«Այո»-ի քուրքերի ու վեղարների տակ

«Այո»-ի քուրքերի ու վեղարների տակ

Արեւելյան միապետի սիրած զբաղմունքներից էր դերվիշի հանդերձներ կրել, ծպտված թափառել մայրաքաղաքի փողոցներում, իր մասին հարցուփորձ անել հասարակ ժողովրդից, ինչու չէ՝ նաեւ ազնվականներից, առեւտրականներից, պատահական անցորդներից: Միապետը ե՛ւ դահիճ էր, ե՛ւ տնտեսագետ, եւ՛ վիճակագիր: Նա ամեն ինչ էր, արքայից արքան էր, գերհզորն էր, այնուհանդերձ կասկածներն էին, որ սթափ էին պահում նրա՝ շատ ժամանակ հաճույքի թմբիրի մեջ թաթախված միտքն ու գիտակցությունը:



Անգամ ունիկալ եւ ուժեղ երեւակայության դեպքում Սերժ Սարգսյանին դերվիշ բաբայի հանդերձներով պատկերացնելը մի տեսակ չի ստացվում, սակայն տարիներ շարունակ նա նմանատիպ աստառով հանդերձներ է պատրաստել հենց իր թիմակիցների համար, ովքեր «այո»-ի քուրքերի ու վեղարների տակ՝ բութ ու տձեւ հայացքներով, մտնում են ժողովրդի ծոցը, քրքրում են, պրպտում նրանց հոգիները, փորձում են դուրս քաշել իրենց իշխանության մասին այն համահավաք կարծիքներն ու եզրահանգումները, որոնք կարող են ճակատագրական լինել եւ խաչ քաշել վառ ապագայի վրա:



Հեռուստաշոուն դիտելուց հետո մեկ-մեկ զարմանում ես՝ լավ, ո՞նց հաջողվեց այս մարդուն եւ իր իշխանությանը՝ սեփական անձի «գերհմայքով» վարակել ու միավորել բազմաթիվ խաբեբաների ու դուրսպրծուկների, ո՞նց հաջողվեց միավորել նրան՝ վերածելով հավատարիմ առաքյալների եւ ուղարկել իր տեւականության, իր գահի շարունակության քարոզը սփռելու համար: Սա ոչ երկարատեւ, ոչ էլ կարճաժամկետ աշխատանքի արդյունք էր: Սերժ Սարգսյանին հաջողվել է աշակերտների մի այնպիսի բանակ հավաքագրել, որը նրա համար պատրաստ է պարզապես ամեն ինչի: «Այո»-ի եւ «ոչ»-ի հեռուստաշոուն, որ կոչված է պատկերահանելու, լուսաբանելու, ցուցադրելու ողջ գործընթացը, վերարտադրությունն է այս տարիների թոհուբոհի, այս տարիների կենսագրության ու պատճառահետեւանքային արդյունքի: Գիտնականների, ակադեմիկոսների, բացառիկ ինտելեկտուալների հայացքներով՝ Սերժ Սարգսյանի թիմակիցները, իրենք իրենց առողջությունն ու ուղեղի գալարները չխնայելով, կետառկետ սահմանադրական նոր բարեփոխումների ճկունությունը, արդարությունը, ճշմարտացիությունն են քարոզում:



Նրանք հավատացնում են, համոզում, զայրանում են, թե ինչպես մարդիկ չեն հասկանում, որ բարեփոխումներից հետո ամեն ինչ գոնե մինիմալ չափով իրենց օգտին կլինի...
Մարդը, որը գիտակցում է, որ կեղծում է, եւ շարունակում է կեղծել, արդյոք կարո՞ղ եք ասել, թե նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Կարծես՝ ոչ: Համենայնդեպս, ախտորոշման նման դեպքեր չեն գրանցվել: Մարդը գիտի, որ կեղծում է, եւ վերջ, քանզի չկեղծելու այլընտրանք չունի: Կեղծիքն իշխանության համար զուրկ է էթիկական եւ էսթետիկական արժեքայնությունից, այն վերջին ապահով տարածությունն է, ցատկահարթակը, որ ամրագրում է իր հերթական ժամանակաշրջանը՝ ինքն իրեն հեռացնելով մարդաբանությունից: Զարմանալի բանե՞ր: