Եթե մենք Գանձակն էլ չենք ուզում, ապա դա արդեն փոխզիջում է. Ռազմիկ Պետրոսյան

Եթե մենք Գանձակն էլ չենք ուզում, ապա դա արդեն փոխզիջում է. Ռազմիկ Պետրոսյան

«Ազատամարտիկների դաշինքի» ներկայացուցիչներն անցած մեկ ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում էին։ Դատելով սոցիալական ցանցերում տարածած նրանց նկարներից՝ իրենք պատրաստ են եւ՛ պատերազմի, եւ՛ խաղաղության, պատերազմից չեն ընկրկում, խաղաղ բանակցություններն էլ պատկերացնում են՝ ապավինելով հակառակորդի ողջամտությանը։ Բոլոր դեպքերում Լեռնային Ղարաբաղում կյանքը նրանց համար ընթացել է նույն հունով, եւ կարծում են, որ ավելի շատ տագնապած են ԼՂ-ից հեռու գտնվողները, քան՝ այնտեղի բնակիչները։



«Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը անցած մեկ ամսվա ընթացքում եղել է Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններում, հետո մի քանի օրով վերադարձել է Հայաստան, եւ հիմա պատրաստվում է կրկին մեկնել այնտեղ։ «Ամեն ինչ նորմալ է, մեր բանակը տիրապետում է իրավիճակին։ Թե՛ մարտավարական, թե՛ հոգեբանական առումով մենք միշտ պատրաստ ենք հակառակորդի գործողություններին»,- ասաց մեր զրուցակիցը։



Ռազմիկ Պետրոսյանն անցած մեկ ամսվա ընթացքում նկատել է, որ կողք կողքի են հայտնվել ինչպես երիտասարդ նորակոչիկները, կամավորները, այնպես էլ պատերազմ տեսած, ռազմական փորձառություն ունեցող ավագ սերնդի ազատամարտիկները։
Ռազմիկ Պետրոսյանը նշում է, որ Ադրբեջանի հետ կարող են նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ, եթե իրավիճակը դա պահանջի։ Միաժամանակ նա նշեց, որ իրենք մազոխիստ չեն, որպեսզի թողնեն Ադրբեջանին ռազմական գործողությունների միջոցով տիրանալու Լեռնային Ղարաբաղին։ Իսկ ինչպե՞ս են պատկերացնում բանակցությունների ժամանակ փոխզիջումը Ադրբեջանի հետ։
«Եթե մենք Գանձակն էլ չենք ուզում, ապա դա արդեն փոխզիջում է»,- ասաց մեր զրուցակիցը։



Թագուհի Հակոբյան