Խայտառակ կալանավորում Ագրարային համալսարանում

Խայտառակ կալանավորում Ագրարային համալսարանում

Անցյալ շաբաթ կալանավորել են ագրարային համալսարանի մի աշխատակցուհու, որի անունը գաղտնի է պահվում։ ԻՐավապահները նրան աշխատավայրից խայտառակ ձևով են տարել՝ ձեռնաշղթաները հագցրել են և ուղեկցել են դուրս։ Մեր տեղեկություններով, նա ագրարային համալսարանի հեռակա բաժնի աշխատակից է եղել։ Բացահայտվել է, որ երրորդ կուրսի մի ուսանողի, որը բնակվում է Ռուսաստանում, կեղծ գնահատականներ են դրվել, ձևակերպվել է, թե, իբր, նա հանձնում է բոլոր քննությունները։ Իրականում սակայն ուսանողն այդ չի հանձնել քննությունները։ Մեր աղբյուրը հայտնում է, որ նա անգամ ագրարայինի տեղը չգիտի, և գնահատականներ ստանալու համար գումար է տվել ԲՈՒՀ-ի աշխատողներին։ Թե քանի դասախոս է օգտվել այս կաշառքից, հավանաբար, կպարզեն իրավապահները։ Մեր տեղեկություններով, ռեկտոր Արշալույս Թարվերդյանն արդեն հատուկ ժողով է հրավիրել, որի ընթացքում քննարկվել է միջադեպը։ Նա ցուցումներ է տվել իր կոլեկտիվի անդամներին, թե ինչպես նրանք պատասխանեն քննիչների հարցերին։ Կատարվածի շուրջ ագրարային համալսարանում լիարժեք լռություն են պահպանում։ Չեն հայտնում անգամ կալանավորված կնոջ անունը, ինչը կարող է նշանակել, որ այնտեղ  իրավապահների հետ ստվերային պայմանավորվածություններ ձեռք բերելու հույս ունեն։ «Հիմա քննություն է գնում։ Թող իրավապահներն աշխատեն, հետո նոր հրապարակում կլինի», - հայտնեց մեզ ագրարային համալսարանի մամուլի բաժնի պատասխանատու Անի Խուդավերդյանը, վստահեցնելով, որ իրեն ոչինչ հայտնի չի, անգամ իրենց աշխատակցի ազգանունը։ Գործի վարույթն իրականացնում է ԱԱԾ-ն։ ԱԱԾ մամուլի կենտրոնից առանց մանրամասնելու հայտնեցին, որ կաշառքի մեղադրանքով հուլիսին կալանավորվել է ագրարային համալսարանի աշխատակիցներից մեկը։ Նոր գործ հարուցված չկա։ Պետք է հասկանալ, որ վերջին կալանավորումը տեղի է ունեցել հենց այս գործի շրջանակներում։ Հիշեցնենք, որ երկու տարի առաջ մամուլում այս ԲՈՒՀ-ի հետ կապված ևս մեկ սկանդալ թնդաց։ Սեպտեմբերի 3-ին ԱԱԾ-ն ձերբակալեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կենդանիների բուծման եւ կերակրման ամբիոնի դասախոս, դոցենտ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու` նույն համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արամ Մուրադյանը: Փաստորեն, ոչ կրթության նախարարությունում, ոչ էլ այս ԲՈՒՀ-ում ոչ մի եզրակացություն չեն անում կատարվածից։ Սպասում ենք ռեկտոր Թարվերդյանի և կրթության և գիտության նախարար Աշոտյանի պատասխանին։ 



 Սյուզան Սիմոնյան