ԱՄՆ դեսպանությունը հստակ ձեւակերպել է՝ հանրաքվեն լեգիտիմ չէ. Ստեփան Դանիելյան

ԱՄՆ դեսպանությունը հստակ ձեւակերպել է՝ հանրաքվեն լեգիտիմ չէ. Ստեփան Դանիելյան

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության արձագանքը ՀՀ-ում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի մասին չուշացավ։ Ամերիկյան կողմը հանդես է եկել հայտարարությամբ, որում գոհունակություն է հայտնում «ՀՀ ժողովրդին ու կառավարությանը բաց բանավեճից հետո դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի խաղաղ անցկացման կապակցությամբ»:



«Նոր սահմանադրությունից բխող կառավարման համակարգի փոփոխությունը զգալի է: Քաղաքական կուսակցությունների ու անկուսակցական դիտորդների արժանահավատ հաղորդումներն ընտրախախտումների վերաբերյալ, այնուամենայնիվ, մտահոգիչ են և պետք է լիարժեք հետաքննվեն՝ համոզելու հայ ժողովրդին, որ հանրաքվեի արդյունքները վստահելի են և լեգիտիմ: Մենք կոչ ենք անում ընտրական հանձնաժողովին և ՀՀ կառավարությանը կատարել ընտրախախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումների թափանցիկ քննություն», - նշված է հայտարարությունում: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարության մեջ նշել է նաեւ, որ՝ այդ հարցերին պետք է լուծում տալ հիմա, ինչպես նաև կառավարության և Ազգային ժողովի կողմից նոր ընտրական օրենսգրքի ձևավորման ընթացքում՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները՝ ապահովելու, որ հետագա ընտրությունները ՀՀ ժողովրդի կողմից համարվեն արժանահավատ, լեգիտիմ և ընկալվեն որպես իրենց իսկ կամքի իրական արտահայտում։



«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների նկատմամբ ցայժմ չեզոքություն պահպանած ԱՄՆ դեսպանությունը կառավարման համակարգի փոփոխությունը համարում զգալի։ «Թե Հայաստանում կառավարման ինչ մոդել կլինի՝ դա Հայաստանի գործն է, եւ ոչ մի երկիր իրեն թույլ չի տա կարծիք հայտնել, թե ինչպիսի մոդել պետք է ընտրի Հայաստանը։ Այսինքն՝ խոսքը միանշանակ սահմանադրության բովանդակության մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ հանրաքվեն լեգիտիմ չէ, որը հստակ կերպով ձեւակերպել է ԱՄՆ դեսպանությունը։ Հայտարարությունն այդ առումով բավականին անսպասելի էր եւ միանշանակ ասում է՝ կառավարությունը պետք է համոզի ժողովրդին, որ այդ հանրաքվեի արդյունքները համապատասխանում են իրականությանը։ Իսկ եթե չեն համապատասխանում, ապա իշխանության եւ ժողովրդի միջեւ կա լուրջ անջրպետ։ Այսինքն՝ սա բավականին լուրջ հայտարարություն է»,- ասում է Ստեփան Դանիելյանը։



Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ եվրոպացի դիտորդների հայտարարությունների հետ այս հայտարարությունն ունի զուգահեռներ, քանի որ նշվում է բազմաթիվ խախտումների մասին։ Ինչ վերաբերում է այս հայտարարությունը քաղաքական հարթություն տեղափոխելուն, ապա, ըստ մեր զրուցակցի, այստեղ կարող է բացվել քննարկումների հետաքրքիր դաշտ։