Ժամանակն է Փելեշյանին դեմ, այլ ոչ թե Փելեշյանն է դեմ ժամանակին

Ժամանակն է Փելեշյանին դեմ, այլ ոչ թե Փելեշյանն է դեմ ժամանակին

Նախօրեին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանդիսությունների սրահում տեղի ունեցան կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսն ու մաեստրոյի մասին պատմող «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմում ռեժիսորի մասին խոսում են փորձառական վավերագրական ֆիլմերի ամերիկացի կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոն, գերմանացի հայտնի կինոգետ Հանս-Յոահիմ Շլեգելը, ռուսաստանյան կինոաշխարհի հեղինակություններ Միխայիլ Շվիդկոյը, Սերգեյ Միրոշնիչենկոն, Փելեշյանի մտերիմները` նկարիչ Հակոբ Հակոբյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը եւ պարզապես նրանք, ովքեր առնչվել են նրա ստեղծագործությանը: Ֆիլմում տարբեր տարիների դոկումենտալ կադրեր են, որոնց շարքում առանձնահատուկ է մի դրվագ, որտեղ Փելեշյանը խոսում է իր ամենամոտ ընկերոջ՝ Սերգեյ Փարաջանովի մասին՝ պատմելով, որ դեռ Փարաջանովի կենդանության օրոք իրար խոսք են տվել երբեք չխոսել միմյանց մասին, ու ինքն ահա ինչքան ժամանակ է՝ հավատարիմ է իրենց երդմանը։



Ինչ վերաբերում է «Դրոշմման ժամանակը» գրքին, ապա այն լույս է տեսել մշակույթի նախարարության եւ «Լույս» հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Այս երկհատորյակը՝ 1974-ին տպագրված Փելեշյանի «Տարածական մոնտաժ» եւ 1988-ին տպագրված «Իմ կինոն» գրքերի կողքին, վարպետի վերջին գիրքն է, որում տեղ գտած նյութերն առանձնահատուկ կերպով է ընտրել։ «Դրոշմման ժամանակը» երկհատորյակն ամփոփում է Փելեշյանի մասին գրված լավագույն հոդվածներն ու հոդվածագիրներին՝ տարբեր աշխարհագրությամբ եւ տարբեր մասնագիտությամբ:



Վարպետի հետ հանդիպմանը ներկա էր թե մշակույթի նախարարը, թե Երեւանի մշակութային խավը, թե լրագրողներ եւ ուսանողներ, որոնց բոլորի հետ Փելեշյանը շփվում էր իրեն հատուկ զսպվածությամբ։ Բեմից արդեն կինոգետ Դավիթ Մուրադյանը նկատեց, որ այնքան էլ չի հավատում գրքի վերնագրին, որովհետեւ Փելեշյանի կինոն ավելին է, քան դրոշմված ժամանակը։ «Բառը եւ Փելեշյանի կինոն այնքան էլ չեն համատեղվում իրար հետ։ Փելեշյանը բառերը վտարել է իր կինոյից, որովհետեւ չի վստահում»,-ասում է Մուրադյանն ու ընդգծում, որ Փելեշյանը կյանքի դրամատիզմի ռեժիսորն է, կինոսիմֆոնիստ, իսկ նրա ֆիլմերն էլ՝ կինոսիմֆոնիաներ. «Պատկերացրեք, եթե 70-ական թվերին Փելեշյանի «Մենքը» հանկարծ տեքստ ունենար՝ այդ ժամանակի թելադրանքներով։ Ի՞նչ էր լինելու հիմա այդ ֆիլմի հետ...։ Դա համարձակություն էր, ստեղծագործական մեծ համարձակություն եւ ազնվություն՝ վերադարձնել կինոն իր նախնական վիճակին»։ 



Խոսելով Փելեշյանի գրքի մասին՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էլ նշեց, որ այս գիրքը մեզ բերում է սթափության մի նոր չափանիշ, այն արտակարգ արժեք է եւ իր ծավալով դեռ շատ կբացվի. «Այս 2 գրքերի լույս տեսնելը լուրջ իրադարձություն է Հայաստանի մշակութային կյանքում։ Փելեշյանը ներկայանում է իր ամբողջ հետագծով, որ տարիների ընթացքում գոյացել է իր արվեստի ու նաեւ իր անձի շուրջը։ Իմ կարծիքով, այս գրքում ամփոփված է մշակութային վերջին տասնամյակների իրադարձությունների կիզակետը, հատկապես կինոյի բնագավառում, մեր կինոյի անցած հսկայական ուղին ու ձեռքբերումը»։



Երեկոյի ընթացքում ինքը՝ Փելեշյանը, խոսելով գրքի մասին, նշեց, որ ավելի լավ կլիներ տպավորման ժամանակը լիներ, բայց կարծում է, որ ավելի հասարակ բառ կա, եւ ճիշտ կլիներ ուղղակի ասել՝ գրանցման ժամանակը։ «Ի՞նչ նկատի ունեմ, պիտի հեռվից գամ. կինոն եղել է բոլոր արվեստներից առաջ, բայց տեխնիկապես նա հայտնվել է բոլոր արվեստներից հետո։ Ամբողջ աշխարհում օգտագործվում է մի միտք, որ կինոն դա դրոշմված՝ գրանցված ժամանակն է, իսկ ես համարում եմ, որ ժամանակը չի գրանցվում, չի դրոշմվում, այլ կա ժամանակ, որում մենք գրանցում ենք ինչ-որ բան՝ ժապավենի վրա։ Այդ ժամանակի մասին է իմ խոսքը, իսկ ժամանակը երբեք չի գրանցվում ժապավենի վրա։ Կինոն հիշողություն է ժամանակի համար։ Հայերեն լավ խոսք կա, ասում են՝ գնում եմ նկարահանման, ի՞նչ է նշանակում նկարահանման, օրինակ՝ գլխարկս հանեցի, ի՞նչը հանեցի՝ գլխարկս, որտեղի՞ց հանեցիր՝ գլխիցս, կինոյում՝ նկարահանեցի, ի՞նչը հանեցիր՝ նկարը, որտեղի՞ց՝ ժամանակի ձեռքից, ուրիշ տարբերակ չկա՝ միայն ժամանակի ձեռքում է։ Տոնինո Գուերան մի անգամ ինձ պատմեց Անտոնիոնիի մասին հետեւյալ բանը՝ Անտոնիոնին մեքենայով գնալուց է եղել Միջին Ասիայում, 2 ծերունի մարդ է եղել ավտոբուսի մեջ, երբ կանգնել է ավտոբուսը, Անտոնիոնին իջնելուց նրանց անմիջապես նկարել է ու նկարը տվել նրանցից մեկին։ Ծերունին նայել է նկարին ու ասել՝ ինչո՞ւ ժամանակը կանգնացրիր։ Անտոնիոնին շատ է զարմացել այդ դիպուկ խոսքի վրա։ Իսկ ինձ թվում է՝ ավելի ճիշտ կլիներ, որ ծերունին ասեր՝ ինչո՞ւ կանգնացրիր իմ շարժումը եւ իմ պատկերը հանեցիր ժամանակի ձեռքից։ Սա է, կինոն դեմ է ժամանակին։ Օրինակ՝ Տոլստոյը, երբ առաջին անգամ նայել է կինոն, վախից լեղաճաք է եղել, ասել է՝ այ մարդ, էս ի՞նչ հրեշավոր բան է, էս ի՞նչ ստվերներ են պատի վրա շարժվում։ Վախեցել է իրոք կինոյից»,-ասում է Փելեշյանը։



Ռեժիսորը բեմից հիշում է նաեւ, որ ֆրանսիական թերթերից մեկը ժամանակին մի հոդված էր գրել իր մասին՝ դրական բովանդակությամբ, բայց կարծում է, որ ոչ ճիշտ վերնագիր էր դրվել. «Փելեշյանը՝ ընդդեմ ժամանակին եւ բառին», ինչը, ըստ նրա, ավելի քան սխալ է. «Փելեշյանը շատ փոքր մարդ է, որ դեմ լինի այդ հրեշավոր, հզոր ժամանակին։ Ես չեմ կարող դեմ լինել, ժամանակն է Փելեշյանին դեմ, այլ ոչ թե Փելեշյանն է դեմ ժամանակին։ Ինչ վերաբերում է խոսքին ու բառին, նույնպես դեմ չեմ։ Կան հրաշալի ֆիլմեր՝ բառերով արված, վերջերս ես տեսել եմ Ռուբեն Գեւորգյանցի Տոնինո Գուերայի մասին ֆիլմը, որն արված է բառերի հիման վրա, որտեղ պատկերը շարունակում է խոսքը, եւ խոսքը շարունակում է պատկերին, հետեւաբար, ես դեմ չեմ բառերին, ես քիչ եմ օգտագործում բառեր՝ նորից ժամանակի պատճառով, խնայելով ժամանակը հանդիսատեսի համար։ Օրինակ՝ եթե մի 5 նախադասություն ես ուզում բառերով ասես, ստիպված ես այդ 5 նախադասության տեւողության ժամանակով պատկերներ ապահովել էկրանի վրա։ Դա ինձ համար անընդունելի է։ Ես ուզում եմ խնայեմ ժամանակը հանդիսատեսի համար։ Կարեւորը նկարահանման պահն է, այլ ոչ թե ժամանակը, որ գրանցվել է էկրանին։ Ժամանակը շատ հզոր բան է, բայցեւայնպես, կինոն էլ է իր հնարավորություններով շատ հզոր։ Ամեն ինչն է վախենում ժամանակից, բայց այդ հզոր ժամանակն էլ իր հերթին վախենում է հզոր կինոյից»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ