դուք բիզնես ունե՞ք: «Իհարկե, ռադիոները դուք լսում եք»: Ստացվում է, որ «էս» երկիրն այնքան էլ «բռնապետական» չէ: «Համաձայն չեմ, պարզապես շատ դեպքերում ես չեմ թույլ տվել ինձ հետ վարվել այնպես, ինչպես իրենք են կամեցել»: Պարոն Ղուկասյան, քաղաքականորեն ձեւակերպած` Դուք «ո՞ւմ մարդն» եք: «Ես ընդամենը իմ կնոջ մարդն եմ»: Իսկ կինը, ինչպես հայտնի է, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է: