Հարկային մարմինները խախտում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը

Հարկային մարմինները խախտում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը

Հայաստանում հետաքրքիր ավանդույթ է նկատվում՝ որոշ բուժհաստատություններ հիմնադրամներ են գրանցում։ Հիմնադրամներ են կամ հիմնադրամներ ունեն Իզմիրլյան բժշկական կենտրոնը, «Արաբկիր» ԲԿ-ն, Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնը, «Գրիգոր Լուսավորիչը»։ «Հիմնադրամների մասին» օրենքով, այն ոչ առեւտրային կազմակերպություն է, որը «հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական կամ այլ հանրօգուտ նպատակներ», բայց միաժամանակ կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ ստեղծել տնտեսական ընկերություններ, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող, դրամաշնորհներ ստանալ, պետբյուջեից միջոցներ եւ այլն։ Այլ կերպ ասած, հիմնադրամը, ի տարբերություն առեւտրային կազմակերպությունների, ավելի ազատ իրավական կարգավիճակ է ենթադրում եւ միջոցներ ձեւավորելու ավելի լայն հնարավորություններ ունի։ Ամբողջ խնդիրն այն է, թե որքան հարկ են մուծում նրանք պետությանը, եւ հիմնադրամ ունենալը որքանով է նպաստում հարկերը թաքցնելուն։
Մենք հարցում էինք ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ խնդրելով պատասխանել, թե որքան հարկ են անցյալ տարի վճարել «Արաբկիր» եւ «Շենգավիթ» բժշկական կենտրոնները, սակայն նախարարությունից հրաժարվել էին տրամադրել այդ տվյալները, քանի որ այն, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, «հանդիսանում է հարկային գաղտնիք»: «Հարկային գաղտնիք» տերմինը, իրականում, հնարք է, որն օգնում է պետական մարմիններին հանրությունից թաքցնել տնտեսական կյանքին առնչվող կարեւոր տեղեկությունները եւ երկակի քաղաքականություն վարել։ Բանն այն է, որ հարկային բարձրագույն չինովնիկներին երբեմն պետք է լինում թափանցիկ աշխատանքի տպավորություն ստեղծել։ Այդ ժամանակ նրանք մեծ հաճույքով հրապարակում են խոշոր հարկատուների ցանկը՝ «հարկային գաղտնիքի» պաշտպանությունն ամենեւին էլ պարտադիր չհամարելով։ Պաշտոնական արդարացումն այն է, որ այդ ցուցակները հրապարակվում են հարկատուների հետ փոխադարձ համաձայնությամբ։ Ի դեպ, «Արաբկիր» ԲԿ-ն 2013 թվականին եւս հայտնվել է 500 խոշոր հարկատուների ցուցակի 206-րդ տեղում։ Չտրամադրելով տնտեսվարողների հարկային մուտքերի վերաբերյալ տեղեկություն, պահպանելով «հարկային գաղտնիքը», ֆինանսների նախարարությունը խախտում է մեկ այլ օրենք՝ «Տեղեկատվության ազատության մասին», որի 6-րդ հոդվածով սահմանվում է․ «Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը եւ (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը»։ Այս օրենքը նաեւ սահմանափակումներ է ենթադրում։ 8-րդ հոդվածում կարդում ենք․ «Տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք»։ Հարկային գաղտնիքի մասին ոչ այս, ոչ էլ մյուս սահմանափակումների նկարագրում ոչինչ ասված չէ։ Այն ամենեւին էլ չի կարելի շփոթել առեւտրային գաղտնիքի հետ։ Առեւտրային գաղտնիքը գաղտնի տեղեկություն է, որը տիրապետողին թույլ է տալիս մեծացնել շահույթը, խուսափել չարդարացված ծախսերից, առաջատար դիրք գրավել շուկայում կամ ստանալ առեւտրային օգուտ: Առեւտրային գաղտնիքի առանձնահատկությունն այն է, որ վերջինս ունի «առեւտրային արժեք»։ Մեր օրենսդրության մեջ կան իրավական ակտեր, որոնք շոշափում են այս հասկացությունը՝ ՀՀ Սահմանադրությունը (հոդված 83.5), ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, ինչպես տեսանք, Աշխատանքային օրենսգիրքը, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը, սակայն օրենք առեւտրային գաղտնիքի մասին չկա։ Հետեւապես, թաքցնելով ձեռնարկությունների կողմից վճարված հարկերի մասին տեղեկությունները, հարկային մարմինն ուղղակի օրենք է խախտում՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, համակարգը դարձնելով ոչ թափանցիկ, մութ, չարաշահումների եւ գաղտնի պայմանավորվածությունների համար լայն դաշտ ստեղծելով։