Համակարգված ահաբեկչություն՝ բացարձակ անմեղսունակության ֆոնին

Համակարգված ահաբեկչություն՝ բացարձակ անմեղսունակության ֆոնին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտորդ Վարդինե Գրիգորյանը, որը հետեւել է սահմանադրական հանրաքվեի քվեարկությանը, այսօր «Մեդիա» կենտրոնում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ գիշերվա տվյալներով՝ արձանագրվել էր 941 ահազանգ, որից իրենք եզրակացրել են, որ խախտումները կրում են համակարգային բնույթ։



Իրավապաշտպան, նույն գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ոստիկանությունը բացարձակ անգործության էր մատնված կեղծիքների ու բռնաճնշումների դեմ պայքարի հարցում։ Նրանք, ըստ իրավապաշտպանի, անտեսել են թաղային հեղինակությունների ներգրավման փաստը եւ հարցրել՝ բա դիտորդներն ինչի՞ համար են։ «ՀՀ-ում տեղի էր ունենում համակարգված ահաբեկչություն եւ բացարձակ անմեղսունակություն՝ ԿԸՀ-ի եւ ոստիկանության կողմից»,-եզրակացնում է Արթուր Սաքունցը։



Իրավապաշտպանն ասաց, որ դիտորդների վրա եղել են ուժեղ ճնշումներ, նրանց ուղղակի սպառնացել են, որ իրենց հարազատներին կազատեն աշխատանքից։
Վարդինե Գրիգորյանի դիտարկմամբ՝ այն տեղամասերում, որտեղ չէին ստանում ակնկալված արդյունքները, հանձնաժողովի անդամների ու նախագահների առողջական վիճակը վատանում էր։ Ինչ վերաբերում է ԱՊՀ դիտորդական առաքելության գնահատականներին, ապա Արթուր Սաքունցն արձագանքեց. «ԱՊՀ դիտորդական առաքելությունը գտնվում է Սերժ Սարգսյանի վիրտուալ Հայաստանում, մենք՝ իրական Հայաստանում»։