Հայրապետական մաղթանք` Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 16-րդ տարեդարձի առիթով

Հայրապետական մաղթանք` Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 16-րդ տարեդարձի առիթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր նշվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 16-րդ տարեդարձը:



Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ ասվում է. «Պատարագիչն էր ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:



Պատարագի սրբազան արարողության ընթացքում, Մայր Տաճարի ավետաբեր ղողանջների ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ Նորին Սրբազնություն Չեխիայի կարդինալ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկայի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, Մայր Աթոռի միաբանության, թեմակալ առաջնորդների և Հայ Եկեղեցու բարերարների, հանդիսավոր թափորով առաջնորդվեց Մայր Տաճար:



Նորին Սրբության օծման և գահակալության 16-րդ տարեդարձի բերկրալից օրվա առիթով` հավատացյալների երկրպագության համար, Մայր Տաճար էր բերվել Մայր Աթոռում պահվող Սկևռայի հռչակավոր մասնատուփի կրկնօրինակը, որում ափոփոված են համաքրիստոնեական և հայ 15 սրբերի մասունքներ:



Հավարտ Պատարագի արարողության, Խաժակ Սրբազանն Իջման Ս. Սեղանի առջև քարոզ ասաց՝ անդրադառնալով օրվա խորհրդին



Այնուհետև Իջման Ս. Սեղանի առջև, հանդիսապետությամբ Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, կատարվեց Հայրապետական մաղթանքի արարողությունը, որի ընթացքում ներկաներն աղոթեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության և պայծառության ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կյանքի արևշատության և արգասավոր հովվապետության համար»։