Թվացյալ ճամփաբաժանի մոտ

Թվացյալ ճամփաբաժանի մոտ

Շատ է խոսվում այն մասին, որ ՀՅԴ-ն, հայտարարելով ՀՀԿ-ի հետ համագործակցության սկզբունքային համաձայնության մասին, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ մեկ հիմնական նպատակ է հետապնդում՝ ապահովել տեղն ԱԺ-ում, որովհետեւ առանց այդ համագործակցության ՀՅԴ-ն չէր կարող հաղթահարել անցողիկ շեմը: Ինչպես ասում են` կարծիք է, որ գոյության իրավունք ունի: Իսկ մենք էլ կարծում ենք, որ ՀՅԴ-ի նպատակների հարցում սխալ է այսպես պարզունակ եւ միագիծ մտածելը: 



ԱԺ-ում խմբակցություն կամ մարդ ունենալու գերնպատակ իր առջեւ կդներ, թերեւս, ծրագիր, լուրջ նպատակներ, կառույց, մարդուժ չունեցող, մեկ գրասենյակի տարածքով սահմանափակված կամ թղթի մեկ էջի վրա գրանցված քաղաքական կազմակերպությունը, բայց ոչ երբեք համաշխարհային կառույց, Հայաստանում եւ Արցախում լուրջ ներկայություն ունեցող ուժը: Ուստի ավելի ճիշտ կլիներ Դաշնակցության մասին ինչ-ինչ գնահատականներ հնչեցնելուց առաջ նաեւ վերոնշյալ հանգամանքը հաշվի առնել եւ չասել բաներ, որ հետո ծիծաղելի վիճակների մեջ ընկնեն: Եվ էլի մեկ բան, որ հուշում է, որ ՀՅԴ-ի համար ԱԺ-ում լինել-չլինելը չի կարող գերխնդիր ու գերնպատակ համարվել: Ոչ մի նորմալ քաղաքական ուժ իր 16 հոգանոց խմբակցությունը չէր զոհի, չէր գնա ընդդիմություն, եթե մանդատը համարեր նպատակների նպատակը եւ վախենար այն կորցնել:



Այսուհանդերձ, մի պահ ենթադրենք, որ ամեն ինչ հենց այնպես է, ինչպես ասում են ՀՅԴ-ի ընդդիմախոսները, այսինքն՝ ՀՅԴ-ն գնում է ՀՀԿ-ի հետ համագործակցության, որպեսզի ձեռք բերի լծակներ եւ հաղթահարի 5 տոկոսի անցողիկ շեմը: Առաջ չանցնելով ասեմ, որ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ կրավորական մտածողության արգասիք: Այլապես ինչո՞ւ են ընդդիմադիր ուժերի ճակատագրով մտահոգ քննադատները հատուկ ընդգծում, որ Հայաստանում ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ չի կարող հաղթահարել 5 տոկոսի արգելքը, եթե չհամագործակցի ՀՀԿ-ի հետ: Ես առաջարկ ունեմ ՀՅԴ-ի ընդդիմախոսներին` հարգելիներս, իսկ հիմա նույն ազնվությամբ մատնանշեք, խնդրեմ, այն ընդդիմադիր ուժը, որը «հեսա տեսեք ինչ է անելու 2017 թվականին»: Չի՞ ստացվում… ՀՅԴ-ն մեղք չունի, չէ՞, որ այսօր հրապարակում որեւէ լուրջ ընդդիմադիր քաղաքական կազմակերպություն չկա, իսկ այն, ինչ կար մինչեւ ՀՅԴ-ի ընդդիմություն դառնալը, սեփական ամբիցիաների պատճառով վերածվեց գյուղի մեծուփոքր կլուբների: Ոչ մեկը չի կարող ասել, որ ՀՅԴ-ն եղել է անծրագիր ընդդիմություն: Ոչ ոք չի կարող այնքան անամոթ գտնվել, որ հայտարարի, թե ընդդիմության դաշտում ՀՅԴ-ն չի փորձել միավորել ուժերը, ոչ ոք չի կարող պարծենալ, որ, ՀՅԴ-ի նախանշած պայքարի ուղուց շեղվելով, ինքը լավ տեղ է հասել կամ բարելավել է դիրքերն ու մեծացրել ընտրազանգվածը: Միեւնույն ժամանակ նաեւ ոչ ոք չի կարող ասել, որ իր ընդդիմադիր գործընկերներին ՀՅԴ-ն մի բան ասել, մեկ այլ բան է արել: Հակառակը շատ է եղել: Այսօր քիչ չեն այն ուժերը, որոնք, լինելով 100 տոկոսանոց համամասնական ընտրությունների կողմնակից, խորհրդարանական կառավարման համակարգի ջատագով, իրենց գաղափարները կերան մի կտոր չոր հացով, ինչ է թե հարթակներից գոռան՝ «Սերժիկ հեռացիր», «որ մենք` հերոս», «100-ամյակն առանց ռեժիմի», «այս սահմանադրությունը վերարտադրության համար է» ու էլի լիքը հիմարություններ: Հավատացեք` այս ամենը վկայեց միայն այն մասին, որ համակարգային փոփոխությունների եւ իշխանափոխության տանող քայլերի մասին երազողները, բացառյալ Դաշնակցության, ոչ ադեկվատ գտնվեցին հանրաքվեի հարցում: Ճի՞շտ էր, արդյոք, ինչ է թե իշխանությունն էր կազմակերպել, «ոչ» ասել մի գործընթացի, որ քո տասնամյակների քարոզչության առանցքն է կազմել: Կարո՞ղ էին, օրինակ, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը կամ «Ժառանգությունն» իրենց ամենագունավոր երազում անգամ տեսնել, որ մի օր թղթի վրա գրված` օրենքով, 100 տոկոսանոց համամասնական ընտրություններ կունենան, կարո՞ղ էին ենթադրել, որ մի օր կոալիցիա ասվածը Հայաստանում կեղծ չի լինի, որ մի գեղեցիկ օր Հայաստանում եւս օրենսդիր մարմինը կդադարի պարել կառավարության դուդուկի տակ, որ վերջապես նաեւ Հայաստանի համար զարգացման հնարավորություններ կստեղծվեն:



Եթե որեւէ մեկն այսքանից հետո Դաշնակցությանը տեսնում է այս ընդդիմադիր դաշտում եւ կարող է ցույց տալ այն ընդդիմադիր ուժը, որի հետ ՀՅԴ-ն կկարողանար առաջ տանել իր 7 կետերն ու իրագործեր դրանք ամբողջությամբ, կարող է դա անել անմիջապես, եւ գուցե ՀՅԴ-ն դեռ մտածի, թե որն է ավելի ճիշտ` մնալ ընդդիմության մեջ եւ այդ կարգավիճակո՞ւմ պայքարել, թե՞ համագործակցել իշխանության հետ եւ այդկերպ իրագործել ապագային միտված ծրագրերը:



Հանկարծ այնպիսի տպավորություն չստեղծվի, թե ՀՅԴ-ն ընդդիմության շարքերը լքում է դուռը շրխկացնելով: Դաշնակցությունը միշտ էլ պատրաստ է համագործակցության բոլոր այն ուժերի եւ անհատների հետ, ովքեր խոսելուց զատ նաեւ գործել գիտեն, պատրաստ են մեր երկրի, մեր պետականության մեկը երկու դարձնել, մեր ճանապարհին հանդիպող անդունդների վրա կամուրջ դառնալ, թեւ ու թիկունք լինել: Ընդդիմադիր դաշտում սա լավ գիտեն բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր այս օրերին փորձ են անում Դաշնակցության հետեւից շրխկացնել դուռը: Այս վերջինները հատկապես պետք է իմանան, որ քաղաքականության մեջ դուռ շրխկացնելն ամենեւին էլ խելքի ավելցուկի նշան չէ, մանավանդ, երբ հայտնի չէ, թե դրանից հետո վրան «ընդդիմություն» գրված փակ սենյակում ինչով են զբաղվելու:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
ՀՅԴ անդամ