Մեր ընդդիմադիրները բավականին հարուստ են, թող չծախվեն իշխանություններին

Մեր ընդդիմադիրները բավականին հարուստ են, թող չծախվեն իշխանություններին

Մինչ ընդդիմությունը մեղադրում է իշխող Հանրապետականին, որ սահմանադրական հանրաքվեի ժամանակ ընտրակեղծիքներ են ծրագրվում, ՀՀԿ-ն ոչինչ չարեց, որ փարատի այդ կասկածները եւ նույնականացման քարտերով ընտրություններին մասնակցելու վերաբերյալ օրենսդրական փաթեթում չընդգրկեց ընդդիմադիրների առաջարկները։



Ընդունվեցին միայն ստվերային գործընկերների՝ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի առաջարկները։ Իսկ նրանք առաջարկել էին նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցած անձանց անունների դիմաց ընտրացուցակներում նշել, որ այդ մարդիկ քվեարկել են ID քարտերով։



ՀԱԿ-ի՝ մատների թանաքոտման վերաբերյալ առաջարկն էլ մնաց թղթի վրա։ Իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին, որ դա հետամնաց երկրներին է բնորոշ եւ խանդի տեղիք կտա հայ տղամարդկանց մոտ։ Ազատ-արդար ընտրությունների մասին վստահեցումներ շռայլող ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրինք՝ եթե իսկապես ցանկանում եք, որ ազատ ընտրություններ կայանան, ինչո՞ւ չընդունեցիք ընդդիմության առաջարկները։



- Ընդամենը 3 առաջարկություն է եղել, որից միայն ՀԱԿ-ի առաջարկը չի ընդունվել՝ թանաքոտման վերաբերյալ։ Որովհետեւ դա միտում է, որպեսզի մարդկանց վանեն ընտրություններից, այդ փոփոխությունը ոչինչ չի կարող տալ, եւ սա լավագույն տարբերակն է. առանց մարդկանց մարմնի մասերին կպնելու մենք առաջարկում ենք, որ առանձին սյունակում նշվեն նույնականացման քարտերով մասնակցածները, որից հետո արձանագրությունում հատուկ նշվի այդ մասին, արձանագրությունը տրվում է բոլորին՝ հանձնաժողովի անդամներին, վստահված անձանց, եւ եթե կլինեն կասկածելի երեւույթներ, դրանց ստուգելը շատ հեշտ է, եւ հարկ եղած դեպքում կբողոքարկեն։ Սա ընդամենը պատրվակ է, եթե այս քարտերն էլ չլինեին, մի ուրիշ բանի վրա էին կենտրոնանալու, միայն թե կարողանան հանրության ուշադրությունը շեղեն իրական հանրաքվեից։



- Ի՞նչն էր խանգարում, որ կասկածների տեղիք չտալու համար ընդունվեր այն, եթե իսկապես ՀՀԿ-ն մտադիր է ազատ, արդար ընտրություններ անցկացնել։ Առաջարկվում էր նաեւ ընտրացուցակներ հրապարակել, ինչը նույնպես չընդունվեց։



- Բայց մենք գնացինք, իսկ ի՞նչ է նշանակում թանաքոտման երեւույթը, հարցրեք հանրությանը, մտեք ժողովրդի մեջ, տեսեք մարդիկ ինչ են ասում, ասում են՝ ամեն հարց լուծել էինք, մնում էր մատերներս էլ կոխեինք թանաքի մեջ։ Դա հիմնականում այն երկրներում է, որտեղ համատարած անգրագիտություն է տիրում, 25, 50, 75 տոկոս անգրագիտություն ունեցող երկրներում է նման բան կիրառվում։ Ժամանակին՝ 19-րդ դարում, մեզ մոտ էլ է կնիքի փոխարեն օգտագործվել թանաքը, երբ մարդը մատով կնիք է դրել, որպեսզի որեւէ նոտարական փաստաթուղթ հաստատի, մենք ո՞ր դարում ենք ապրում։ Եթե այդ փոփոխությունը մատուցենք մեր ժողովրդին, իմացեք, որ ընտրողների 30-40 տոկոսն ընտրության չի գալու։ Եվ իրենց նպատակն էլ հենց դա է։ Մարդը եթե ցանկություն չունենա, կամք ունենա ընտրություն կեղծելու, թանաքով չէ՝ ուզում ես զմռսման նյութերով անես, միեւնույն է՝ կգնան այդ կեղծիքներին։ Դա որեւէ ազդեցություն չի ունենա։ Եվ հետո, ի՞նչ տարբերություն՝ արձանագրությունը տալիս ես հանձնաժողովականների՞ն, թե՞ դա փակցնում ես։



- Ընդդիմադիրները, վկայակոչելով նախկին համապետական ընտրությունները, ասում են, որ ՀՀԿ-ն ամենատարբեր մեթոդներով կարողանում է ահաբեկել ընդդիմության հանձնաժողովականներին, վստահված անձանց, լավագույն դեպքում՝ փողով առնում։



- Հանձնաժողովների 9-ը տեղից 5-ն ընդդիմադիրներն են զբաղեցնում, այլ բան եթե հայտարարեն, որ իրենք մարդ չունեն, մտածենք, ոնց օգնենք, որ իրենց հանձնաժողովի անդամներ տան։ Ընդդիմության վստահված անձանց լայն արտոնություն է տրվել, նա կարող է նստել 2 հանձնաժողովների մեջտեղում եւ հետեւել պրոցեսին։ Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա դուք էլ գիտեք, որ դրանք պատրվակներ են։ Եթե դուք նայեք, թե նախկին ընտրություններում ընդդիմադիրներն ովքեր են եղել, նրանցից որեւէ մեկը գումարով չի զիջում իշխանություններին, բավականին լավ վիճակում ընդդիմադիրներ ունենք, որոնք չեն խնայում ոչ մի բանի համար։



- Եթե ակնարկը ԲՀԿ-ին է վերաբերում, ապա, նախ՝ այդ կուսակցությունն արդեն ձեր լիակատար վերահսկողության տակ է, երկրորդ՝ «այո»-ի կողմնակից։



- «Օրինաց երկրի» հնարավորություններն էլ վատ չեն, թաքնված ֆինանսավորվող մյուս կուսակցությունների, որոնց դեպքում ֆինանսական մեծ մուտքեր կան, եւ նրանք բավականին ծախսեր են կատարում։ Միշտ պարտվողները պատճառաբանություն գտնում են եւ ասում, որ ընտրությունները կեղծված են։ Հիմա ցավը նա է, որ ընտրություններից առաջ են արդեն ասում։



- Տառապանքը փորձ ունի։



- Այո, տառապանքը փորձ ունի, 90-ականների փորձ ունեցողները գիտեն, որ փորձ ունի, բա իհարկե ունի։ Որովհետեւ բոլորս ենք ականատես եղել այդ ամենին, ինչ կատարվել է։



Արմատախիլ ենք անելու բոլոր նեգատիվ երեւույթները, եւ հանրաքվեի վրա ստվեր գցող քաղաքական ուժը կամ գործիչը պարզապես չի ցանկանում այս երկրի լավը տեսնել։



- Հանրաքվեի վրա ստվեր գցողները, ընտրակեղծարարները լինելու են ՀՀԿ-ից, ի՞նչ եք անելու նրանց հետ։



- Պատժվելու են, եթե այդպիսիները լինեն, ապա նրանք արջի ծառայություն են մատուցելու։ Եթե պետք է խախտումով Սահմանադրություն անցկացնենք, ապա այդ փաստաթուղթը լուրջ խնդիրներ կունենա ապագայում կիրառման ժամանակ։



- Վստա՞հ եք, որ նոր Սահմանադրությունն անցնելու է։



- Տեսնելով այսօրվա տրամադրությունները՝ ես շատ կափսոսամ, որ ինչ-որ բան ձախողվի։ Ես համոզված եմ, որ անցնելու է։



- Իսկ կրիմինալ տարրերին, քրեական հեղինակություններին «ապավինելո՞ւ» եք այս ընտրություններում։



- Կրիմինալ բոլոր տարրերը քրեակատարողական հիմնարկներում են, իսկ մենք ոչ ամունիստիա ենք արել, ոչ էլ մարդիկ ազատել, եթե դա անեինք, պիտի ասեին՝ միտումնավոր արեցին, որ բերեն մասնակցեն։