Ժամկետանց ապրանքը հայտնաբերվել է «Շահինանս» խանութում

Ժամկետանց ապրանքը հայտնաբերվել է «Շահինանս» խանութում

Սննդի տեսչության ձերբակալված աշխատողների գործն առնչվում է Մաշտոցի 40 հասցեում գտնվող «Շահինանս» խանութին։ Այն պողոտայի նախկին «փոսի կամիսիոնից» քիչ ներքև է գտնվում։ Արևելյան ոճի ճոխ վաճառասեղաններին ընկուզեղենի և չրեղենի հարուստ տեսականի էր ցուցադրված, բավականին բարձր գներով։ Այսօր խանութը, որի տերերը, լուրերի համաձայն, իրանցիներ են, փակ էր, վաճառասեղանները հավաքված, լույսերը մարած։ «Խանութում հաշվառում է, այդ պատճառով փակել են» , - ասացին «Շահինանս»-ի աշխատողները։ Երբ է բացվելու «Շահինանսը», նրանք դժվարացան ասել։



Հիշեցնենք, որ երեկ, փետրվարի 4-ին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալված են սննդի տեսչության երկու աշխատակիցներ։ Նրանք, ըստ տարածված տեղեկությունների, ժամկետանց սնունդ են հայտնաբերել խանութում, և այս փաստի վրա աչք փակելու դիմաց 200 հազար դրամ կաշառք են պահանջել։



Երեկ ինֆորմացիա եղավ, որ ձերբակալվածների թվում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կնոջ եղբայրը, որը բաժնի պետ էր աշխատում սննդի տեսչությունում։ Այսօր մեր աղբյուրների միջոցով պարզեցինք, որ խոսքը Արմեն Թ-ի մասին է, որը համակարգում աշխատում է 2013 թվականից, իսկ 2014-ին, երբ տեսչության պետ է նշանակվել Հայաստանում «Սամսունգ» ցանցի սեփականատեր Արմեն Հայրապետյանը, նշանակվել է Երևանի բաժիններից մեկի պետ։ Նա փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կնոջ եղբայրը չէ, սակայն ազգակցական կապ ունի վերջինիս հետ։ Ասում են, Վաչե Գաբրիելյանն առանձնապես չի զբաղվել իր կնոջ ազգականի կարիերայի հարցերով, իսկ Արմեն Թ-ի ազգակցական այս ազդեցիկ կապի մասին հայտնի է դարձել միայն նրա ձերբակալությունից հետո։ Սպասվում է, որ հիմա, համենայն դեպս, կապն այս դրական դեր է խաղալու նրա ազատման հարցում։ Եղելությունը փորձեցինք պարզել, համադրելով պաշտոնական և լրագրողական հավաստի աղբյուրները։



Հունվարի 4-ի երեկոյան ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը փոքր ինչ լույս սփռեց քրեական այս պատմության վրա։ Ըստ տարածված հաղորդագրության, մի քաղաքացի փետրվարի 3-ին ոստիկանությանը հայտարարություն է տվել, որ գյուղնախարարության սննդի անվտանգության ծառայության աշխատակիցները կաշառք են պահանջել։ Մեր տվյալներով, քաղաքացու հայտարարությունը եղել է փետրվարին, իսկ հայտարարության մեջ նշված է, որ տեսչության աշխատակիցները, իբր կաշառք են պահանջել հունվարին՝ 200 հազար դրամի չափով։ Հարց է ծագում, ինչո՞ւ քաղաքացին չի հայտնել կաշառքի մասին այն ժամանակ, երբ պահանջը ներկայացվել է։ Բանն այն է, որ հայտարարությունն այս տրվել է ցուցմունքի կարգով, ընթացքող հետաքննության շրջանակներում։



Մեր տեղեկություններով, սննդի տեսչությունը հունվարին տեղեկություն է ստացել իրավապահ մարմնից այն մասին, որ «Շահինաս» խանութում ժամկետանց սնունդ է վաճառվում։ Տեսչության երկու աշխատակիցները՝ բաժնի պետ Արմեն Թ-ն ու նրա ենթակա Հ-ն անձամբ են իրացրել տեղեկությունը։ Նրանք դիտարկում են կատարել «Շահինանս» խանութում և այնտեղ ժամկետանց տեսականի են հայտնաբերել։ «Այդ խանութում շատ բարձր գներ են, չեն կարողացել ապրանքը վաճառել, ժամկետն անցել է, պիտակները փոխել, շարունակել են վաճառք իրականացնել», - ասում է մեր աղբյուրը։ Ոստիկանության 6-րդ վարչությունում նյութեր են նախապատրաստվել։ Խանութի աշխատողները իրենց բացատրության մեջ հայտնել են, որ կաշառք են տվել տեսչության աշխատողներին։



Տեղեկությունն այս գրավոր հայտարարության տեսք է ստացել և գործը փոխանցվել է քննչական կոմիտե։ «Նկատի ունենալով, որ քաղաքացու հաղորդումն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ, /կաշառք ստանալը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ/, որի ուղղությամբ անհրաժեշտ է կատարել քննություն՝ նույն օրը Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, 2 անձ ձերբակալվել է», - հայտնում է քննչական կոմիտեն։



Նախաքննության ընթացքում կպարզվի ճշմարտությունը։ Գուցե և փոխվարչապետի հովանավորությունն իրոք դեր խաղա, և Արմեն Թին և նրա ենթակային ազատ արձակեն։ Համաձայնենք սակայն, որ առնվազն ապուշ պետք է լինի նա, ով իմանալով, որ տվյալ օբյեկտով զբաղվում է 6-րդ վարչությունը, կաշառք վերցնի այս օբյեկտի տերերից։ Տվյալներ կան, որ տեսչության աշխատողներն այնուամենայնիվ ունեն իրենց մեղքի բաժինը՝ նրանք իրենց գործողությունները չեն համաձայնեցրել իրավապահների հետ և եթե անգամ ազատ արձակվեն, անշուշտ, ազատվելու են աշխատանքից։



Հ․ Գ․ Ընկուզեղենի և չրեղենի երբեմնի ճոխ խանութում հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին։ Տեղի ունեցած ձերբակալությունների մասին աշխատողները հրաժարվեցին խոսել։ Ասացին, որ տեղյակ չեն ոչնչից և լիազորված չեն լրագրողների հարցերին պատասխանելու։ Ծառայության աշխատակիցները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, նշում են, որ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում:



Սյուզան Սիմոնյան