Հանրաքվեի խախտումների մասին նախկին ՄԻՊ զեկույցը վիժեցվեց

Հանրաքվեի խախտումների մասին նախկին ՄԻՊ զեկույցը վիժեցվեց

Դեկտեմբերի 10-ին նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը նամակ էր հղել պատասխանատու մարմիններին սահմանադրական հանրաքվեի օրը գրասենյակի կողմից ստացված ահազանգերի վերաբերյալ։ Գրասենյակի աշխատողներն ընտրախախտումների 67 դեպքի մասին են տեղեկացրել, որոնց թվում էին քվեատուփերի լցոնումներ, ձայների հաշվարկի խախտումներ, հանձնաժողովի անդամների կաշառակերության, կրկնաքվեարկությունների եւ բազմակի քվեարկությունների, ընտրական գործընթացին անհարկի միջամտությունների դեպքեր եւ այլն։ Նյութերի մեծ մասին կցված են եղել տեսաժապավեններ, որոնք ապացուցում էին կատարված խախտումները։ Այս տեղեկությունը հրապարակվել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ զեկույցում։ Կարեն Անդրեասյանը չի բարձրաձայնել այս մասին։ Նա պատրաստվում էր ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ հատուկ զեկույցով հանդես գալ, որն այդպես էլ չպատրաստեց, եւ այժմ այս զեկույցի ճակատագիրն անորոշ է։ Ի՞նչ է լինելու հավաքված նյութերի հետ։ Հարցն ուղղեցինք ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանին։ «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ մասնակցություն չեմ ունեցել զեկույցի պատրաստմանը»,- ասաց նա։ Բայց չէ՞ որ Ձեր գրասենյակն է աշխատել։ Հիմա ի՞նչ, այդ աշխատանքը ջո՞ւրն ընկավ։



«Ես ոչինչ չգիտեմ, չեմ կարող ասել»,- պնդում էր Արեյանը։ Նա նույնիսկ չգիտեր, թե որ փուլում է զեկույցի պատրաստումը, եւ գոնե հաջորդ օմբուդսմենի օրոք այն կհրապարակվի՞, թե՞ ոչ։ Իրավապաշտպան շրջանակներում համոզմունք է հասունանում, որ Կարեն Անդրեասյանի հրաժարականի ժամկետը պատահական չէր ընտրված։ Ամեն ինչ արվեց, որ հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների մասին զեկույց չհրապարակվի, որ այս թեմային անդրադարձ չլինի։ Չի բացառվում, որ հաջորդ ՄԻՊ-ն ուղղակի չանդրադառնա Կարեն Անդրեասյանի աշխատողների հավաքած փաստերին, վիժեցնելով կատարված աշխատանքը, մոռանալով, որ ՄԻՊ գրասենյակի աշխատողները ֆինանսավորվել են ՀՀ քաղաքացիների գրպանից։