Պաշտոնանկությունների ալիքը կշրջանցի՞ «անփոխարինելի» մարզպետին

Պաշտոնանկությունների ալիքը կշրջանցի՞ «անփոխարինելի» մարզպետին

Հունվարի կեսերին կարող են փոփոխություններ տեղի ունենալ կառավարության կազմում: Այդ մասին տարեվերջին հայտաարեց նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Իրենց պաշտոններին ըստ իշխանական աղբյուրների՝ հրաժեշտ կտան մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, կփոխվեն նաեւ մի քանի մարզպետներ, որոնց թվում է ամենատարեցը՝ Արմավիրի թոշակառու մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, որի երկարակեցության գաղտնիքը ոչ այնքան հայրենիքին մատուցած ծառայություններն են, այլ մարզում հավասարակշռությունը պահելու նպատակը:



Արմավիրում Գեներալ Մանվել Գրիգորյանի դինաստիայի մենշխությունը խզվում է միայն Ղահրամանյանի առկայությամբ, տեւական ժամանակ լուրեր կան, որ Գեներալն ուզում է Էջմիածնի քաղաքապետ որդուն՝ Կարեն Գրիգորյանին մարզպետ դարձնել, այս հեռանկարը ահուսարսափի մեջ է պահում մարզի համայնքապետերին, որոնք անցած տարի ըստ մամուլի հրապարակումների՝ նույնիսկ նամակ հղեցին Սերժ Սարգսյանին՝ խնդրելով թույլ չտալ, որ մարզն ամբողջությամբ անցնի Գրիգորյաններին: Ինչեւէ, հիմա ՀՅԴ-ՀՀԿ պայմանավորվածությունների եւ ապագա կոալիցիայի շրջանակներում կարող է լուծում տրվել հարցին, այդպիսով եւ «գայլերը կուշտ կմնան» եւ գեներալը՝ չնեղացած:



Իր պաշտոնանկության լուրերի մասին Աշոտ Ղահրամանյանը մեզ հետ զրույցում անվրդով պատասխանեց.«Ես չգիտեմ ինչ փոփոխություններ են սպասվում, ում հետ ինչ է սպասվում, բայց բազմիցս եմ ասել պաշտոնը ինձ համար ժառանգություն չէ, ինչպես կորոշեն, թող այնպես էլ լինի»,- ասաց նա: Իր «անփոխարինելիության» գաղտնիքի մասին պարզաբանման հարցում մարզպետ Ղահրամանյանն ուղղորդեց իրեն նշանակողների եւ այդ պաշտոնում պահողների կողմը: Հնարավո՞ր է՝ այս անգամ էլ Դուք անփոխարինելի մնաք: «Այդ մասին ինձ նշանակողներին հացրեք»,- անվրդով խորհուրդ տվեց մարզպետը: