Ազատամարտիկ կինն ապրելու տեղ չունի

Ազատամարտիկ կինն ապրելու տեղ չունի

Արցախյան ազատամարտիկ Արեւիկ Հակոբյանը հայտնվել է փողոցում: Երիտասարդ տարիներն ու առողջությունը գոյամարտում կորցրած ազատամարտիկն արդեն մի քանի օր է՝ իր համեստ ապրուստով հանդերձ, բնակություն է հաստատել Արմավիրի կենտրոնական զբոսայգում: Արմավիր է տեղափոխվել Երասխահունից՝ 18 տարի առաջ: 90-ականներին, երբ գյուղաբնակ նրա ընտանիքն իմացել է, որ Արեւիկը կամավորագրվել է Արցախ մեկնելու, մեկընդմիշտ հրաժարվել է նրանից: Մեզ ծառայած աղջիկ պետք չէ՝ ասել են տնեցիները: «Ամաչում ենք քո համար, մեր տները չգաս-չգնաս»,-չսպիացած վիրավորանքը հիշելով՝ ասաց 56-ամյա կինը:



Հարազատներից ու բարեկամներից մերժված ազատամարտիկը, հայտնվելով դրսում, փորձել է կյանքը սկսել նորից, բայց միայնակ եւ ինքնուրույն: Ծննդավայրից՝ Երասխահունից, տեղափոխվել է Արմավիր եւ ապրել վարձակալած բնակարանում: Հետագայում հավաքարարի աշխատանք է գտել եւ 55 հազար դրամ աշխատավարձով ավլել քաղաքի փողոցները: Օրեր առաջ, երբ բնակարանի վարձատուն նրան տնից դուրս է հրավիրել, Արեւիկը հերթական անգամ հայտնվել է բաց երկնքի տակ:



Մնալով անտուն, ստիպված՝ իր կահ-կարասին հավաքել ու տեղափոխվել է մարզպետարանի ու քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող այգի: «Ոչ գնալու տեղ ունեմ, ոչ էլ փող, որ տուն վարձակալեմ: Ստացածս աշխատավարձը հերիքում է միայն դեղերին ու հացին: Սրտի ու երիկամների խնդիր ունեմ. եթե դեղեր չխմեմ, երկար չեմ ձգի»,-ասաց ու ավելացրեց, որ իր ուզածն ընդամենը մի «դոմիկ» է, ինչը քաղաքապետարանը հրաժարվում է տալ:



Արմավիրի փոխքաղաքապետ Խաչատուր Մկրտչյանին էլ զարմացրել է Արեւիկ Հակոբյանի ոչ «կոմպրոմիսային» տեսակը: «Առաջարկել ենք, որ տեղափոխվի «Բարեկարգում» տնօրինության բազային մաս, որի սենյակներն ազատ են: Ճիշտ է՝ բարեկարգման խնդիրներ կան, բայց դա լուծելի հարց է: Մենք իրեն ասել ենք՝ արի նստի՝ ընթացքում կվերանորոգենք, բայց ինքը չի համաձայնում»,-ներկայացրեց փոխքաղաքապետը:



«Ո՞նց կհամաձայնեմ, եթե ոչ առաստաղ ունի, ոչ դուռ ու լուսամուտ, ոչ էլ հարեւաններ: Ամայի, անմարդաբնակ մի տեղ են առաջարկում, որտեղ, մկներից ու առնետներից բացի, ոչ ոք չկա: Մի հարեւան էլ չկա, որ պետք եղած դեպքում դիմես իրեն»,-փոխքաղաքապետի առաջարկը չընդունելն այսպես հիմնավորեց նախկին ազատամարտիկը:



Տեղական իշխանության կողմից, սակայն, սա միակ առաջարկը չէ Արեւիկին: Խաչատուր Մկրտչյանի ասելով՝ նրան առաջարկել են, որ բնակարան վարձակալի, որի 3-4 ամսվա վարձն իրենք կփոխանցեն: Բայց Արեւիկը դրան էլ չի համաձայնել: «Ես իրենց չեմ հավատում, որովհետեւ գիտեմ, որ ամեն ինչ անում են ինձ այստեղից մաքրելու համար: Հետո էլ՝ ես այլեւս վարձով ապրել չեմ կարող, դրա համար փող չունեմ: Ասենք՝ մի երկու ամսվա վարձն իրենք տվեցին, բա հետո ո՞նց եմ անելու»:



Որպեսզի նախկին ազատամարտիկը բնակարան վարձակալելու հնարավորություն ունենա, քաղաքապետարանում պատրաստ են հավաքարարի երկրորդ հաստիքը տալ նրան: Սակայն առողջական լուրջ խնդիրներ ունեցող ազատամարտիկի համար շուրջօրյա ծանր աշխատանքը կյանքի գին կարժենա: «Մի դոմիկն ի՞նչ է, որ չեն կամենում»:



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ